Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ գաղափար «չմերժենք»

Հունիս 06,2020 10:00

1990-ականներին, երբ «իզմերը» դեռեւս վերջնականապես մերժված չէին, ինձ համար գոյություն ունեին երեք հիմնական գաղափարախոսություններ՝ կոմունիստական, որի հիմքում էր սոցիալական ուտոպիան, դաշնակցական, որը խարսխված է ազգային երազանքների վրա, եւ ՀՀՇ-ականը, որը փորձում էր կյանքի կոչել այդ ժամանակվա «թրենդային» գաղափարները: Ընթերցողներից շատերը, որոնք ապրել են այդ ժամանակներում, իհարկե, կասեն, որ ՀՀՇ-ն ոչ մի գաղափարախոսություն չուներ, որ նրանք թալանում էին, մազութ էին գողանում եւ մեզ մթի մեջ պահում: Նման՝ «ջղային» մոտեցումը բնական է՝ ցանկացած իշխանություն ծնում է հազարավոր մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով իրենից «նեղացել են»՝ բացառություն չէ նաեւ այսօրվա իշխանությունը: Բազմաթիվ վատ բաներ կարելի է ասել նաեւ դաշնակցականների եւ կոմունիստների մասին՝ պարզապես պատմական հիշողությունը տարբերվում է անհատների «օպերատիվ» հիշողությունից:

Բայց այս պարագայում խոսքս գաղափարական ժառանգության մասին է: 25 տարի առաջ ինձ թվում էր, որ առաջին երկու հոսանքները «սխալ» են, իսկ երրորդը՝ «ճիշտ»: Հիմա ես հասկանում եմ, որ ամեն ինչ այդքան պարզ ու միանշանակ չէ: Ազգային եւ սոցիալական «միֆը» (առասպելաբանությունը, դիցաբանությունը) նույնքան կարեւոր են, որքան ազատականը, իսկ «միֆ» բառի մեջ որեւէ բացասական երանգ չկա՝ դա, ի վերջո, այն է, ինչ միավորում է անծանոթ մարդկանց՝ սկսած կրոնական համայնքներից, ազգերից եւ վերջացրած միջազգային կորպորացիաների աշխատակիցներով: Պարզապես կան կարճաժամկետ «միֆեր»՝ օրինակ, «Սաշիկի 50/50»-ը կամ «մազութ ուտելը», կան նաեւ առասպելաբանության երկարատեւ եւ, այսպես ասած, կյանքի փորձություն անցած տարբերակները: Կարճատեւների միջոցով հնարավոր է հեղափոխություն անել, բայց պետությունները կառուցվում են ավելի ամուր հիմքերի վրա, որպիսին էր, օրինակ, կալվինիզմի պուրիտանական «ճյուղավորումը» Միացյալ Նահանգների համար:

Իսկ ահա Հայաստան պետության համար կարեւոր են բոլոր երեք գաղափարախոսությունները եւ, հետեւաբար, պատմական առումով, դրանց վրա հիմնված երեք տիպի պետությունները: 25-30 տարի առաջ մենք «մերժում էինք» հատկապես երկրորդ՝ ոչ անկախ պետություն կառուցելու փորձը: Բայց «մերժելը» նույնպես կարճատեւ ռազմավարական գործիք է. ի պատիվ այն ժամանակվա «հեղափոխության» առաջնորդների, նրանց «մերժումը» կարճ տեւեց: Եվ բացի ամեն ինչից, այդ առաջնորդներից շատերին խորհրդային ԲՈՀ-ը գիտությունների դոկտորների եւ թեկնածուների գիտական աստիճաններ էր տվել: Այդ գործընթացի բոլոր թերություններով հանդերձ, դա վկայում էր կանոնակարգված մտածելու եւ աշխատելու որակների մասին՝ որակներ, որոնք որոշ չափով փոխհատուցում էին այդ մարդկանց՝ պետական կառավարման ոլորտում անփորձությունը:

Մի խոսքով, երեկուսուկես տասնամյակում ես համոզվեցի, որ որեւէ գաղափար մերժելը սխալ է՝ «միֆերը» կարող են իրար փոխլրացնել եւ դառնալ պետական շենքի հիմք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Նավի ինքնիշխանությունը որոշվում է նավի շարժիչի հզորությամբ՝ ինչքան այն հզոր է, այնքան նավն ավելի ազատ է դրսի հոսանքներից ու փոթորիկներից եւ կարող է իրեն թույլ տալ սեփական որոշում կայացնել ու ցանկացած ուղղություն ընտրել նավարկելու, իսկ եթե թույլ շարժիչով է կամ էլ առանց շարժիչ մակույկ է, ապա նա ենթարկվում է քամու ու ջրի քմահաճույքին կամ էլ կողքով գնացող շարժիչով նավի առաջացրած ալիքներին: Դրա համար էլ կա երկու գաղափարախոսություն՝ կամ պետք է միանաս սեփական շարժիչ արարողներին, որը մեծ խելք ու ոգի է պահանջում ու միասին օրակարգ մշակեք ու պայքարեք մրցակից օրակարգերի դեմ կամ էլ նախկին իշխանություների նման՝ ենթարկվել ուժեղների քմահաճույքներին ու փորձել դրանից հաճույք ստանալ՝ եթե մեջները հայություն մնացել է, կարծում եմ ոչ մի դղյակ կամ կանաչ թղթեր կամ էլ հեղինակություն նրանց այդպես էլ հաճույք չպատճառեցին: Մենք մեր սեփական ուժերով հարազատ միացյալ սփյուռքի հետ միասին ոչ միայն սովորական նավի շարժիչ, մենք տիեզերանավի շարժիչ պետք է կստեղծենք:

  2. Հ.Շ. says:

    ուրեմն, ոչ այդքան հեռաւոր անցեալի վերաբերող տուեալների այս հետաքրքրական վերլուծումին մէջ, դաշնակցական «ազգային երազանքները» տարբեր էին ՀՀՇի «ժամանակվա «թրենդային» գաղափարներ»ից….

    տեսական մակարդակի վրայ, այդ արժեւորման ուղիղ հակառակին գերագոյն փաստաթուղթը՝ Անկախութեան Հռչակագիրն է, իր տառացի իսկ բովանդակութեամբ

    իսկ շօշափելի իրականութեան գետնի վրայ, Արցախի պահանջատիրութիւնը, հիմնական մասնիկ մըն էր այդ «ազգային երազանքներ»ին, տառացի բաղադրիչ մը՝ Հայ Դատին. զորս ի գործ դրուեցաւ, ՀՀՇի պետական դերակատարութեամբ.

    բացի եթէ նորէն ես է որ բան մը չեմ հասկցած… այսինքն՝ տեսականը, թուղթի վրայ մնալու համար էր միայն, Դասական Սփիւռքը սիրաշահելու շահագրգռուած միտումով, իսկ Հայ Դատի արցախեան իրագործումն ալ՝ խորքին մէջ, ՀՀՇ-ին փափաքը չէր… ինչ որ, շատ բան կը բացատրէ…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930