Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ծանուցված չեմ դատախազության գրության մասին, իսկ 1999-ին ես «Երկիրում» չեմ աշխատել». Էդիկ Անդրեասյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի և դատախազության՝ իր հոդվածի հանգամանքները ուսումնասիրելու մասին

Հունիս 25,2020 15:28

Aravot.am-ի հետ զրույցում «Հրապարակ» օրաթերթի մեկնաբան, հրապարակախոս Էդիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ ինքը ծանուցված չէ, որ դատախազությունը ցանկանում է ուսումնասիրել իր հեղինակած «Բռնապետիկն ու Մենք» հոդվածում առկա հանգամանքները:

Հիշեցնենք՝ «Հրապարակը» հայտնել էր. «Խմբագրություն զանգահարեցին ոստիկանության քրեական վարչությունից եւ ասացին, որ ստացել են դատախազի գրությունը, որտեղ նա հրահանգում է «ուսումնասիրել «Հրապարակի» հեղինակ Էդիկ Անդրեասյանի «Բռնապետիկն ու մենք» հոդվածում առկա հանգամանքները եւ լուծել հեղինակին քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու հարցը»։

Էդիկ Անդրեասյանն ասաց, որ այս մասին տեղյակ է միայն մամուլից ու խոսելով իր հրապարակման մասին՝ ասաց. «Այնպիսի բան չկա, որ ես սուտ եմ ասել: Եթե շատ հետաքրքրում են փաստեր կոնկրետ հարցով, կարող եմ ներկայացնել: Ձեր նշած հոդվածում ես այնպիսի բան չեմ ասել, որն իրականությանը չի համապատասխանում: Հոդվածի հանգամանքները ճշտելիս պետք է հստակ ասեն չէ՞, թե կոնկրետ ինչ հանգամանքներ են ուզում ճշտել: Ինձ այդ մասին չեն ասել: Երբ հստակ կասեն, բոլոր պատասխաններն էլ ունեմ: Ես հենց այնպես չեմ գրում: Ես երեսուն-քառասուն տարի է մամուլում եմ աշխատում, ես մինչև այսօր այնպիսի մի բան չեմ արել, որ գան ինձ քննեն կամ պատասխանատվության ենթարկեն: Սա ինչ-որ նոր բան է»:

Հարցին՝ ի՞նչ միտում եք տեսնում, Էդիկ Անդրեասյանը պատասխանեց. «Սա հստակ մամուլի հետապնդում է: Փաշինյանն ինձ զայրացրեց այսօր՝ մի քանի հարձակումներով մամուլին կպչելով, այս ամենով փաստորեն մի նոր փուլ է սկսվում, որ դատարաններից գլուխ չհանեցին, օլիգարխներից գլուխ չհանեցին, հիմա անցնում են չորրորդ իշխանությանը: Հիմա նոր բան է սկսում. բանուգործ չունենք, ամեն ինչ տեղներս էր, հիմա դրանով պիտի զբաղվենք»:

Հիշեցրինք՝ այսօր ՀՀ ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթից հետո, որում Էդիկ Անդրեասյանի անունն էր հիշատակվում, ՀՀ վարչապետը ելույթ ունեցավ ու հայտարարեց. «Դուք խոսում եք կոնկրետ դեպքի մասին. ես կոնկրետ դեպքերով չեմ կարող այս պահին պարզաբանում տալ, համապատասխան մարմինները կտան պարզաբանում, բայց Դուք անուն տվեցիք: Գիտեք այդ Ձեր ելույթի ընթացքում մտքով գնացի 1999 թվականի հոկտեմբերի 27: Գուցե ասոցիացիաները սխալ են՝ դետալներով անձանց աշխատանքի վայրի հետ կապված սխալվեմ, բայց հոկտեմբերի 27-ին ոչ անհայտ կուսակցությանը պատկանող ոչ անհայտ թերթի վերջին էջում, որտեղ եթե չեմ սխալվում, աշխատում էր Ձեր հիշատակած անձը, կամ գուցե չէր աշխատում, Ձեր ելույթով ուղղակի հիշեցի, 1999 հոկտեմբերի 27-ին ոչ անհայտ կուսակցությանը պատկանող ոչ անհայտ թերթի վերջին էջում տպագրվել էր Հանրապետության հրապարակի նկարը և դրա կենտրոնում մարդկային դիակ: Մինչև հիմա էլ առեղծված է, թե ինչպես հենց այդ օրը, հենց այդ նկարը, կարծեմ կար նույնիսկ մակագրություն, լույս տեսավ այդ թերթում»:

Էդիկ Անդրեասյանից հետաքրքրվեցինք՝ սա ի՞նչ ուղերձ էր վարչապետի կողմից, նա պատասխանեց. «Ես չեմ կարող Ձեր հետաքրքրությանը պատասխանել այն առումով, որ նախ 1999 թվականին ես մամուլում չեմ աշխատել: Հորդորում եմ իրենից ճշտել, թե ում կամ ինչ նկատի ունի, նույնիսկ, որ թերթի անունը չի տալիս: Երբ ես բանակից զորացրվել եմ, աշխատել եմ «Զինվորում», այնպես որ, ես «Երկիրում» այդ տարիներին չէի աշխատում, եթե «Երկիր»-ն է ակնարկում: Նման բան չկա, ես չգիտեմ»:

Խոսելով ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի դիտարկումների մասին՝ նա ասաց. «Դրանք դիտարկումներ չեն, ուղղակի հեղափոխական հայտարարություններ էին, որտեղ ոչ մի գնահատական առհասարակ չկար: Օրինակ՝ քաղաքական ուժերին ինչ արեց, ասաց՝ նրանք չկան, դրա համար չեն եկել, իրենք վերացան, իրենց մահկանացուն կնքեցին և այլն: Հիմա ո՞նց կարելի է նման բան հայտարարել մի կուսակցության մասին, որն ուղղակի քաղաքական հայտարարությամբ լքել է խորհրդարանի նիստերի դահլիճը, ընդ որում, այս կուսակցություններից որևէ մեկի բացակայությամբ: Սա արդեն չեղավ, որ նա ինչ-որ գնահատական է տալիս: Եթե նա մի հոդվածով այդպիսի բան ասեր, ես կհասկանայի, որ նա նստել, հոդված է գրել այդ մասին, բայց գալ ԱԺ, ելույթ ունենալ, ո՞նց կարելի է նման ելույթներ ունենալ: Մամուլը գրել էր, որ խաշ են կերել, այդ հարձակումը սկսեց մամուլի վրա: Երևի ինքը չէր սպասում, որ կարող է մամուլն իրեն քննադատեր: Այն օրվանից մինչև հիմա այդ վիճակն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, Էդիկ Անդրեասյանի այդ հոդվածին է անդրադարձել նաեւ նախարար Զարուհի Բաթոյանը՝ ՖԲ իր էջում գրելով. «ՀՀ վարչապետը «իմքայլական սոցապնախարարի հետ սերտ համագործակցությամբ յուրացրել է մեր ամենակարիքավոր քաղաքացիների նպաստներից»: Այս նախադասությունը կարդալուց հետո ինչպե՞ս պետք է վարվի քաղաքացին, հանրային ծառայողը: Հաշվի առնելով, որ հոդվածում նշվածը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով ուսումնասիրել՝ ես և վարչապետը յուրացրե՞լ ենք քաղաքացիների նպաստները, թե ոչ: Երբ իրավապահները քայլեր են ձեռնարկել պարզելու հանգամանքները, հայտնի կայքի հեղինակները այն ներկայացրել են ազատ խոսքի սահմանափակում, նշելով՝ «Հոդվածը, ի դեպ, հրապարակախոսական է՝ որևէ փաստական տվյալ չի պարունակում, հիմնական միտքն այն է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել»:

Ինչ խոսք, շատ արագ են փոխվում լրագրության ժանրային առանձնահատկությունները: Իսկ ի՞նչ խնդիր կա նրանում, որ իրավապահները կարող են ստուգել՝ ես հանցանք կատարել եմ, թե ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930