Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարարը՝ Հայ եկեղեցու պատմություն առարկան հանելու եւ փակ քննարկման մասին

Հուլիս 01,2020 15:24

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Aravot.am-ի հետ զրույցում արձագանքեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի այն պնդմանը, որ համացանցից են տեղեկացել Հայ եկեղեցու պատմություն առարկայի՝ կրթական նոր չափորոշչից եւ ծրագրերից դուրս բերվելու, այլ առարկաների մեջ ներմուծելու, եւ այս ամենի համատեքստում Մայր Աթոռի հետ կրթական հարցերով ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու մասին:

ԿԳՄՍ փոխնախարարից հետաքրքրվեցինք՝ երբ Հայ եկեղեցու պատմություն առարկան հանվում է առանց Մայր աթոռի հետ քննարկման՝ արդյոք չի՞ խախտվում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի ութերորդ հոդվածը, որը վերաբերվում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու դերակատարությանը կրթական ոլորտում:

«Մենք մայիսին հանդիպում ենք ունեցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ եւ մանրամասն խոսել ենք բոլոր հարցերից: Ես ներկայացրել եմ ամբողջ փիլիսոփայությունը՝ հանրակրթության պետական չափորոշչի եւ բովանդակային փոփոխության, որովհետեւ ամենակարեւորը, ինչ պետք է ընդգծենք, այս փոփոխությունը համակարգային փոփոխություն է եւ ուղղված չէ որեւէ կոնկրետ առարկայի կամ կոնկրետ որեւէ բաղադրիչի ուղղությամբ, սա ամբողջական մանկավարժական մոտեցման, համակարգային փոփոխության նախագիծ է:

Հետևաբար` ցանկացած առանձին առարկայի վերաբերյալ ասելիքն ու անելիքը պետք է որոշվի ընդհանուր մոտեցման մեջ, որպեսզի չունենանք պատառոտված, իրավիճակային լուծումներ, այլ միասնական տրամաբանություն ունենանք: Ամենակարեւորը այս փոփոխության մեջ դպրոցն իրոք սովորելու արդյունավետության միջավայր դարձնելն է, որպեսզի տասներկու տարվա արդյունքում ստանանք այն քաղաքացիներին, որոնք կարող են նպաստել մեր հանրության զարգացմանը: Սա է մեր գերնպատակը»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Մեր դիտարկմանը, որ ըստ հայր Զաքարիայի, Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը բարձրացրել էր մի շարք հարցեր, սակայն մինչ օրս կրթական հարցերով ենթահանձնախմբի անդամների միջև տեղի է ունեցել ընդամենը մեկ հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում, եւ հարցերն, ըստ էության, անարձագանք են մնացել, ԿԳՄՍ փոխնախարարը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ցավում եմ, որ այդպես է ասված, որովհետեւ մենք քննարկել ենք խնդիրը: Կադրային փոփոխությունների արդյունքում, բնականաբար, կազմում փոփոխություններ պետք է արվեին, եւ մենք այդ փոփոխությունների առաջարկը ուղարկել ենք վարչապետի աշխատակազմ ՝ համապատասխան հանձնախումբը վերակազմավորելու:

Բնականաբար, քանի դեռ հանձնախումբը վերակազմավորված չի, նիստ չի կարող գումարվել նախկին կազմով: Նոր թեկնածուների առաջարկը մեր կողմից ուղարկված է, բայց մենք ունեցել ենք արքեպիսկոպոս Աջապահյանի հետ քննարկման արդյունքում համաձայնություն, որ եկեղեցու ներկայացուցիչը կմասնակցի չափորոշչի փակ քննարկումներին: Եկեղեցու ներկայացուցիչը եղել է հայր Զաքարիան: Համաձայն պայմանավորվածության՝ հայ Զաքարիան մասնակցել է չափորոշչի փակ քննարկմանը, ավելին՝ չափորոշչի նախագիծը մինչեւ հանրային քննարկման դրվելը, ուղարկվել է հայր Զաքարիայի էլեկտրոնային հասցեին, կա նույնիսկ ձայնագրությունը քննարկման, դրա շրջանակում հայր Զաքարիան որեւէ հարց չի բարձրացրել Հայ եկեղեցու պատմության եւ դրա դասավանդմանն առնչվող: Դրանից հետո մենք իր առաջարկով իրենց հետ կիսել ենք եկեղեցու ավելի լայն շրջանակներում քննարկելու նպատակով չափորոշչի այն նախագծի տարբերակը, որը խմբագրման հնարավորություն է տալիս: Անցել է ավելի քան երկու շաբաթ՝ վերջին տարբերակով կիսելուց, եւ առայսօր որեւէ գրավոր առաջարկ չենք ստացել»:

Ժաննա Անդրեասյանից նորից ճշտեցինք՝ այսինքն քանի՞ հանդիպում է եղել եկեղեցու ներկայացուցչի մասնակցությամբ. «Եկեղեցու ներկայացուցիչը մասնակցել է հունիսի սկզբին միայն մեկ քննարկման ժամանակ: Մենք պայմանավորվել էինք, որ մինչեւ հանրային քննարկումը՝ կունենանք փակ քննարկում, փաստաթուղթը կկիսենք մասնակիցների հետ: Իրենք կկարողանան արտահայտել իրենց նկատառումները, մտահոգությունները: Այդտեղ եղել է ոչ միայն եկեղեցու ներկայացուցիչը, այլեւ հ/կ-ների ներկայացուցիչներ, կրթության փորձագետներ, փակ քննարկում ենք ունեցել նաեւ ԱԺ-ում: Այսինքն` չափորոշիչը մինչեւ հանրային լայն քննարկման դրվելը՝ անցել է փակ քննարկումների մի շարք: Փաստացի հնարավորություն են ունեցել հունիսի սկզբից ծանոթանալ, քննարկմանն արձագանքել եւ հետո ներկայացնել որեւէ գրավոր առաջարկ, եւ մենք նաեւ այսօր ենք բաց դրա համար:

Ես չեմ ուզում, որ սա վերածվի փոխադարձ միմյանց ուղղվող խոսակցության: Կասեմ, որ մենք արքեպիսկոպոս Աջապահյանի հետ խոսել ենք, որ իրականում այստեղ խնդիրը դպրոցում դաստիարակության բաղադրիչի շատ ավելի հստակեցնումն է նաեւ, հետեւաբար սա առանձին առարկայի խնդիր չէ: Երեխան դպրոցում պետք է դաստիարակության բաղադրիչը զգա ամեն գործընթացի եւ առարկայի ընթացքում: Դաստիարակության խնդիրը չի կարող լուծել առանձին առարկան»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեր հարցին, որ եկեղեցին բավականին ռեսուրսներ է ծախսել, մասնագետների վերապատրաստումներ արել, ի՞նչ է լինելու Հայ եկեղեցու պատմության առարկայի շուրջ 300 ուսուցիչների հետ, երբ առարկան հանվի, չէ՞ որ նաեւ սոցիալական խնդիր է ծագելու, ԿԳՄՍ փոխնախարարը պատասխանեց. «Չեմ կարծում, թե նրանք անգործ կմնան, որովհետեւ այդ ուսուցիչները ատեստավորվել են իբրեւ պատմության բնագավառի ուսուցիչներ, Հայոց եկեղեցու պատմությունը ավելի լայն բնագավառի ուսուցիչների համար ստեղծված հնարավորություն է եղել, եւ ուսուցիչների դասավանդման հնարավորությունները չեն սահմանափակվում միայն այդ առարկայով:

Քանի որ մենք որեւէ կերպ չունենք միտում եկեղեցու, մեր կրոնական պատմության բաղադրիչը դուրս մղել դպրոցից, հակառակը մենք փորձելու ենք դա դարձնել ավելի տրամաբանված, համահունչ ու միասնական, կկարողանանք համոզվել սրանում առաջիկա օրերին, երբ առարկայական ծրագրերն ու չափորոշիչները դրվեն քննարկման: Ես առաջարկում եմ նաեւ այս խոսակցությունն ունենալ այդ ժամանակ, երբ մենք փաստացի կդիտարկենք եւ կտեսնենք՝ կա՞ այդ խնդիրը, թե ոչ:

Սա նաեւ ցույց է տալիս, որ մենք Հայոց պատմությունն էլ ամրագրելով իբրեւ պարտադիր առարկա՝ անկախ դպրոցի կազմակերպաիրավական եւ ենթակայության ձեւից, փորձում ենք ամեն կերպ ուժեղացել դրա արդյունավետ սովորելու մոտեցումները: Գտել ենք որոշակի հետաքրքիր լուծումներ հինգ-վեցերորդ դասարանների համար, յոթերորդից սկսած՝ երբ առանձին առարկայի հնարավորություն է նախատեսվում: Ինչ վերաբերում է արժեքային ուսուցմանը, նորից եմ կրկնում, որ սա առանձին առարկայով լուծելիք խնդիր չէ»:

Մեր հիշեցմանը, որ ի սկզբանե եկեղեցու հետ պայմանավորվածություն է եղել, որ դասագրքերը պետք է թարմացվեն, եւ ոչ թե առարկան դուրս մղվի կամ տարրալուծվի այլ առարկաների մեջ, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց. «Երբ բովանդակության փոփոխության ռեֆորմը սկսվել է, որի նախագծերը գրվել են դեռեւս մի քանի տարի առաջ, իսկ խմբերը սկսել են աշխատել մեկ տարի առաջ, խնդիր է դրված եղել՝ ամբողջությամբ վերանայել Հանրակրթության պետական չափորոշիչը եւ առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը:

Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ դպրոցում այսօր եղած խնդիրները կոսմետիկ լուծումներով չեն փոխվում, հենց այդ պատճառով էլ չափորոշչում առաջարկվել է սկզբունքային փոփոխություններ՝ թե առարկայացանկի ձեւավորման, թե ուսումնական պլանի ձեւավորման, թե գնահատման համակարգի ու մյուս բոլոր բաղադրիչների մասին»:

Փոխնախարարին կրկին հարցրինք՝ այնուամենայնիվ արդյոք չի՞ խախտվել կրթական հարցերով Մայր Աթոռի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը: «Արդեն ներկայացրի բոլոր պայմանավորվածությունները, որ ունեցել եմ արքեպիսկոպոս Աջապահյանի հետ, ձեռք բերված որեւէ պայմանավորվածություն չի խախտվել: Իրենց կողմից ներկայացված թեկնածուն մասնակցել է քննարկմանը, իր հետ կիսվել է տեքստը, տրվել է հնարավորություն՝ տեքստի խմբագրման տարբերակով առաջարկ ներկայացնելու: Առաջարկներ առայսօր չեն ստացվել: Հանձնախմբի վերակազմավորման մասով պայմանավորվածությունը նույնպես ուժի մեջ է: Մեր կողմից համապատասխան թեկնածուներով առաջարկն ուղարկվել է վարչապետի աշխատակազմ:

Մենք բաց ենք առաջարկների, համագործակցության եւ քննարկումների համար, քանի որ եկեղեցին մեր հասարակական եւ հանրային կյանքի շատ կարեւոր կառույց է: Կարծում ենք, որ համագործակցությունն ու քննարկումները կլինեն, եթե ցանկությունները երկուստեք է: Մենք արքեպիսկոպոս Աջապահյանի հետ ուրվագծել ենք, որ դպրոցում դաստիարակության բաղադրիչը կայացնելու հարցում մեծ աշխատանք ունենք անելու, որում եկեղեցին պետք է ունենա զգալի նշանակություն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031