Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ի մասին օրենքը դատավարության մասնակիցների կողմից նիստ հետաձգելու եւ հավելյալ ժամկետ խնդրելու գործիքակազմ չի նախատեսում. «Հրապարակ»

Հուլիս 04,2020 11:46

Երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԱԺ ներկայացուցիչը դիմել է ՍԴ՝ հուլիսի 7-ին նշանակված նիստը հետաձգելու միջնորդությամբ։ «ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ-ի եւ ՎՀ-ի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար»,- նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործով 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցին։ Սահմանադրական դատարանի գրասենյակը ստացել է նշանակված գործի քննությունը հետաձգելու մասին ԱԺ ներկայացուցչի միջնորդությունը՝ ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը եւ նշեց, որ սահմանված կարգով դրան ընթացք կտրվի։ ՍԴ-ում ԱԺ ներկայացուցչի գրությունը հասցեագրված է դատավոր Աշոտ Խաչատրյանին, ում իշխանություններն օրեր առաջ շտապեցին «շնորհավորել» ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու կապակցությամբ։

Էդգար Ղազարյանը, հղում անելով ՍԴ աշխատակարգին, հիշեցրեց, որ նիստի օրերը նշանակում, փոխում, դիմումների քննությունը վարույթ ընդունում կամ մերժում են աշխատակարգային որոշմամբ, հետեւապես՝ ԱԺ ներկայացուցչի միջնորդությունն ինքնին բավարար չէ նիստը հետաձգելու համար, այլ անհրաժեշտ է, որ իրավազոր մարմինը նման որոշում կայացնի, ինչի համար էլ անհրաժեշտ է քվորում։

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը, մինչդեռ, ասում է, որ ՍԴ-ի մասին օրենքը դատավարության մասնակիցների կողմից նիստ հետաձգելու եւ հավելյալ ժամկետ խնդրելու գործիքակազմ չի նախատեսում։ Բացի այդ, նկատում է․ «Չնայած այն հանգամանքին, որ ՄԻԵԴ-ի եւ ՎՀ-ի խորհրդատվական կարծիքների հրապարակումից հետո ԱԺ մի շարք պատգամավորներ, ինչպես նաեւ դատախազությունը հանդես էին եկել հայտարարություններով, որոնք չնայած աղերս չունեին հրապարակված խորհրդատվական կարծիքների էության եւ բովանդակության հետ, այնուամենայնիվ, իրացվել էին: Միաժամանակ, այս ողջ ժամանակահատվածում երբեւէ չէր բարձրաձայնվել անգլերեն փաստաթղթերի թարգմանության հարցը, այդ թվում՝ երբ հնչում էին գնահատականներ նշված փաստաթղթերի վերաբերյալ: Հայերեն թարգմանություն չէր պահանջվել նաեւ ՎՀ խորհրդատվական մեկ այլ կարծիքի վերաբերյալ, որը վերաբերում էր ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հարցին: Հուսով ենք, որ հայտարարությունն իսկապես վերաբերում էր տեխնիկական խնդրի, եւ, իսկապես, այսօրվա դրությամբ ԱԺ տրամադրության տակ չէ հիշյալ փաստաթղթերի որեւէ թարգմանություն․ հակառակը կենթադրի սույն գործով պատասխանողի դատավարական պարտականությունների եւ/կամ իրավունքների չարաշահման մասին: Ստիպված եմ հիշեցնել նաեւ, որ 2020 թ․ հունիսի 22-ին արդեն իսկ պարզ էր, որ հուլիսի 7-ին նշանակված է դատաքննություն, սակայն ո՛չ այդ օրը, ո՛չ դրան հաջորդող օրերին այդպես էլ նման հայտարարություն չէր կատարվել»։

Հիշեցնենք, որ սույն գործով մեկ այլ միջնորդություն էլ հունիսի 25-ին ներկայացրել են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանները՝ հրաժարվելով դիմումից, սակայն դրա քննարկումը հունիսի 30-ին նախատեսված աշխատակարգային նիստում տեղի չի ունեցել՝ քվորումի բացակայության պատճառով։ ՍԴ-ն ունի 9 դատավոր, որոնցից 3-ի լիազորությունները, Ֆեյսբուքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությամբ, դադարեցված են համարվում, իսկ ոստիկաններն էլ թույլ չեն տալիս նրանց մուտք գործել ՍԴ շենք, թեեւ կան նրանց մակագրված գործեր, ամրակցված գույք։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031