Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ռուսական կողմի պնդմամբ՝ ՊՆ փոխնախարարը գործարքի 5%-ի չափով կաշառք է պահանջել. փաստաբան

Օգոստոս 10,2020 23:32

ORSIS ARMS («ОРужейные СИСтемы») ընկերության հետ կապված ՊՆ փոխնախարար Մակար Ղամբարյանի՝ կաշառք պահանջելու, փամփուշտների արժեքը արհեստականորեն ուռճացնելու մասով   հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին Aravot.am-ին հայտնեց ORSIS-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը: Նա բողոքարկել է կարճման որոշումը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը  2019-ի  մայիսին չեղարկել էր ռուսաստանյան ORSIS ընկերության կողմից 1,9 միլիոն դոլարի Dedal-T2.380 Hunter LRF ֆիրմայի գիշերային տեսադիտման հատուկ սարքերի մատակարարման գործընթացը: ՊՆ գնումների հանձնաժողովի որոշմամբ՝ մրցույթը չեղարկվել է ORSIS-ի կողմից՝ նախկինում  նմանատիպ մատակարարումների փաստը չհիմնավորելու պատճառով: ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ ասել էր, որ գործարքի չեղարկման պատճառը եղել է ընկերության կողմից ռազմականի փոխարեն որսորդական տեսադիտման հատուկ սարքերի մատակարարման փորձը:

Ըստ լրատվամիջոցների՝ ՊՆ ներքին քննության արդյունքների համաձայն՝ «ORSIS ARMS» ընկերության կողմից ներկայացված գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումը նախատեսված չէ ռազմական գործողություների համար, այլ նախատեսված է որսորդության համար: Ավելին, սարքը ունի լազերային հեռաչափ, որը քաղաքացիական նշանակության համար է նախատեսված, եւ  այն ռազմական նշանակության համար օգտագործելը արգելվում է:

«Գործով  վարույթ իրականացնող մարմինը պարզել է, որ փաստաթղթերի գնահատման խնդիրը հանձնաժողովի իրավունքն է, ոնց կուզի կգնահատի, նաեւ պարզել են, որ ապացույցները քիչ են՝  ՊՆ փոխնախարար Մակար Ղամբարյանը կաշառք է պահանջել, ռուսական կողմի պնդմամբ՝ Ղամբարյանը գործարքի հինգ տոկոսի չափով կաշառք է պահանջել, որ մրցույթը հաղթի հենց ORSIS-ը»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:  Ըստ նրա՝ կորոնավիրուսի պատճառով ռուսական կողմն այդպես էլ չի հրավիրվել պատշաճ քննության, եւ քրեական գործն ավարտվել է այս  գարնան  սկզբին:

Մեր հարցին, ի վերջո ռազմակա՞ն, թե ՞ որսորդական են եղել ORSIS-ի նախատեսած սարքավորումները, որոնք պետք է մատակարարեին ՊՆ-ին, Ալեքսանդր Սիրունյանն ասաց. «Քանի որ մեզ մոտ զենքով զբաղվում են Դավիթ Տոնոյանի ու փոխնախարար Ղամբարյանի պես լուրջ մարդիկ, եկեք աշխարհում հարցրեք՝ ORSIS-ի հրացաններն ու մնացած տեխնիկան  ինչ են: Երբ 29 երկրում այդ զենքը կա, երբ մեր բանակի կեսն այդ զենքով է  ռազմականացված, ինչի մասին է խոսքը… այստեղ այլ խնդիր ենք տեսնում,  որսորդական էր, թե որսորդական չէր, էդ որ խելոքն է  նման բաներ մտածում, իրենք թող մտածեն, այն աստիճանի ուշադիր մտածեն, որ երբ 80 թվի ասա են առնում, որը 80-ականներին արդեն հանված է բանակներից, բայց Հայաստանը գնում է 2020-ին»:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ «Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ն, որը եւս զբաղվում է գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումների մատակարարմամբ, մրցույթին մասնակցության հայտ էր  ներկայացրել, սակայն առաջնահերթությունը նրան չեն տվել, այլ՝«ORSIS ARMS» ընկերությանը: Ինչից վրդովված «Ունիկում Ինժիներինգ»ՍՊԸ-ն դիմում է ներկայացնում իշխանություններին, որ Պն-ի կողմից հայտարարված մրցույթը օբյեկտիվ չի անցել:

Իշխանությունները ընկերության նամակը հասցեագրում են ՊՆ ղեկավար կազմին, որից հետո նախարարության ներսում սկսում է քննություն իրականացվել` հասկանալու համար, թե արդյոք հայտարարված մրցույթը օբյեկտիվ չի՞ անցել, թե՞ այլ խնդիր կա, այստեղից էլ բացահատվում է ամեն ինչ:

Ալեքսանդր Սիրունյանի տեղեկություններով՝ իշխանություններին հասցեագրված դիմումը «Սենատոր» կազինոյի տնօրեն Վարդանի կողմից է եղել, որը, ըստ նրա, երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բարեկամն է. արդյոք վերջինս ռազմական ոլորտի հետ կապ ունի՞, թե՝ ոչ, կամ ինչ շահագրգռվածություն է ունեցել, փաստաբանը տեղեկություններ չունի: Նա նաեւ հավելեց, որ ORSIS ընկերությունը վիրավորական է համարում ՊՆ-ի նման  մոտեցումը իր նկատմամբ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31