Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սարդիոնե ուլունքներ, վանակատե նետասայրեր (պատմվածք)

Օգոստոս 16,2020 22:15

Ճաղատ, անծիր տափաստանում թխսկանի պես կքած ադրբեջանական գյուղի ծայրին՝ անսոսափ ստվերախիտ սոսենու տակ, հորիզոնական շատրվանող արտեզյան հորդաբուխ ջուրն էր շաչում: Անդին մեր կացարանն էր՝ գյուղի դպրոցի շենքը՝ միահարկ ու գորշ: Շուրջ բոլորը դաշտեր էին՝ ճերմակակնգուղ բամբակի անեզր պլանտացիաներ: Շնչակտուր կոմբայնների պողպատե լիսեռները զորու չէին ցածրանիստ ճեփ ոսկին ճանկելու: Իսկ պլանն օրենք էր, կատարումը՝ պարտք, գերակատարումը՝ փառք: 1981 թվականն էր, իսկ այն լայնաքայլ Ադրբեջանի համար մեկ միլիոն տոննա էր:

Հազիվ մեկ շաբաթ էր, ինչ մտել էինք լսարան, երբ եկավ լուրը՝ մեզ տանում են բամբակաքաղի (խորհրդային ժամանակաշրջանում Ստեփանակերտի մանկինստիտուտի ուսանողներին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողաքաղին և բամբակաքաղին ներգրավելը սովորական պրակտիկա էր): Հաջորդ օրը տասնյակ ավտոբուսներ պաշարեցին բուհի շրջակայքը: Լավաշի պես ոլորած թոկակապ անկողիններով ու հագուստ-կապուստով, ըստ խմբերի՝ խառնիճաղանջ լցվեցինք ավտոբուսների որովայնը և ժամեր անց ընդարմացած հայտվեցինք Քուռ-Արաքսյան արգավանդ հեռաստանում: Հաջորդ օրը յուրաքանչյուրիս հակի հսկա պարկեր և լայնափոր գոգնոցներ բաժանեցին: Եվ սկսվեց աշխատանքն անդուլ: Օրական չափաբաժինը յուրաքանչյուրիս համար քառասուն կիլոգրամ էր: Անսովոր հարթավայրային տապն ու կիսակոր տևական աշխատանքը դժվարակիր դարձան ու կամաց-կամաց վերածվեցին տաժանակրության:
Ծանր լծի տակ առնված խամ եզան պես փրփրել, մոլեգնել էր ընկերս՝ Վրեժը: Կատաղի կրքով թունդ հայհոյելով իրեն՝ մի կողմ նետեց սմքած պարկն ու գոչեց.

-Ես հիմա՛ր եմ, հիմա՛ր. եկել եմ մեզնից խլված հողերում ստրկություն եմ անում, էշի մե՛կն եմ,-ասաց ու հևալով մղվեց դաշտից դուրս:

Նա համակուրսեցիս էր, և ընդամենը երկու շաբաթվա ծանոթներ էինք: Անհաղորդ էի բնույթին ու չիմանալով ինչպես մխիթարել, բնազդաբար հետևեցի նրան: Հայտնվեցինք բաղձալի՝ հովասուն սոսենու տակ: Ուսանողուհիներ էլ կային, ովքեր մեզ տեսնելով, ժիր ճնճղուկների նման թառեցին մի քանի մետր ձգվող երկաթե խողովակի վրա, որի ծայրից ժայթքում էր ջուրը՝ ոտքերը հենած գետնին: Քիչ անց սառը երկաթից հովացած հրակնածները չարաճճի հայացքների խայտանքով հեռացան: Թափվող ջրի շիթի տակ երկու ադրբեջանցի կանայք շոր էին լվանում: Բարևեցինք: Կողք քաշվեցին: Ուղտի չափ խմեցինք, լվացվեցինք մինչ գոտկատեղ ու հետ քաշվեցինք: Ընկերոջս զայրույթը տեղատվել էր, նահանջել ներաշխարհի խորին ծալքերը: Թմբիրը թովեց մեր հոգնաբեկ կոպերը և սուզեց երանավետ եթերներում: Դեռ չլքած մեղկ աշխարհը, քիչ հեռվում կին հայտնվեց: Թվաց՝ պատրանք է, արթմնի երազ, որպես սլացիկ նոճի: Սևեռվեցինք: Մոտեցավ: Թույլ արտահայտված նուրբ այտոսկրներից վեր ծվարած խաժ հնոցներ ու արծվենի հայացք ուներ, կատարյալ՝ ազնվածին:

-Նայի՛ր, լավ նայիր,-ասաց Վրեժը,-սա մեր տեսակն է՝արմենոիդ մարդաբանական տիպը, Քուռ-Արաքսյան մշակույթի կրող արի մարդը: Հազար տարի առաջ, երբ ի դժբախտություն մեզ թուրքը հայտնվեց մեր կողմերում՝ դեղնամորթ էր, տափակագանգ , շեղաչք, լերկ երեսով ու վայրենի կերպարանքով: Մեր արյունը հաղթեց ու ձուլեց նրանց: Թուրքը տարավ մեր արյունը, առավ մեր մարմնական գծերը, բայց պահպանեց թուրքական վայրագ ոգին: Թուրքի մարմինը հայկական է, ոգին՝ թուրքական,-ասաց ու խոր հոգոց հանեց:

Կինը, որ երեսունին մոտ կլիներ, ձգեց գլխաշորի հանգույցը, եղեգնահյուս զամբյուղից հանեց շորը, լվացավ ու փռեց խողովակին:

-Մի՛ գցիր այդտեղ,-ասաց մյուս թրքուհին,-այդտեղ հայ է նստել:

-Կարծես շառաչով երկնաքար ընկավ: Ակնապիշ նայեցինք միմյանց: Թվաց կրաքարի պես մխում է ընկերս և ուր որ է՝ կպայթի: Ի զարմանս ինձ՝ զուսպ մնաց:
Լսի՛ր,-ասացի,-հանրակացարանում սենյակիս կից ադրբեջանուհիներ են ապրում: Հասցրել եմ ծանոթանալ հետները: Առավել մարդամոտ է Նուրիդան: Մի տեսակ ջերմ, կատակախառը փոխհարաբերություններ ունենք: Մի օր ասացի.

-Նուրիդա՛, մատաղ լինեմ, խնդրում եմ՝ արի սենյակս ավլիր:

Նա չարաճճի քրքջաց և ասաց.

-Ես մեռնեմ՝ թե եղբայրս իմացավ, որ հայի սենյակ եմ սրբել, ինձ կսպանի:

-Ինչու,-զարմացած հարցրի:

Ին՞չ ասի, որ լավ լինի: Ասաց.

-Ես մուսուլման եմ, դու՝ հայ:

Հասկանու՞մ ես, չի ասում՝ թուրք եմ, պարսիկ կամ ադրբեջանցի: Էթնիկը ստորադասված է կրոնին: Դարեր շարունակ այդպես է եղել՝ մինչև ծագել է ազգայնականությունը:

-Իսկ դու գիտե՞ս,-ասաց Վրեժը,-որ սրանք փոխառել են մեր«սուրբ-սրբել» բառը: Քոչվոր-խաշնարածը դառնալով նստակյաց, բան ուներ սովորելու: Թուրքի համար պատիվ էր հայ կին առնելը: Որովհետև նա գիտեր լավ երեխա պահել, գործել, եփել, տնավարել:
Աշխատանքային օրը սպառվելու վրա էր: Անախորժությունից խուսափելու համար հարկավոր էր մի բան մտածել: Յուրաքանչյուրն օրվա վերջում պարկը քարշ էր տալիս կշռման-հանձման կետ և իր անվան դիմաց նշում ստանում՝ խմբերին կցված դասախոսների կողմից: Բաններս բուրդ էր: Բամբակ էր պետք:

-Գտա՜, գտա՛ ելքը,-ուրախ ճչացի:

-Դու հո Արքիմեդը չե՞ս, ի՞նչ ելք գտար, ընկե՛ր,-զարմացած գոչեց ընկերս:

-Խելքը ունենք, փողն ունենք, բամբակն ի՞նչ է, որ չունենանք,- վրա տվի:

-Կամա՛ց, դու հո խենթ չե՞ս-սաստող տոնով ասաց,-ի՞նչ փող, ի՞նչ խելք: Դու չգիտե՞ս, որ Ղարաբաղում կանեփին խելք են ասում: Հրեն՝ Աղջաբադին, Հինդարխը՝ քթներիս տակ են: Ստեփանակերտից էստեղ շատ փող է գալիս: Խելքը քիչ է, բոլորին չի հերիքում:
Այլևս էվրիկայի էությանը հասու անհամբերի հետ ծլեցինք բամբակահավաք կոմբայնի մոտ: Ձեռքով հասկացրինք՝ կանգնել: Ծուլորեն հորանջելով՝ կոմբայնավարը կանգ առավ: Նրա գրպանում երեք ռուբլիանոց թղթադրամը հայտնվեց, մեր պարկերն էլ ուռեցին շաղոտ կանաչ կերած կովի փորի պես:
Հարթավայրային անսովոր մեծ արևը հորիզոնում կարծես տափը մտավ:Աշխատանքն ավարտված էր: Ջրի բաղձալի սաղմոսաձայն շառաչը քիչ հետո խլացավ ժխորից: Լվացվելուց հետո ժխորը երամ-երամ թևեց իշաոտնուկ տախտակե երկար սեղանների շուրջ: Աղքատիկ ընթրիքից գոհացած՝ քիչ անց քնելու հերթը եկավ: Այսպես, կարծես ոտնակապ, օրերը դանդաղ առաջ էին գնում:
Հաջորդ օրը՝ միջօրեին, Վրեժը դարձյալ մռայլ էր:

-Ի՞նչ էս ունքերդ կախել, մոռացել ե՞ս,-ասացի,-և փող ունենք և…

-Խելք չունենք, հաստա՛տ,-ասաց ու ձեռքը խոթեց գրպանը՝ հանելով պարունակությունը:

-Օ՜, զարմանք, բռան մեջ սարդիոնե ուլունքներ են, վանակատից նրբորեն տաշած նետասայրեր, սկյութական բրոնզե նետասլաքներ, հմայակներ, սև և կարմիր խեցանոթների նախշոտ բեկորներ:

-Էդ որտեղի՞ց գտար, այ տղա, գիտե՞ս, դրանք մի քանի հազար տարեկան են,-ասացի,-
հո գանձ չէս գտե՞լ:

-Գտել եմ, բայց ետևից հետո կգանք,-ասաց բազմանշանակ ու գլխով նշան արեց հետևել իրեն: Հետևեցի հլու: Դաշտ մտանք: Բամբակի անեզր պլանտացիայում ցանուցիր՝ ամենուր կավաբեկորներ, ոսկրեր էին սփռված: Հզոր «Կիրովեց»-իպողպատե բազմախոփ մեծ գութանը տակնուվրա էր արել բրոնզեդարյա ընդարձակ դամբարանադաշտն ու ոչնչացրել: Լռությունը, կարծես, ծանր տնքաց: Ջրի շաչյունը փոխվեց հառաչի: Չքացած քաղաքակրթության ճիչը տրոփով զարնվեց Վրեժի քունքին:

-Թեմիսի մեռած քրմեր, ե՞րբ եք հարություն առնելու,-մղկտաց նա: Ճիգով պատսպարեց հոգու խռովքն ու ելավ դաշտից: Հետևեցի նրան:
Եկավ բաղձալի կիրակին: Նախաճաշը սովորականից մեկ ժամ ուշ սկսվեց: Վրան-խոհանոցի մուտքի մոտ ծխում էր քառասուն լիտրանոց ցմփոր ինքնաեռը: Ոմանք վաղ էին արթնացել ու շտապել հորդաբուխ ջրի մոտ: Ոմանք նոր էին պատրաստվում: Մի տեսակ ազատ ռեժիմ էր: Ադրբեջանցի ուսանողների մի խումբ գնաց դեպի գյուղի կողմը: Ոմանք սենյակների մեջ աշխույժ զրուցում էին: Խաղաղ՝ հանգստի օրն անցնում էր ծուլորեն: Ճաշից ժամեր անց, երբ տապը մեղմվեց, դպրոցին կից ֆուտբոլի դաշտում հարակից գյուղից երիտասարդներ հայտնվեցին ու սկսեցին ճիչ-աղմուկով ֆուտբոլ խաղալ: Վրեժը ֆուտբոլի երկրպագու էր և ինքն էլ վատ չէր խաղում: Քիչ անց հավաքականը պատրաստ էր: Ադրբեջանցիներն ընդունեցին առաջարկը, և խաղը սկսվեց: Ամբողջ ճամբարը՝ ուսանող թե դասախոս, շրջապատեցին խաղադաշտը: Գնալով՝ խաղը կամաց-կամաց թեժանում էր, մթնոլորտը՝ շիկանում: Ուսանողական թիմում ոչ մի ադրբեջանցի չցանկացավ ընդգրկվել: Փաստորեն, բացառապես հայ ուսանողներով համալրված թիմն ուժերը չափում էր ադրբեջանական գյուղի երիտասարդների հետ: Նրանք վատ չէին խաղում, բայց հանպատրաստից կազմված ուսանողական թիմը զարմանալիորեն մարտունակ դուրս եկավ: Հանդիսականների մեջ զգալի դարձան գյուղից եկածները: Խփված ամեն գոլից հետո խաղն ավելի անզիջում էր դառնում: Երկրպագող ուսանող աղջիկների խրախուսական կանչերն ու սուր ծղրտոցները, տղաների քաջալերիչ գոչյունները թևավորել էին մեր ֆուտբոլիստներին: Ադրբեջանցի երկրպագուները, սկզբից կարծես անհաղորդ, բայց հետո մերոնցից ազդված, սկսեցին ակտիվանալ: Աստիճանաբար քաջալերիչ բացականչությունները փոխակերպվեցին զայրագին կանչերի ու հայհոյանքների: Մ

արդկային կատաղի կրքերի այս փոթորկահույզ խռովքի մեջ հայտնաբերեցինք, որ ուսանող ադրբեջանցիներն ու դասախոսները, բնազդաբար, անթաքույց երկրպագում էին իրենց ցեղակիցներին: Երբ խաղը մոտենում էր ավարտին, ու հաշիվը հավասար էր, ուսանողները գոլ խփեցին: Խելահեղ բղավոցներ որոտացին: Եվս վախվորած մի րոպե, և խաղադաշտում տուրուդմփոց սկսվեց: Սրտակեղեք ճիչ-աղաղակով տասնյակ մարդիկ խուժեցին խաղադաշտ: Սկսվեց սարսափազդու մասսայական ծեծկռտուքը: Աղջիկների սրտակեղեք ծկլթոցը, ավագների և դասախոսների սթափեցուցիչ գոչյուններն ընկրկեցին ամխբոխին: Ծվատ դեմք ու հագուստով ուսանողները նահանջեցին դպրոցի պարսպից ներս: Ցասմամբ բռնկված Վրեժին մի դասախոս քաշելով ու համոզելով առաջ էր մղում: Նրա ափերես բաց նախաբազուկն արյունոտ էր: Դանակի շեղբը թափանցել էր ձեռքի միջով: Արդեն դպրոցի բակում կրկին կռիվ սկսվեց: Գազազած՝ ծեծված ոսանողները հարձակվեցին ուսանող ադրբեջանցիների վրա: Դրությունը վտանգավոր դարձավ: Անգամ դասախոսներ ներքաշվեցին: Մինչ կատաղի ամբոխը, հաշվեհարդարի պատրաստ, խռնվելով օղակում էր դպրոցը, միլիցիայի մի քանի մեքենաներ հայտնվեցին: Խուժանը ցրվեց: Կրքերը հանդարտվեցին: Քիչ անց ժամանեց շրջկոմի առաջին քարտուղարը՝ դատախազի, ՊԱԿ-ի ներկայացուցչի և միլիպետի հետ: Վերևներից իջեցված հրահանգով՝ հաջորդ օրը հայտնված ավտոբուսները մեզ կրկին քաղաք բերեցին:

Վարդան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31