Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանում Թուրքիան հավատարիմ խմբեր է ստեղծում, որոնք ուղղվելու են հայկական կազմակերպությունների դեմ. Ռուբեն Սաֆրաստյան

Օգոստոս 21,2020 14:34

Արևելագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարեւոր է համարում, որ Հայաստանը Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո ոչ միայն խոսքերով, այլ գործով օգնեց մեր հայրենակիցներին: Համաչա՞փ էր այդ օգնության քանակը մեր հնարավորություններին՝ նա չի կարող ասել, բայց կարեւոր է համարում նաեւ հայտարարությունները, որ Հայաստանը եւ Արցախը բացում են դռները մեր հայրենակիցների առջեւ եւ պատրաստ են դրա համար պայմաններ ապահովել: Միաժամանակ, իր պատկերացմամբ, լիբանանահայ համայնքը դեռ հույս ունի, որ կկարողանա իր կյանքը շարունակել Լիբանանում:

Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում, արեւելագետն անդրադարձավ Մերձավոր Արեւելքի իրադարձություններին:

Արեւելագետի դիտարկումներով, Թուրքիան Լիբանանում ակտիվություն էր ցուցաբերում վերջին շրջանում, որը դրսեւորվում էր բնակչության շրջանում, այսպես կոչված, իրեն հավատարմության խմբերի ստեղծումով՝ հիմնվելով օսմանյան անցյալի վրա: Թուրքիայի ակտիվությունը բանախոսը բացատրում է Լիբանանում ստեղծվող նոր քաղաքական համակարգում իրենց մասնակցությունն ապահովելու հեռանկարով: Նա ակնհայտ է համարում, որ իրեն հավատարիմ խմբերին եւ ուժերին Թուրքիան ուղղելու է տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների եւ նրա ակտիվության դեմ: Սակայն Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ այս առումով Թուրքիան հաջողությունների հասնելու քիչ հնարավորություններ ունի, քանզի Լիբանանում նրա հնարավորությունները բավական սահմանափակ են եւ չեն ապահովում լիակատար դերակատարում ներլիբանանյան գործընթացներում:

Բանախոսը նկատում է, որ ըստ էության, Թուրքիան հիմա արդեն սկսել է Ազգային ուխտի սահմանների լրիվ տարբերակի վերականգնման գործընթացը, իսկ դա նշանակում է, որ Թուրքիան հիմա հրաժարվում է Լոզանի պայմանագրից: Գործընթացը նոր է սկսվել եւ եթե Էրդողանին թույլ տան այն շարունակել, արդյունքները մոտակա մի քանի տարիների ընթացքում արդեն կերեւան: Բանախոսի կարծիքով, Էրդողանի համար շատ կարեւոր է 2023 թվականը. այդ ժամանակ լրանում է Թուրքիայի հանրապետության 100 տարին եւ Էրդողանի բնութագրմամբ, այդ ժամանակ պետք է հիմնադրվի նոր Թուրքիա, Աթաթուրքի Թուրքիային փոխարինելու է Էրդողանի Թուրքիան: Այս գործընթացները, Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ, շատ լուրջ են եւ դրանց պետք է աչալրջորեն վերաբերվել:

Առհասարակ, արեւելագետի բնութագրմամբ, համաշխարհային քաղաքականությունը գտնվում է անցումային շրջանում, որի առանձնահատկություններից մեկը մի նոր համաշխարհային թնջուկի առաջացումն է: Այս համատեքստում, Մերձավոր Արեւելքը եւ Հարավային Կովկասը առաջիկայում գտնվելու են համաշխարհային հետաքրքրությունների եւ շահերի կիզակետում: Արդեն հիմա, այս տարածաշրջանում նոր զարգացումներ են երեւում. դրանցից կարեւորը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում զարգացող հակամարտությունն է՝ ծովի հատակի էներգակիրների մեծ պաշարներին տիրանալու համար, որում ներգրավված են ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, Թուրքիան, Հունաստանը, արաբական երկրներ: Հաջորդ թեժ կետը Լիբիայում էներգակիրների համար մղվող պայքարն է, որտեղ Թուրքիան կրկին ակտիվ է: Ձեւավորվող երրորդ թնջուկը Լիբանանն է եւ նավահանգստում տեղի ունեցած պայթյունն այդ երկրում վերջին տարիների լարվածությունը տեղափոխում են նոր հարթություն: Այս ամենին գումարվում է նաեւ մերձավորարեւելյան, արդեն ավանդական դարձած, լարված կետերը՝ Սիրիան, Իրաքը. երկու կետերում էլ թուրքական մեծ ակտիվություն կա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31