Ավտոմեքենայի տեխնիկական զննության կտրոնը դիմապակու վրա փակցնելն ապագայում այլեւս հարկավոր չի լինի, քանի որ ներդրվելու է էլեկտրոնային շտեմարան, որով էլ իրականացվելու է վերահսկողություն. տեխզննություն անցնելը լինելու է պարտադիր: Այսպես է սահմանում կառավարության հեղինակած՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» եւ կից օրենքներում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որն այսօր քննարկվում է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում:
Ինչպես նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով օրինագծերի փաթեթով առաջարկում է տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը հանել եւ փոխարենը վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով. «Էլեկտրոնային շտեմարանը ճանապարհային ոստիկանությանը հնարավորություն կտա վերահսկողություն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու»:
Փոխնախարարի խոսքով՝ տեխնիկական զննության արատորոշման քարտը ներառում է անհրաժեշտ տեղեկատվություն՝ տրանսպորտային միջոցի, տեխնիկական զննության, ինչպես նաեւ կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտնաբերված թերությունների վերաբերյալ. «Այն նաեւ տպագրվում եւ տրամադրվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ տնօրինողին: Ուստի դրա առկայությունը բավարար է՝ տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու համար: Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով եւ պահպանվում էլեկտրոնային շտեմարանում: Միաժամանակ, գործող էլեկտրոնային ծրագիրը թույլ է տալիս վերահսկել տեխնիկական զննության փաստացի իրականացումը: Այն արձանագրում է տրանսպորտային միջոցի արգելակային ստենդի վրա բարձրանալը` ֆիքսելով տվյալ տրանսպորտային միջոցի քաշը: Համապատասխան տողում «0» թվի առկայությունը փաստում է տեխնիկական զննության կարգի պահանջների չկատարումը՝ տեխզննության կայանի կողմից»:
Ըստ Սիմոնյանի՝ իրավիճակը վերահսկվելու է ոչ միայն ոստիկանության, այլեւ՝ քաղաքում տեղադրված տեսախցիկների միջոցով. «Տեխնիկական զննություն չանցած մեքենաների համարները կֆիքսեն տեսախցիկները, եւ այդ վարորդները կտուգանվեն»:
Կարդացեք նաև

Հավելենք, որ օրինագծերի փաթեթն առաջիկայում պետք է քննարկվի եւ քվեարկվի ԱԺ լիագումար նիստում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































