ԹՈՒՐՔԻԱ, ԳԵԲԶԵ, ՔՈՋԱԵԼԻ
ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՐԱ ԼՈՂԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԸ՝ ԱՇԽԱՐՀԻ 38 ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՇՔԵՐԹՈՒՄ
Մեր հայրենիքի վրա հիմնված պետության մեջ իմ պետության դրոշն առաջինը մտավ մրցասպարեզ, ուժեղագույնների կողքին՝ բաց թիկունքով, բայց արժանապատվորեն։ Դու հանուն քո երկրի՝ ով տեղյակ էլ չէ քեզնից ու քո պայքարից։Այն, ինչ տեղի է ունենում առաջին անգամ ու անհնարինից հնարավորի դժվարին ճանապարհները հաղթահարելու կամքով՝ պատմական ու բացառիկ էպիտետների արժանի կրողն է
Կարդացեք նաև
2026թ. սեպտեմբերի 7–12–ը Թուրքիայի Քոջայելի նահանգի Գեբզե քաղաքի օլիմպիական լողավազանում տեղի ունեցավ հաշմանդամային լողի՝ պարա լողի Եվրոպայի առաջնությունը։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ունեցավ իր ներկայացուցիչը՝ զինհաշմանդամ, պարա լողորդ, գեղանկարիչ, մասնագիտությամբ ֆիզիկ Գարիկ Միքայելյանը, ով ՀՀ պարա լողի բացարձակ չեմպիոնն է։ Գարիկը լողում է առանց ձեռքերի, նա Եվրոպայի առաջնության մասնակցության որակավորման իրավունքը ձեռք է բերել այս տարվա մայիսին Փարիզում կայացած աշխարհի սերիայի մրցումների ժամանակ։ Այսպիսով Գարիկը հայազգի միակ մարզիկն է, ով հասել է Եվրոպական մեծ արենա պարա լող ասպարեզում և դրանով այդ մարզական քարտեզի վրա ավելացրել ու հնչեցրել է Հայաստան, ARMENIA անունն ու դրոշը։ Իսկ մրցման ամեն մետրի հետևում տարիների հետևողական ու աննահանջ աշխատանք է, տոկունություն և այն ներքին ուժը, որը թույլ է տալիս շարունակել առաջ շարժվել նույնիսկ այն ժամանակ, երբ ճանապարհը հեշտ չէ։
Գարիկը հանդես եկավ 50 մետր թիկնալողում (Backstroke), ցուցաբերելով կամքի ուժ ու պայքարի ոգի, գրանցելով մրցաշարային համապատասխան արդյունք, զբաղեցնելով 6-րդ տեղը իր լողահերթում և 11-րդ հորիզոնականը ընդհանուր հաշվարկում: Աշխարհի ուժեղագույնների հետ նույն լողահարթակում, ռեկորդակիրների, բազմակի չեմպիոնների ու տիտղոսակիր լողորդների հետ միասին նույն օլիմպիական լողավազանում երկիր ներկայացնել, ապահովել քո երկրի տեղը այդ կարևորագույն մրցաշարերում, մեծ ճանապարհի ու կամքով այն անցնելու պատմություն է, լինել այն հայ լողորդը, ում լողը, ինչպես ասում էր Աշխարհի պարա լողի նախագահ Քրեյգ Նիկոլսոնը՝ ունի ոճ ու հիշվող է, սպորտային դատավորներից մինչ մրցավարներն ու անգամ ֆոտոլրագրողն ու մեկնաբանը դեռ Ֆրանսիայի ելույթից տպավորված մոտենում էին, ողջունում և հայտնում իրենց ուրախությունը հայ մարզիկին տեսնելու այս մրցաշարում ևս։ Սպորտային պատմությունը նաև մարդկային դեմք ունի, մրցակցային սառը հաշվարկներից դուրս, երբ այլ երկրի ռեկորդակիր մարզիկը, նրա մարզիչը քեզ մոտենում են հոգատարությամբ, սրտացավությամբ, տալիս խորհուրդներ։
Մենք դա արեցինք, երկու հայ, որի թիկունքում անգամ նրանցից անտեղյակ մի ողջ ազգ էր կանգնած, մենք այդ ազգի դեմքն ու ներկայությունն էինք ապահովում մի երկրում, որի պատմական քարտեզի վրա հայկական ոտնահետքը հին ու նոր աշխարհի անջնջելի կնիքով է կնքված, մի երկրում, որի հանդեպ խիստ իրարամերժ են նույնազգի ներկայացուցիչներիս վերաբերմունքը, պահանջներն ու ապագայի տեսլականները, մի պետությունում, որտեղ գուցե քեզ ամենևին էլ չէին սպասում, քեզ, ում հեղինակած գրքերում Հայոց ցեղասպանության մասին այնքան փաստ ու պահանջատիրություն կա, քեզ, ում երիտասարդ տարիների երդմնակալությունը մինչ օրս անջնջելի կնիք ունի. «հանուն հայրենիքի», որի մեջ գենետիկ ծովից ծովի հիշողությունն է ապրելու, լինելով միշտ արարելու և գործելու միակ նպատակն ու ուժը, որպես հայրենիքի աննահանջ մարտիկ։ Այսպես եմ մտորել ու սա պատմական իրականությունից չհրաժարվող հայի հիշողության ու իր ազգային ոգուց, արժեքներից, նրանց ստեղծողներից ու նախնիներից չհրաժարվելու միակ պորտալարն է, այն մեծ պատմության, որտեղ կա ու ապրում է ոգին։
Զինհաշմանդամ, պարա լողորդ, Հայաստանի Հանրապետության բացարձակ չեմպիոն Գարիկ Միքայելյանի դեբյուտը Թուրքիայում կարող էր և չլինել, որովհետև դրա չկայացման համար բոլոր նախադրյալները ցավալիորեն հիմնավոր էին, ծանրակշիռ ու փակուղային. լողավազանը, որտեղ բարերարի՝ պարոն Ծառուկյանի կողմից տրված արտոնյալ պայմաններում լողում և պարապում էր Գարիկը՝ շաբաթական վեց օր՝ Օլիմպավանն էր, փակվեց՝ հայտնի իրադարձությունների պատճառով, ոտնահարելով բազմաթիվ մարզիկների, սպորտով զբաղվող քաղաքացների շահերն ու իրավունքները, հոգեբանական մեծ հարված և իրական խոչընդոտ, որը մարզիկի վրա կարող էր և անպայմանորեն թողնում է հետք նրա ֆիզիկական պատրաստվածության վրա, երբ դիմացը շատ քիչ ժամանակ էր ու պարապմունքները պետք է ինտենսիվ լինեին, տեղի էր ունենում ճիշտ հակառակը։ Պրագմատիզմի հակառակ մեր իրականության մեջ մարդիկ և այս ու այն գործառույթներն իրականացնող կառույցները իրենք են մտցնում դրամատիզմ, նկարելով քո կյանքի կինոն, ասեմ, որ վերջիններս անողոք ռեժիսորներ ու սցենարիստներ են, տվյալ դեպքում՝ մեր կյանքի իրականության մեջ։ Չկա գումար, որով հոգաս սպորտային պատրաստվածությանդ ծախսերը, փոխարենը՝ կան բազմաթիվ ու տարատեսակ խնդիրներ, մարզիկին, այն էլ հաշմանդամություն ունեցող մարզիկի համար չափից ավելի, որոնց գումարվում են անհանգիստ հոգեբանական վիճակն ու կյանքի դառը իրականությունը, մարդկային կորստի անակնկալ հարվածը. Հայաստանից մեկնելու ճանապարհին առողջական կտրուկ վատացում է ունենում և երկու օր անց ՌԴ-ում մահանում է մայրս։ Մղձավանջն ավելի է խտանում, խեղդում ու ստիպում ծնկի գալ… Մորս լուսավոր հայացքն ու ուրախությամբ բոլորին հայտնելը, որ Գարիկը պիտի գնա Թուրքիա Հայաստանը ներկայացնելու, նրա վերջին ուրախ հպարտությունը, որ ազգային արժանապատվությունից էր բխում, իր արյան խորքերում սևակյան արյան բջիջներից եկող այդ զգացումը աչքերիս առջև էր… Հայրենիքի կարոտով, մայրս, արհամարհելով իր առողջական խնդիրները, ստիպել էր իրեն բերել հայրենիք, եկել էր կարոտն առնելու, նորից Հայաստան վերադարձի հույսով, ավաղ, մեկնումից երկու օր անց մայրս հանկարծամահ եղավ ու հուղարկավորվեց օտար երկրում… Ես մորս հրաժեշտ տալու վերջին մխիթարությունն անգամ չկարողացա ապրել, ամուսնուս չէի կարող տանել (հակառակ իր պնդումների ու իր ամեն կերպ աջակցման) այն ճանապարհով, որով անցավ մայրս, դրոններով ու պատերազմական վտանգով երկինք բարձրացնել նույնպես չէի թույլ տա ինձ, իսկ նրա մասին հոգ տանող այս թանկ ու սիրելի հայրենիքում չգտնվեց, սա հակամարդկայնության ու դաժանության գագաթն էր իմ նվիրաբերած ամեն ինչի առջև, որը հաղթահարել էր պետք անսպասելի կորստի ցավից մոխրացած, մարդկային սադիզմի ու հոգևոր տեռորի այդ կրկնակի ցավի կրակներից հառնելով… Հաշմանդամություն ունեցող անձինք բազմաթիվ ու տարատեսակ իրավիճակային պայմաններում հայտնվելիս հոգածության կենտրոնների կարիք ունեն, որոնք չկան ու չեն գործում մեր երկրում։ Ազգային արժանապատվությունն ու ցավը իմ մեջ կայացրին անդրդվելի որոշումը. Թուրքիա կգնանք հանուն մորս հիշատակի, չեմ կարծում, թե այնտեղ ավելի վատ բանի հանդիպեմ, քան կա այս պահին և այստեղ այս իրականության մեջ համոզեցի ինքս ինձ։
Պետության հիմքը նրա քաղաքացին է.արդյո՞ք դա զգում ենք մենք մեր կյանքում
ԿԳՄՍ-ի պահուստային ֆոնդերում զարմանալիորեն չգտնվեց գումար մեկ հաշմանդամ մարզիկի համար, Թուրքիայում կայանալիք այս կարևոր մրցաշարի մասնակցության համար, անցյալ տարվա տարեվերջին փոխանցված բյուջեում չկար նախատեսում մի մրցույթի համար, որի մասին մարզիկը, համապատասխան կառույցը իմանում են մրցաշարից մի քանի ամիս առաջ ընդամենը և տալիս իրենց երկրի մասնակցության հայտը հաստատման՝ այս դեպքում ամեն մասնակից անհատի համար մի կլորիկ գումար էր սահմանված՝ հինգ հարյուրական եվրո։ Ֆինանսական միջոցների բացակայություն, պետության բացարձակ անտեղյակություն սպասվող կարևոր մրցաշարի՝ Եվրոպայի առաջնության մասին, ԿԳՄՍ-ի տեղեկացվելուց հետո էլ նամակի մերժում՝ ռեզերվային գումարների բացակայության հիմնավորմամբ, «մենք տարեսկզբի բյուջեն վաղուց ենք տվել, դուք գտեք ելքը ձեր կազմակերպության հետ…» հստակ պատասխանով։ Կարծում եմ, հաշմանդամություն ունեցող մարզիկների ինտեգրումը հասարակություն, նաև կարիք ունի վերանայել այն գումարները, որոնք բավականին սուղ են և չեն բավարարում բոլոր մարզաձևերի ու նրանցով զբաղվողների արտերկրյա կարևոր մրցաշարերի մասնակցությանը, ինչը նախանձելի բարձունքի վրա է թե մեր հարևան, և թե եվրոպական այլ երկրներում։ Դրամահավաքի ֆեյսբուքյան հարթակը մեզ ճանաչող ու գնահատող հայրենասեր հայերի համախմբեց, մեզ համար մտածող մարդիկ, իրենց մեծ ու փոքր լուման էին ցանկանում դնել, որպեսզի կայանար այս կարևոր քայլը, վաճառքի էին գրքերս՝ «Երբ աշխարհն է ծափահարում», ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանին նվիրված մենագրությունը, որի հասույթը նույնպես պիտի ծառայեր այս նպատակին, այն գրքերը, որտեղ ցեղասպանության մասին կան երկու մեծ գլուխներ, լի սխրագործություններով, փաստերով և դատապարտմամբ։ Երբ քո նպատակի համար անգամ զինհաշմանդամ ընկերդ է քեզ գալիս սատարելու, օգնելու՝ դա արդեն կոչ է ոչ մի դեպքում չհանձնվելու, երևակայական ձեռքերի բռունցքվելը հավատացեք, որ կամքի բարձրագույնն է։
Գենետիկ հիշողությունն ու ազգային արժանապատվությունն առաջնային էին, պատվի հարց էր Հայաստանի Հանրապետության մասնակցությունը։
ՀՀ Պարալիմպիկ կոմիտեի ներդրած ջանքերով, հայթայթված գումարով, դրամահավաքների շնորհիվ, մասնակցության, մեկնման ծախսերի մեծ մասը կազմակերպվեց, հավելյալ ծախսերը հոգացվեցին շնորհիվ այն հայրենակիցների ու անհատների, ովքեր որպես արժանապատիվ ՀԱՅ կանգնեցին մեր կողքին։ Շնորհակալ ենք բոլոր նվիրյալներիդ, որ կաք ու տեսակ եք։
Օդանավի պատուհանից մեզ ասես ողջունում էր Արարատը, հարազատ ու ջերմ զգացում փոխանցելով, ասես գնում էինք իր մոտ։ Լեռներ, հովիտներ, հողեր, որտեղ ոչ մի մարդկային հետք չկար, բայց սա ժամանակակից Թուրքիայի տարածքն էր, որի քաղաքականության մեջ գաղափարը իշխում է ամեն ինչ և ուղղորդում երբեք չհրաժարվել սեփական դարավոր երազանքներից։ Մենք սովոր ենք ասել, որ հողն առանց մարդու սոսկ հող է, օդանավի պատուհանից այլ էր համոզմունքը, որ հողը ինքնության հաստատման անձնագիր է ու լինելության գրավական։ Նա գծում է սահմաններ ու քո տեղը մոլորակի վրա, հեռացնելով մանկուրտի սարսափելի ճակատագրից։ Ինձ հետաքրքիր էին մարդիկ…
Ախ այդ բարի ու հայասեր թուրքերը.մի հանրույթ, որի ձևավորման վրա կա ահռելի պետական տարբեր օղակների աշխատանք ու տարիների ներդրում. թուրք, որը հայրենասեր է, քո հայրենիքի վրա հիմնած իր պետության տերն ու տիրականը, հայ։ Էժանագին սերիալներով սնված մեծամասնություն, որ մոռացել ես ամեն բան, որ հասարակ խոսքդ բղավոց է, քաղաքակրթության օրորոցդ մոռացության ու ավարի մի հսկայական նվաճելիք դարձրած իմ ազգ, որ գաղափարախոսության պակասով ու չգոյությամբ օրավուրի հույսով դատապարտում ես քո ապագան, որի համար ամենաթանկերն են դրվել զոհասեղանին, բայց դու նրանց արագ մոռանալու ճանապարհն ես բռնել այսօր, խաղաղության հույսով, որը այնքան թանկ ու ցանկալի է, որ վճարված գինն անգամ մոռանալու հետքի վրա ես այսօր, չես խոսում աշխարհի հետ այդ հարթությունից, քո հերոսներից սովորելուց հրաժարվելով, մի՞թե չես մտածում գոնե հարևաններիդ նայել, ինչ ու ինչպես են գտել ուժի ճանապարհը։
Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանը ամենամեծերից մեկն է։ Աթաթուրքի որդեգիր հայ աղջնակի, որի հայ լինելու ծագման մասին բացահայտումը «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքինն էր, ով սպանվեց թուրք ազգայնամոլի ձեռքով։ Գյոքչենի՝ թուրքական ավիացիայի լեգենդի անունով կոչված հսկայական օդանավակայանից ուղևորվեցինք դեպի Գեբզե։

Մայրիների առատությամբ ձևավորված ծովափնյա այդ քաղաքը, որ Մարմարայի ափեզերքին է, սովորական մի քաղաք է, որը առանձնակի հրապույր չունի, բացի կարթագենացի հռչակավոր զորավար Հաննիբալի դամբարանից, իր մի քանի մզկիթներից ու դեպի երկինք մխրճվող մինարեթներից, որոնցից օրը երեք անգամ հնչում էր մուսուլմանների սրբազան ազանը, իսկ մարդիկ զբաղված էին իրենց առօրյա գործով։ Ինչպես ասում են՝ «Աստծունն Աստծուն, կայսրինը ՝ կայսրին»։ Ի դեպ, վերը նշված Հաննիբալը Մ.թ.ա. 189 թվականին ժամանել է Հայաստան՝ Արտաշես Ա թագավորի մոտ, ում պատվերով նախագծել և ղեկավարել է մայրաքաղաք Արտաշատի կառուցումը, որը հին աշխարհում կոչվել է նաև հայկական Կարթագեն: Արդյունաբերական Գեբզե քաղաքի «Իննպորտ» կոչված հյուրանոցում էր մեր հանգրվանը։ Սեփականատերը քուրդ էր, որը մի տեսակ նախանձով էր նայում մեզ՝ հայերիս։ Մեր հրաժեշտի օրը միայն իմացանք այդ տարօրինակ հայացքի մեկնությունը, չնայած աշխատում էր հնարավորինս սիրալիր լինել, ինչպես իր աշխատակիցներն էին. «Այս շրջանում հայեր չկան, ես Մուշից եմ, այնտեղ հայեր կային, բայց հեռացան, ոչ մի հայ չկա հիմա… Դուք երջանիկ ազգ եք, գոնե պետություն ունենք, իսկ մե՞նք. սարսափելի ճնշված ենք որպես ազգ, մի պետության մեջ, որի բանտում է մեր առաջնորդը»։
շարունակելի
Արմինե Մելիք–Իսրայելյան
արվեստաբան
«Առավոտ» օրաթերթ
21.10.2026





















































