Սկիզբը՝ այստեղ
Ճնշո՞ւմ, թե՞ հարաբերությունների վերակազմավորում
Անկարան կփորձի ճնշումը պահել կառավարելի մակարդակի վրա
Անկարայի համար ստեղծված իրավիճակը նուրբ է։ Մի կողմից՝ Էրդողանի իշխանության ներկայացուցիչները չեն կարող ամբողջությամբ անտեսել հիջաբի հարցի շուրջ թուրքական հասարակության մի մասի դժգոհությունը, մյուս կողմից՝ Ադրբեջանը Թուրքիայի համար առանցքային նշանակության և անփոխարինելի ռազմավարական դաշնակից է, և ճիշտ այդպիսի դաշնակից է Թուրքիան Ադրբեջանի համար, նրանց հարաբերությունները կապված են էներգետիկ, ռազմական, տրանսպորտային եւ տարածաշրջանային շահերի հետ։ Հետեւաբար, Անկարայի արձագանքը պետք է դիտարկել ոչ միայն գաղափարախոսական կամ կրոնական համերաշխության, այլեւ պետության շահերի համատեքստում։
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հերքել էր երկու երկրների միջեւ քաղաքական ճգնաժամի մասին պնդումները՝ նշելով, որ տարբերությունները քննարկվում են դաշնակցային հարաբերությունների շրջանակում։ Հետագա օրերին, սակայն, թուրք պաշտոնյաների եւ իշխող կուսակցության առանձին ներկայացուցիչների հայտարարությունները ցույց տվեցին, որ հարցը չի սահմանափակվում հասարակական քննադատությամբ։ Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի իշխանական շրջանակները կրկին կոչ արեցին տարաձայնությունները քննարկել «ընտանիքի ներսում», իսկ արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում ընդգծեց, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների ռազմավարական բնույթը գերակա է առանձին խնդիրներից։ Նա նաեւ հաստատեց, որ հարցը քննարկել է Ալիեւի հետ։
Կարելի է ենթադրել, որ Անկարան առայժմ չի ցանկանում թույլ տալ, որ հրապարակային վեճը վերածվի երկկողմ հարաբերությունների ինստիտուցիոնալ ճգնաժամի։ Թուրքական իշխանությունների համար հարաբերությունների սրումը կարող է վնաս հասցնել ոչ միայն ադրբեջանական ուղղությամբ իրենց դիրքերին, այլեւ ավելի լայն տարածաշրջանային ռազմավարությանը։ Ադրբեջանի հետ համագործակցությունը կարեւոր է Կովկասում Թուրքիայի ազդեցության պահպանման, Կենտրոնական Ասիայի հետ կապերի ամրապնդման եւ դեպի արեւելք ձգվող էներգետիկ ու տրանսպորտային նախագծերի համար։
Բացի այդ, երկու երկրների միջեւ առկա է տնտեսական եւ էներգետիկ փոխկախվածություն։ Ադրբեջանի գազը Թուրքիային մատակարարվող էներգակիրների կարեւոր բաղադրիչներից է, իսկ թուրքական տարածքը կարեւոր դեր ունի ադրբեջանական գազի՝ եվրոպական շուկաներ տեղափոխման գործում։ Ադրբեջանական կողմի ներկայացրած տվյալներով՝ 2026-ի առաջին 8 ամիսներին Թուրքիան ստացել է 6,2 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ, իսկ Թուրքիայի տարածքով եվրոպական երկրներ է արտահանվել եւս 7,5 միլիարդ խորանարդ մետր։ Երկու երկրների ռազմական համագործակցության շարունակականության մասին է վկայում նաեւ հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ուզբեկստանի մասնակցությամբ անցկացված համատեղ զորավարժությունը։ Այս պայմաններում հարաբերությունների կտրուկ խզումը կարող է թանկ արժենալ երկու կողմերի համար։
Կարո՞ղ է Թուրքիան, այնուամենայնիվ, կտրուկ քայլերի դիմել ընդդեմ Ալիեւի։ Տեսականորեն Անկարան ունի քաղաքական, տնտեսական եւ դիվանագիտական ազդեցության տարբեր գործիքներ։ Այն կարող է նվազեցնել բարձր մակարդակի քաղաքական շփումների ինտենսիվությունը, վերանայել որոշ համագործակցային նախաձեռնությունների ընթացքը կամ ավելի բացահայտորեն առաջ մղել այնպիսի տարածաշրջանային օրակարգեր, որոնց շուրջ Բաքվի հետ տարաձայնություններ ունի։ Սակայն նման քայլերը դեռ չեն նշանակում, որ Թուրքիան պատրաստ է հրաժարվել Ադրբեջանից կամ նպատակ ունի թուլացնել նրա իշխանությունը։
Առավել հավանական է, որ Անկարան կփորձի ճնշումը պահել կառավարելի մակարդակի վրա։ Այն կարող է թույլ տալ, որ որոշ քաղաքական գործիչներ եւ հասարակական խմբեր քննադատեն Բաքվին, սակայն միաժամանակ պաշտոնական մակարդակում շեշտել դաշնակցության անփոխարինելիությունը։
Այս մոտեցումը հնարավորություն է տալիս արտահայտել դժգոհությունը՝ առանց վտանգելու երկարաժամկետ շահերը։ Միեւնույն ժամանակ, Անկարան կարող է ակնկալել, որ Բաքուն որոշ հարցերում հաշվի կառնի իր դիրքորոշումը, հատկապես Թուրքիայի ներքին քաղաքականության կամ միջազգային հեղինակության խնդիրներին առնչվող հարցերում։
Այդուհանդերձ, կտրուկ քայլերի հավանականությունը զրոյական չէ, եթե տարաձայնությունները տարածվեն ավելի ռազմավարական ոլորտների վրա։ Հիջաբի շուրջ վեճը կարող է դառնալ ավելի լայն անհամաձայնությունների խթան, եթե Բաքուն շարունակաբար մերժի թուրքական կողմի ցանկացած քննադատություն՝ այն ներկայացնելով որպես միջամտություն, իսկ Անկարան իր հերթին սկսի Ադրբեջանի քաղաքականությունը դիտարկել որպես դաշնակցային համերաշխության բացահայտ անտեսում։
Հայաստանի գործոնը. Անկարայի եւ Բաքվի տարաձայնությունների հնարավոր հետեւանքները
Ադրբեջանա-թուրքական հարաբերությունների ներկայիս լարվածության կարեւոր բաղադրիչներից մեկը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցն է։ Թեեւ այս թեման հիջաբի շուրջ ծագած վեճի հետ առաջին հայացքից անմիջական կապ չունի, երկու ուղղություններն էլ առնչվում են նույն հիմնահարցին՝ արդյոք Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստ են միմյանցից անկախ որոշումներ կայացնել այն հարցերում, որոնք վերաբերում են տարածաշրջանային քաղաքականության ապագային։
Բաքուն տարիներ շարունակ ձգտել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տեղի ունենա իր առաջ քաշած պայմանների եւ տարածաշրջանային պատկերացումների շրջանակում։ Ադրբեջանը չի թաքցնում, որ նախընտրում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գործընթացը տեսնել հայ-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր համատեքստում։ Այս մոտեցումը Բաքվին հնարավորություն է տալիս պահպանել ազդեցությունը Երեւանի եւ Անկարայի միջեւ հնարավոր մերձեցման վրա՝ թույլ չտալով, որ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը զարգանա Ադրբեջանի համար անցանկալի ուղղությամբ։
Սակայն Թուրքիայի շահերը պարտադիր չէ, որ ամբողջությամբ համընկնեն Ադրբեջանի պատկերացումների հետ։ Անկարայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող էր ունենալ ինքնուրույն տնտեսական, հաղորդակցային եւ աշխարհաքաղաքական նշանակություն, սակայն Անկարան երբեք այս հարցում չի շեղվել Ադրբեջանին աջակցելու բազմամյա գծից։
Մյուս կողմից, Թուրքիայի ազդեցության ընդլայնումը Հարավային Կովկասում կախված է ոչ միայն Բաքվի հետ դաշինքի ամրությունից, այլեւ տարածաշրջանի մյուս պետությունների հետ կապերի հնարավորություններից։ Հետեւաբար, Հայաստանի հետ հարաբերություններում առաջընթացը կարող էր Անկարայի համար դառնալ սեփական տարածաշրջանային օրակարգն առաջ տանելու միջոց։
Այս համատեքստում առանձնահատուկ կարեւորություն ունի այն հանգամանքը, որ Թուրքիայի քաղաքական շրջանակներում հնչում են ազդակներ՝ Հայաստանի ուղղությամբ հնարավոր առաջընթացը պարտադիր չէ ամբողջությամբ պայմանավորել Ադրբեջանի հետ համաձայնեցմամբ։ Եթե Թուրքիան որոշում կայացներ Երեւանի հետ հարաբերություններում ավելի ինքնուրույն գործել, դա կարող է խորացնել այն մտահոգությունը, որ Անկարան փորձում է վերականգնել սեփական մանեւրի ազատությունը նաեւ այն հարցերում, որոնք մինչ այժմ դիտարկվել են որպես թուրք-ադրբեջանական ընդհանուր քաղաքականության մաս։
Այս դեպքում էլ Թուրքիան կարող է փորձել ընդլայնել իր քաղաքական հնարավորությունները՝ միաժամանակ պահպանելով Բաքվի հետ ռազմավարական կապերը։ Այդ դեպքում երկու երկրների միջեւ մրցակցությունը կարող է դրսեւորվել ոչ թե բաց հակամարտությամբ, այլ այն հարցի շուրջ բանակցություններով, թե ով ինչ չափով պետք է մասնակցի տարածաշրջանային որոշումների ձեւավորմանը։
Հայաստանի համար ստեղծված իրավիճակը կարող է որոշ հնարավորություններ բացել, բայց այն ինքնաբերաբար չի երաշխավորի հայկական դիվանագիտության համար առավելություններ։ Բաքվի եւ Անկարայի տարաձայնությունները չեն նշանակում, որ Թուրքիան փոխել է իր ռազմավարական մոտեցումը Հայաստանի նկատմամբ կամ պատրաստ է անտեսել Ադրբեջանի շահերը։ Նույն կերպ, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը չի նշանակում, որ Բաքուն հրաժարվելու է Հայաստանի նկատմամբ իր պահանջներից կամ մեղմելու է իր քաղաքականությունը։
Ուստի Երեւանը պետք է խուսափի այս իրավիճակը որպես հակառակորդների միջեւ անխուսափելի ճեղք ներկայացնելուց։ Ավելի արդյունավետ կլինի հետեւել այն կոնկրետ որոշումներին, որոնք կարող են ազդել Հայաստանի անվտանգության, հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանների բացման եւ տարածաշրջանային տնտեսական կապերի վրա։ Եթե Անկարան ցանկանում է ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել, Հայաստանը կարող է փորձել այդ հնարավորությունը վերածել գործնական երկխոսության՝ հստակեցնելով, թե ինչպիսի քայլեր են անհրաժեշտ երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։
Միաժամանակ Հայաստանը չպետք է իրեն ներկայացնի որպես Բաքու-Անկարա հակասությունների շահառու՝ առանց սեփական օրակարգի։ Երկու երկրների միջեւ տարաձայնությունների վրա հիմնված քաղաքական հաշվարկը կարող է կարճաժամկետ առումով գրավիչ թվալ, բայց Հայաստանի համար առաջնայինը պետք է լինի սեփական դիրքերի ամրապնդումը, դիվանագիտական հնարավորությունների ընդլայնումը եւ այնպիսի պայմանների ձեւավորումը, որոնց դեպքում տարածաշրջանային գործընթացներում հայկական շահերը կախված չեն լինի բացառապես թուրք-ադրբեջանական հարաբերությունների վիճակից։
Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած լարվածություն ինքնաբերաբար չի հանգեցնելու Հայաստանի նկատմամբ քաղաքականության մեղմացման
Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններում ներկայումս նկատվող լարվածությունը դեռեւս չի կարելի որակել որպես ռազմավարական ճգնաժամ, սակայն այն բացահայտում է երկու երկրների դաշնակցության ներսում առկա հակասությունները։ Հիջաբի շուրջ վեճը ցույց տվեց, որ նույնիսկ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված հարաբերություններում կարող են բախվել պետական ինքնիշխանության, գաղափարախոսական մոտեցումների եւ քաղաքական ազդեցության վերաբերյալ տարբեր պատկերացումներ։ Բաքուն պահանջում է, որ Անկարան հարգի իր ներքին որոշումները, իսկ Թուրքիայի որոշ քաղաքական շրջանակներ ակնկալում են, որ ռազմավարական դաշնակցությունը պետք է ենթադրի նաեւ որոշակի արժեքային համերաշխություն։
Այս հակասության խորքային իմաստն առավել հստակ է դառնում Ալիեւի՝ հոկտեմբերի 2-ի ելույթի համատեքստում։ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ երկիրը Ղարաբաղյան հաղթանակին հասել է սեփական ուժերով, չի ստացել արտաքին հովանավորություն եւ չի ցանկանում, որ որեւէ մեկը միջամտի իր ներքին ու արտաքին քաղաքականությանը։ Այս ուղերձը պետք է դիտարկել որպես հետպատերազմյան Ադրբեջանի ինքնուրույնության քաղաքականության դրսեւորում։ Ալիեւը ձգտում է ամրապնդել այն պատկերացումը, որ Ադրբեջանը ոչ թե Թուրքիայի ազդեցության ներքո գործող գործընկեր է, այլ ինքնուրույն որոշումներ կայացնող պետություն, որը կարող է համագործակցել տարբեր ուժային կենտրոնների հետ՝ առանց որեւէ մեկին բացառիկ իրավունք տալու իր քաղաքականությունը որոշելու հարցում։
Այստեղից, սակայն, չի հետեւում, որ Ալիեւը ցանկանում է խզել Թուրքիայի հետ հարաբերությունները։ Ընդհակառակը, Ադրբեջանի անվտանգության, էներգետիկայի, ռազմական համագործակցության եւ տարածաշրջանային հաղորդակցությունների ոլորտներում Թուրքիայի դերը շարունակում է կարեւոր մնալ։ Նույն կերպ, Անկարան չունի ակնհայտ շահագրգռվածություն՝ հրաժարվելու Բաքվի հետ ձեւավորված ռազմավարական գործընկերությունից։ Երկու պետությունների միջեւ առկա փոխկախվածությունը սահմանափակում է հարաբերությունների կտրուկ վատթարացման հնարավորությունը եւ երկու կողմերին մղում է տարաձայնությունները կառավարելու։
Այդուհանդերձ, եթե ներկայիս հակասությունները շարունակեն ընդլայնվել, հարաբերությունների բնույթը կարող է փոխվել։ Հիջաբի շուրջ վեճին կարող են ավելանալ Իսրայելի հետ Ադրբեջանի կապերի, Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների եւ տարածաշրջանային առաջնորդության շուրջ տարաձայնությունները։ Այդ դեպքում կողմերը ստիպված կլինեն ավելի հստակ սահմանել, թե որ հարցերում են պատրաստ գործել միասին, իսկ որ դեպքերում՝ առաջնորդվել բացառապես սեփական շահերով։ Նման զարգացումը կարող է չհանգեցնել բացահայտ ճգնաժամի, բայց աստիճանաբար նվազեցնել հարաբերությունների այն գաղափարական միատարրությունը, որը երկար ժամանակ ներկայացվել է որպես թուրք-ադրբեջանական դաշինքի հիմք։
Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կփորձի պահպանել հարաբերությունները՝ խուսափելով այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել իր տնտեսական եւ ռազմավարական շահերին։ Սակայն Անկարան կարող է ավելի ակտիվորեն պաշտպանել սեփական դիրքորոշումները, եթե Բաքուն շարունակաբար փորձի սահմանափակել թուրքական ազդեցությունը կամ անտեսել այն հարցերը, որոնք կարեւոր են Թուրքիայի ներքին քաղաքականության եւ տարածաշրջանային օրակարգի համար։ Հետեւաբար, հարաբերությունների հետագա ընթացքը կախված կլինի ոչ այնքան հրապարակային կոշտ հայտարարություններից, որքան այն բանից, թե կողմերն ինչ չափով կկարողանան փոխադարձ հարգանքի եւ գործնական շահերի հիման վրա սահմանել իրենց համագործակցության շրջանակները։
Հայաստանի համար հիմնական եզրակացությունն այն է, որ Բաքու-Անկարա տարաձայնությունները կարող են նոր դիվանագիտական հնարավորություններ ստեղծել, բայց չեն վերացնում առկա սպառնալիքներն ու հակասությունները։ Երեւանում չպետք է ենթադրեն, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած լարվածություն ինքնաբերաբար հանգեցնելու է Հայաստանի նկատմամբ քաղաքականության մեղմացման։ Եթե Անկարան իսկապես ձգտի Հայաստանի հետ հարաբերություններում ավելի ինքնուրույն քայլերի, Երեւանը պետք է պատրաստ լինի այդ հնարավորությունը վերածելու հստակ, փոխադարձ եւ գործնական պայմանավորվածությունների։ Ալիեւի նպատակը, ըստ ամենայնի, Թուրքիայի հետ դաշինքից հրաժարվելը չէ, այլ այդ դաշինքում Ադրբեջանի ավելի ինքնուրույն դիրքի ամրապնդումը։ Իսկ Անկարայի խնդիրը կլինի պահպանել իր ազդեցությունը՝ առանց Բաքվին այնպիսի տպավորություն տալու, թե ռազմավարական գործընկերությունը ենթադրում է քաղաքական ենթակայություն։
Հետեւաբար, Հայաստանի համար առավել արդյունավետ քաղաքականությունը կլինի ոչ թե այդ հակասությունների խորացմանը հույս կապելը, այլ դրանցից բխող հնարավորությունները սթափ գնահատելը եւ սեփական ազգային շահերն առաջ տանելու համար գործնական քայլեր ձեռնարկելը։
Ամփոփումը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.10.2026



















































