Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմնորոշվելու հրամայականը

Սեպտեմբեր 16,2020 10:00

Երբ 1990-ականների կեսերին կրթության նախարար Աշոտ Բլեյանը որոշել էր, որ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատունը» պետք է ուսումնասիրվի դպրոցի համապատասխան դասարանում որպես հայ գրականության կարեւոր երկերից մեկը, բայց այդ գործը չպիտի հիմք դառնա առաջին դասարանից սկսած դպրոցական միջոցառումների համար, Բլեյանի ընդդիմախոսները նախ հայտարարեցին, որ ապազգային նախարարն արգելել է դպրոցում անցնել «Անլռելի զանգակատունը», եւ դրանից եզրակացրին, որ նա Աթաթուրքից եւ Աբդուլ Համիդից վատն է: Ճի՞շտ էր նախարարի հրահանգը, թե՞ սխալ՝ տվյալ դեպքում էական չէ: Այդպիսին էր այն ժամանակվա կառավարության գաղափարախոսությունը, որը եւ թելադրում էր այս կամ այն գործելակերպը: Եթե կառավարությունը լիներ դաշնակցական՝ այդ կուսակցությունը ներկայացնող նախարարը գուցե հրահանգեր, որ բոլոր դպրոցներում դասերից առաջ այրեն թուրքական դրոշը, եւ այդ հրահանգը նույնպես հասկանալի կլիներ:

90-ականների սկզբին Հրանտ Բագրատյանի կառավարությունը որոշել էր, որ հողը պետք է հանձնել գյուղացիներին, որոնք կարող են որոշեն, թե որ մշակաբույսերն են մշակելու եւ ինչպես են դրանք վաճառելու: Ոմանք կարծում են, որ դա սխալ ճանապարհ էր, որով Բագրատյանը քանդեց «էս գյոզալական երկիրը»: Եթե իշխանության մնային կոմունիստները, նրանք, շատ հավանական է, կպահպանեին կոլխոզները, եւ այդ դեպքում Կենտկոմն էր որոշելու, թե որքան բողկ պետք է ցանի յուրաքանչյուր գյուղացին, եւ ստացած բողկերից որքանն է հասնելու այդ գյուղացուն, իսկ որքանը՝ պետությանը: Թե՛ Բագրատյանի եւ թե՛ կոմունիստների դեպքում նրանց մոտեցումների գաղափարական հիմքը միանգամայն պարզ է: 1998-2018 թվականներին կառավարությունների հիմնական մոտիվացիան նույնպես հայտնի է՝ հարստանալու հնարավորինս լայն հնարավորություններ ստեղծել չինովնիկների եւ նրանց «մերձակա» օլիգարխների համար: Դրանք, մեղմ ասած, ազնիվ մղումներ չէին (չնայած երբեմն բերում էին դրական արդյունքների), բայց բոլոր դեպքերում այդ մղումները հասկանալի են:

Ներկայիս կառավարությունը դեմ է «իզմերին»՝ այդ բառի դասական իմաստով, բայց դա չի նշանակում, որ այն չի առաջնորդվում ոչ մի գաղափարախոսությամբ. Այս կառավարության գործունեության հիմքում, ինչպես արդեն բազմիցս ասվել է, ընկած է պոպուլիզմը, որի հիմնական առանձնահատկությունն է բոլորին դուր գալու ձգտումը: Բայց, ցավոք, դա հնարավոր չէ: Այս կամ այն ոլորտում քաղաքականություն մշակողը մշտապես պարտադրված է ընտրություն կատարել: Օրինակ, եթե ճիշտ է, որ աղքատությունը մարդկանց ուղեղում է, ապա պետք է փոխել ուղեղները: Իսկ եթե ուղեղում չէ, ուրեմն կառավարությունը պետք է ապահովի իր քաղաքացիների բարեկեցիկ ու երջանիկ կյանքը: Այդ երկու մոտեցումները հնարավոր չէ համատեղել: Հնարավոր չէ հավասարապես դուր գալ ե՛ւ բնապահպաններին ե՛ւ հանքարդյունաբերողներին, ազատականներին եւ հոմոֆոբերին, «ոչ մի թիզ հող»-ականներին եւ փոխզիջումներ փնտրողներին, այսպես կոչված «Սասնա ծռերի» համակիրներին եւ օրինապաշտ քաղաքացիներին: Նման հարցերում ընտրություն կատարելով է միայն կառավարությունը կարողանում որոշել իր առաջնահերթությունները, ասենք, տնտեսության մեջ, կրթական եւ միջազգային հարաբերությունների ոլորտում: Բայց դա նշանակում է՝ հրաժարվել  պոպուլիզմից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Լիովին համաձայն եմ վերջին մտքի հետ՝ հրաժարվել պոպուլիզմից: Բայց պոպուլիզմը այս կառավարության միակ թերությունը չէ: Կան նաեւ՝ մեղմ ասած, ոչ պրոֆեսիանալ, իրավիճակը չհասկացող տասնյակ պաշտոնյաներ: Այս ամբողջությունը մեզ բերում է այսօրվա տխուր վիճակին:

  2. henri says:

    Ճիշտ է որ «կողմնորոշուելու հրամայական»ը կայ,բայց ուր է այն Հեղինակաւոր անձը որ պիտի կարենայ ղեկին գլուխ անցնիլ եւ տայ այդ անհրաժեշտ ուղղութիւնը ։ Քայլարշաւի մը ընթացքին ձեւաւորուած յեղափոխութիւն մըն էր ,որ չգիտէին ինչպէս անուանել և կոչեցին « Թաւշեայ » -կողմնորոշում մը թաւիշով չի կրնար փոխուիլ -սա կը նմանի բոլորաձեւ քառակուսի-ի մը ,մանաւանդ մեր պարագային խումբի հետեւորդները տկար են ,/ինչպէս ցոյց կու տան անվերջ վէճերը և հրապարակային ելոյթները/ եթէ նոյնիսկ առաջնորդը մեծ
    ճարտարութեամբ զիրենք կրցաւ հասցնել մինչեւ Հանրապետութեան հրապարակ ։

  3. Ruben says:

    1980-ականների վերջին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության քաղաքական թատերաբեմի երկու «ավանդական» տեսակներին` գաղափարախոսական և պրագմատիկ, ավելացավ երրորդը` մանիպուլյատիվ քաղաքականությունը: Կրեմլի (ռուսական) կոմունիստական կայսրությունը ոչնչացնելու համար գործի անցան մանիպուլյատորները` քաղտեխնոլոգները: 1990-ին «Պատվիրատուի» քաղտեխնոլոգները ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը թարմացրեցին արհեստականորեն ստեղծված բազմակուսակցությամբ: 1990-ին ՀԽՍՀ անողնաշար Կոմունիստական կուսակցությունը իշխանությունը փոխանցեց ՀՀՇ-ին ճիշտ այնպես, ինչպես 2018- ին հանրապետական կուսակցությունը քաղաքացիական պայմանագրին (քայլողներին): Կոմունիստական (կոմերիտական) առաջնորդներն ու գործիչները կերպարանափոխվեցին եւ դարձան ՀՀՇ-ականներ ճիշտ այնպես, ինչպես հետագայում ՀՀՇ-ականները` հանրապետականների, հանրապետականները` «Դուխով» գրությամբ գլխարկակիրների:
    Հանրապետությունում իշխող երիտասարդ, ապաշնորհ ՀՀՇ-ականները (ինչպես այսօր քայլողները) նորածին պետության քաղաքական դաշտը փոխարինեցին քաղաքական տեխնոլոգիաներով: Հասարակությունը դադարեց հասարակություն լինելուց `վերածվելով պարզապես մարդկանց հավաքածուի:

    Աշոտ Բլեյանը(ՀԽՍՀ ժողկրթնախարարության հանրակրթական փորձնական գիտաարտադրական համալիրի տնօրեն, 1989), ով Փաշինյանի «քաղաքականության» կնքահայրն է, անտեսանելի մանիպուլյատորների «անտեսանելի» կամակատարներից է (ինչպես այսօր Արայիկ Հարությունյանը): «Я так думаю»…

    Եթե չլինեին սպանությունների շարքը Լեւոն Տեր Պետրոսյանի օրոք, մի գուցե մենք այսօր կունենաինք պետության ինքնիշխան քաղաքականություն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930