Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Արցախցի 7-ամյա Անգելինան ծննդյան տորթի մոմը փչելուց խաղաղություն ցանկացավ

Հոկտեմբեր 10,2020 18:30 Share

Արցախցի Սյուզաննա Նարինյանի մտքով անգամ չէր կարող անցնել, որ 4–րդ զավակի՝ Անգելինայի 7-րդ տարեդարձը կարող է տնից հեռու նշել՝ Կապանում։ Երեք տղա ունի, աղջիկը փոքրն է, մեծ տղան 17 տարեկան է։ Արցախի Մարտունի քաղաքից են ժամանակավոր բնակության տեղափոխվել Կապան, հանգրվանել «Վանատուր» հյուրանոցա-ռեստորանային համալիրում:

Ինչպես միշտ, այս տարի էլ Անգելինայի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 9-ին տոնական սեղան կար, տորթ՝ մոմով, երաժշտություն, հեքիաթի հերոսներ, ծաղրածու։ Ամեն ինչ արվել էր, որ Անգելինան օտարություն չզգա, ու ծննդյանը տոնն ուրախ անցնի։ Նվերներ նույնպես ստացավ Անգելինան, բայց ամենանվիրական ցանկությունը, որ պահել էր ծննդյան տորթի մոմը փչելուց՝ խաղաղությունն էր, որ պատերազմը շուտ վերջանա։

«Ստեղ վատ չի, բայց մեր տունը ավելի լավ ա։ Բաբոս, մեր բարեկամները էնդեղ են։ Ծնունդիս չկային»,–ասում է յոթնամյա հոբելյարը։ Ի դեպ, Անգելինան էր ցանկացել, որ տորթը՝ Հայաստանի ու Արցախի դրոշներով լինի, անպայման գրված լինի՝ հաղթելու ենք։

«Ջանք չխնայեցինք Անգելինայի օրը տոն դարձնելու համար՝ ցանկանալով հայոց աշխարհին խաղաղություն, իսկ փոքրիկ հրաշքին՝ հեքիաթային մանկություն։ Բայց եւ այնպես՝ նրա ու բոլորի երեխաների հայացքներում կարոտ կա դեպի իրենց հայրենի տունը՝ Արցախը։ Տա՛ Աստված, այս ամենը շուտ ավարտվի»,–ասաց համալիրի տնօրեն Սիլվա Բաղդասարյանը։

«Բոլոր հարազատներս Մարտունի են։ Այստեղ տիկին Սիլվան ու բոլոր աշխատակիցները դարձան իմ բարեկամները։ Շնորհակալ եմ, ամեն ինչ անում են, որ ոչ մի բանի կարիք չզգանք»,–ասաց Սյուզաննան։

Նա ցավով նշեց, որ հոկտեմբերի 1-ին զոհվել է ամուսնու եղբոր տղան՝ Գրիշա Նարինյանը, որը Մարտունիում ուղեկցում էր լրագրողներին։ «Բայց երեխա ա, մտածեցինք ծնունդը նշել, դրանով իսկ թշնամուն հասկացնել, որ արցախցին, ղարաբաղցին ընկճվող չի։ Պայքարելու ենք ու հաղթենք»,–ասաց Սյուզաննան։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Հ․Գ․ Ի դեպ, Արցախում վիրավորված ֆրանսիական Le Monde-ի լրագրող Ալան Կավալը իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտել բոլոր նրանց, ովքեր օգնել են փրկել իր կյանքը։ «Հրետակոծության պատճառով զոհվեց Մարտունու քաղաքապետարանի աշխատակից Գրիշա Նարինյանը, որը մեզ ցույց էր տալիս նախորդ հրետակոծության հետքերը։ Նա 28 տարեկան էր։ Իմ մտքերն ամեն օր նրա եւ նրա հարազատների հետ են։ Նա զոհվեց, որովհետև ուզում էր, որ աշխարհն իմանա, թե ինչի միջով է անցնում իր ժողովուրդը»,- գրել է Կավալը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031