Լրահոս
Օրվա լրահոսը

7 մատչելի դեղաբույս, որոնք կօգնեն մաքրել օրգանիզմը, ամրապնդել իմունիտետն ու հաղթահարել սթրեսը

Հոկտեմբեր 31,2020 23:00

Նոր կորոնավիրուսի համավարակը, սեզոնային հարբուխն ու գրիպը, հիվանդանոցների ու բուժհաստատությունների գերծանրաբեռնվածությունը, համընդհանուր սթրեսն ու լարվածությունը լրջագույն մարտահրավեր են յուրաքանչյուրիս առողջության, հատկապես իմունային համակարգի համար։

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում առանձնացրել ենք 7 բնական դեղամիջոց, որոնք օժտված են իմունային համակարգն ամրացնող և առողջությունը բարելավող ընդգծված ազդեցությամբ և լինելով մատչելի միջոցներ՝ կարող են որոշ չափով նպաստել առողջության բարելավմանը, ընդհանուր լարվածության թուլացմանն ու սթրեսի հաղթահարմանը։

Հնուց ի վեր կանայք, հանդես գալով որպես «ընտանեկան բժիշկներ», դեղաբույսերի հիմքով բազմաթիվ դեղամիջոցներ են պատրաստել և ունեցել իրենց ձեռքի տակ՝ ցուցաբերելով առաջին օգնությունն ընտանիքի բոլոր անդամներին։ Մեր օրերում էլ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհի բնակչության մոտ 80 տոկոսը շարունակում է օգտագործել դեղաբույսերը՝ որպես բուժման միջոց։ Եվ ամենևին էլ անտեղի չի լինի «ընտանեկան դեղատուփը» դեղաբույսերի մի քանի տեսակներով համալրելը։

Մենք առանձնացրել ենք այն պարզ տարբերակները, որոնք հասանելի են ամենուր՝ թե՛ խանութներում, թե՛ դեղատներում։

1. Անանուխ– անանուխն օգտակար է շնչառական համակարգի համար, այն խորհուրդ է տրվում օգտագործել հարբուխի, հազի, ասթմայի, թոքերի հետ կապված խնդիրների ժամանակ։ Անանուխի յուղը մաքրում է շնչուղիները, ունի խորխաբեր ազդեցություն։ Հարբուխի ախտանշանները և հազը թեթևացնելու համար կարող եք կրծքավանդակի հատվածը մերսել անանուխի եթերային յուղով կամ շնչել անանուխի եթերայուղի գոլորշին։

Այս բույսն օժտված է հանգստացնող ազդեցությամբ, նպաստում է ներքին օրգանների մկանների թուլացմանը, ինչի շնորհիվ օգնում է ազատվել փորափքանքից, գազերի պատճառով առաջացած որովայնի ցավերից։ Այդ նպատակով կարող եք անանուխով թեյ պատրաստել կամ մի փոքր անանուխի յուղ ավելացնել թեյին։

Ի դեպ, անանուխի եթերայուղը օգնում է նաև գլխացավի դեմ պայքարում․ դրանով կարող եք մերսել քունքերը, ճակատը կամ մի քանի կաթիլ կաթեցնել թաշկինակի վրա ու շնչել եթերայուղի բույրը, որը նաև օժտված է հակասթրեսային, հիշողությունը բարելավող ազդեցությամբ։

Անանուխի յուղը արոմաթերապիայի հրաշալի միջոց է, այն նաև կարելի է ավելացնել տունը մաքրող միջոցների մեջ՝ հաղորդելով դրանց հակամանրէային ազդեցություն և հաճելի բույր։

Նշենք, որ անանուխի թարմ տերևներն ավելի բուրավետ են և դրանցով ոչ միայն թեյ, թուրմ կարող եք պատրաստել, այլև ավելացնել աղցաններին, մրգային սալաթներին։ Ի դեպ, անանուխն այգում կամ տանը միջատների դեմ պայքարող միջոց է համարվում։

2․ Կոճապղպեղ – կոճապղպեղը ոչ միայն ուտեստներին յուրահատուկ համ հաղորդող հրաշալի համեմունք է, այլև մի ողջ դեղատուփ․ այն օժտված է հակաբակտերիալ, հակավիրուսային, հակաճիճվային, հակասնկային ու հակաօքսիդանտային հզոր ազդեցությամբ։ Այս արմատը հայտնի է որպես սրտխառնոցի դեմ պայքարող լավագույն միջոց, որը շատ լավ է ազդում ծովային հիվանդության, հղիության ժամանակ կամ քիմիաթերապիայի պատճառով առաջացող սրտխառնոցի դեպքում։

Այն նաև հակաբորբոքային ազդեցություն ունի և օգնում է հոդացավի, գլխացավի, կանանց դաշտանային ցավերի ժամանակ։ Նույնիսկ կան տվյալներ, որ կոճապղպեղն օգնում է պայքարել միգրենի դեմ։ Իմբիրը հակաքաղցկեղային հատկություններ ունի, այն բավականին լավ է ազդում ասթմայի, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության, ստամոքսի խանգարումների դեպքում։

Կոճապղպեղը պարունակում է հզոր ֆերմենտներ, որոնք նպաստում են օրգանիզմի կողմից սպիտակուցների մարսողությանը, և ընդհանուր առմամբ բարենպաստ է անդրադառնում աղեստամոքսային համակարգի աշխատանքի վրա։ Վերոհիշյալ հատկությունների շնորհիվ կոճապղպեղը համարվում է իմունային համակարգի լավագույն բարեկամ և օգնական, իսկ յուրահատուկ համային հատկանիշները կոճապղպեղի համար խոհանոցում լայն հնարավորություններ են ստեղծում։

3. Երիցուկ – թերևս բոլորն էլ գիտեն՝ երիցուկի թեյն ունի նյարդերը հանգստացնող ազդեցություն․ այն նաև շատ լավ օգնում է ստամոքսի խանգարման ժամանակ։ Սակայն երիցուկի բուժիչ ազդեցությունը շատ ավելի լայն է․ այս համեստ դեղաբույսն օժտված է հակաբորբոքային, հակամանրէային, թուլացնող ու հանգստացնող հատկություններով: Այն բավականին արդյունավետ է մաշկային խնդիրների, լնդերի բուժման համար։

Երիցուկի յուղը հիանալի միջոց է անքնության խնդիր ունեցող, տագնապալի կամ անհանգիստ վիճակում գտնվող մարդկանց համար։ Երիցուկը ոչ միայն հանգստացնում է նյարդերը, այլև թուլացնող ազդեցություն է գործում մկանների ու հոդերի վրա, թեթևացնում է դաշտանային, մեջքի ցավերը, կարգավորում մարսողությունը։

Մաշկի վրա տեղային օգտագործման դեպքում երիցուկի յուղն ու թուրմը վերացնում են մաշկի կարմրություն ու գրգռվածությունը, պատահական չէ, որ երիցուկի հյութահանուկը պարունակվում է մաշկի խնամքի ամենատարբեր միջոցների կազմում։
Երիցուկը նաև օգնում է ազատվել քորից, ալերգիկ ռեակցիաների հետևանքներից, այտուցներից, ցանից։

4․ Մեխակ – անուշաբույր այս բույսն իրականում շատ անողոք է ամեն տեսակի մակաբույծների, մանրէների և առողջությանը սպառնացող այլ մանր, բայց մեծ վտանգների նկատմամբ։ Այս ծաղկի կոկոնը հակամիկրոբային հզոր ազդեցությամբ օժտված եթերային յուղեր, А, С, В, Е վիտամիններ, տարբեր հանքանյութեր ու բուրավետ միացություններ է պարունակում և ունի ցավազրկող, հակասեպտիկ, սպազմոլիտիկ, աղեստամոքսային տրակտի աշխատանքը կարգավորող, միզամուղ, իմունային համակարգն ամրապնդող ազդեցություն։

Տվյալ բույսի ճիշտ օգտագործման դեպքում օրգանիզմը մաքրվում է հելմինտներից և այլ մակաբույծերից։ Մեխակի մեջ պարունակվող ֆենոլային նյութերը ակտիվորեն քայքայում են ճիճուների, դրանց ձվերի ու թրթուրների արտաքին թաղանթը և դուրս բերում դրանք օրգանիզմից։

Ընդ որում, մեխակը մաքրում է ոչ միայն մարսողական համակարգը, այլև արյան պլազման, վերարտադրողական օրգաններն ու նյարդային համակարգը։ Այս օգտակար համեմունքը կարգավորում է մարսողական համակարգի աշխատանքը, վերացնում օրգանիզմի վրա մակաբույծների գործած ազդեցության հետևանքները։ Այս բույսի ակտիվ նյութերը խթանում են օրգանիզմի պաշտպանական գործառույթները։

5. Սխտորսխտորը թերևս ամենահայտնի միջոցն է, երբ խոսք է գնում իմունային համակարգն ամրացնող բնական միջոցի մասին, և դա ամենևին էլ պատահական չէ․ սխտորն օժտված է իմունիտետը խթանող, հակամանրէային, հակաբորբոքային, հայասնկային, հակավիրուսային ազդեցություններով։

Սխտորը նվազեցնում է բորբոքային պրոցեսներն օրգանիզմում, բարելավում իմունային գործառույթը, սիրտ անոթային համակարգի վիճակը, ունի հակաքաղցկեղային ազդեցություն։ Սխտորի մեկ այլ կարևորագույն առանձնահատկությունը՝ այն ազդեցիկ է դեղամիջոցների նկատմամբ կայունություն ցուցաբերող բակտերիաների նկատմամբ։

Սխտորի ծծումբ պարունակող բաղադրիչները (ալլիցին) օրգանիզմի կողմից յուրացվելու ընթացքում սուլֆենաթթու են արտադրում, որը շատ արագ է ռեակցիայի մեջ մտնում վտանգավոր ազատ ռադիկալների հետ։ Ահա թե ինչու է սխտորը համարվում լավագույն հակատարիքային մթերքներից մեկը։

Սխտորի օգտագործումն օգնում է պայքարել հարբուխի և գրիպի հարուցիչների դեմ։ Մի հետազոտության արդյունքների համաձայն՝ նրանք, որոնք 3 ամսվա ընթացքում ամեն օր սխտոր են օգտագործել, ավելի քիչ են հիվանդացել հարբուխով, քան նրանք, որոնք պլացեբո էին ընդունել։

6.Նարդոս – նարդոսի յուղը քիմիական բարդ կառուցվածք ունի և բաղկացած է ավելի քան 150 ակտիվ միացություններից։ Եթերայուղն օժտված է թուլացնող, ցավազրկող, հանգստացնող ու խթանիչ հատկություններով, ունի բակտերիասպան, հակավիրուսային, հակաբորբոքային ազդեցություն։

Նարդոսի յուղը բարենպաստ է անդրադառնում շնչուղիների առողջության վրա։ Այն կարող է օգնել այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են հարբուխը, գրիպը, քթի փակվածությունը, հազը, բրոնխիտը, ասթման, կոկորդի ցավը և այլն։ Վերոնշյալ խնդիրների հաղթահարմանը նպաստում է նարդոսի յուղը, որը կարելի է քսել պարանոցին, մեջքին, կրծքավանդակին, կամ շնչել նարդոսի յուղի գոլորշին։

Նարդոսի յուղն իր հանգստացնող ու թուլացնող հատկությունների շնորհիվ օգտակար է անքնության, դեպրեսիայի, տագնապի, անհանգստության ժամանակ։

Այն բարձր արդյունավետություն է ցուցաբերել մաշկային ու եղունգների հետ կապված խնդիրների բուժման ժամանակ, օգնում է վերքերի ապաքինմանը, ինչպես նաև արդյունավետ է միջատների խայթոցից առաջացած քորը հանգստացնելու համար։ Նարդոսի յուղը նաև կիրառվում է մազերի խնամքի համար, այն ոջիլներից, տարատեսակ մակաբույծերից ազատվելու միջոց է։

Նարդոսի յուղը կարելի է օգտագործել ցավազրկման նպատակով՝ սրսկումներից հետ, ինչպես նաև մկանային լարվածության, հոդացավերի ժամանակ, պարզապես վնասված հատվածը պետք է մերսել այդ եթերայուղով։

7. Խատուտիկ– այս բույսի թուրմն ավանդաբար օգտագործվում է որպես խթանող միջոց լյարդի, երիկամների համար։ Այն օգտակար է փայծաղի, երիկամների և միզապարկի, ինչպես նաև երիկամաքարային հիվանդությունների ժամանակ, ունի միզամուղ, խուխամուղ, մարսողությունը կանոնավորող հատկություն։

«Արյունը մաքրելու», օրգանիզմը տոնուսավորելու համար խորհուրդ է տրվում օրական ընդունել 50-100գ․ թարմ բուսահյութ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031