Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հասել էինք այս հանգրվանին, ավելի լավ էր որեւէ բան չստորագրել, թողնել Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին». Վանեցյան

Նոյեմբեր 11,2020 19:55 Share

Հարուցված քրեական գործի շրջանակում ՀՀ ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը որպես վկա այսօր ԱԱԾ-ում հարցաքննվել է որպես վկա՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար: Այս մասին քիչ առաջ ԱԱԾ-ում հարցաքննության ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արթուր Վանեցյանը:

«Երեւի Արցախը հանձնելու դավաճանական պայմանագիրը ստորագրելու մասին բարձրաձայնելը եւ բողոքի ձայն հղելն այս իշխանությունը համարում է տեղեկատվության կանոնների խախտում»,-նշեց Վանեցյանը: Իրավիճակի վերաբերյալ նա ասաց. «Առաջնահերթ պետք է արվեր ամեն ինչ, որպեսզի չլիներ այս պատերազմը: Քանիցս ասել եմ, որ Փաշինյանի ապաշնորհ արտաքին քաղաքականության արդյունքում հասնելու ենք մի կետի, որից հետո լինելու է պատերազմ: Տարի եւ կես առաջ նաեւ սա նկատի ունեի: Ներկայացնում էին, թե ես իբրեւ դավաճանել եմ Նիկոլ Փաշինյանին, հեղափոխության գաղափարները, մինչդեռ ժամանակը ցույց տվեց, որ միակ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է, որը ստորագրեց «ղազագիրը» եւ, կներեք, «կզեց» թուրքադրբեջանական իշխանության դիմաց»,-համոզմունք հայտնեց նա:

Վանեցյանի խոսքով. «Եթե երկիրը նորմալ կառավարվեր, պարգեւավճար բաժանելու փոխարեն, անիմաստ տեղը «ՍՈՒ 30» կործանիչների փոխարեն Նիկոլ Փաշինյանը լսեր մասնագետներին եւ գներ օդը պաշտպանող զենք, բանակը ճիշտ կառավարեր, այսօր չէինք ունենա այս պատերազմը կամ պատրաստ կլինեինք դրան…ես չեմ ասում, որ «ՍՈՒ 30»-ներն անիմաստ են: Դրանք շատ լավ կործանիչներ են, բայց դրանք մեր բանակի համար այս պահին անհրաժեշտություն չէին: Ընդ որում, տեղեկատվությունը, որ այս պատերազմը լինելու է այլ պատերազմ, որ մարդկային գործոնը գրեթե դեր չի խաղալու, այդ ողջ տեղեկատվական բազային, վստահեցնում եմ, Փաշինյանը եւ անվտանգության խորհուրդը տեղյակ էին մանրամասնորեն»:

Վանեցյանը պնդեց մոտեցումը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, պետք է ձեւավորվի նոր կառավարություն: Հարցին՝ եթե չստորագրվեր Արցախի հարցով ստորագրված հայտարարությունը, դրա այլընտրանքը ո՞րը պետք է լիներ, Վանեցյանը պատասխանեց. «Կառավարությունը պետք է ստույգ գնահատեր իրավիճակը եւ կատարեր համապատասխան քայլեր: Եթե իրավիճակին ճիշտ գնահատական չի տրվել, այլ «ֆեյսբուքյան» գրառումներով՝ «հաղթում ենք», դա է ամենակարեւոր եւ մեծ սխալը: «Ֆեյսբուքով» պատերազմ չեն հաղթում, այլ կոնկրետ գործողություններով, հաշվի են առնում ռազմական պոտենցիալը, արտաքին գործընկերների հետ հարաբերությունները, մինչդեռ գրեթե բոլոր արտաքին գործընկերների հետ նվազել են մեր հնարավորությունները»:

Ճշտող հարցին՝ «հնարավո՞ր էր այլ փաստաթուղթ ստորագրել», Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Եթե հասել էինք այս հանգրվանին, ավելի լավ էր որեւէ բան չստորագրել, թողնել Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին…բայց որեւէ բան չստորագրեինք, Սյունիքով Ադրբեջանին միջանցք չտայինք, Քարվաճառն ու Բերձորը չտայինք: Քարվաճառը չէին կարող վերցնել, անհնար էր դա: Բերձորի մի հատվածն էլ կպահեինք, որից հետո ժամանակ կձգեինք, որից հետո ռազմական կամ դիվանագիտական ճանապարհով կվերադարձնեինք մեր հողերը: Սա դավաճանական պլան էր, որը Նիկոլ Փաշինյանն ու իր հետ մի քանի հոգի որոշված իրագործել են»:

Ըստ Արթուր Վանեցյանի՝ եթե ձեւավորվի նոր կառավարություն, կլինի Արցախի հարցում նոր բանակցող, եւ դրա դերում նա տեսնում է ազգային արժեքներ կրող ցանկացած գործչի, որը կաշխատի ի շահ Արցախի եւ Հայաստանի հանրապետություններին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30