Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արշավիր Գասպարյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի նախագահի, ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի ստորագրած փաստաթուղթը իրավասու է չեղարկել ՀՀ Ազգային Ժողովը։
«Սա ոչ թե հայտարարություն է, ինչպես ներկայացվում է, այլ բառի բուն իմաստով միջազգային պայմանագիր է։ Իրավական տեսանկյունից անհրաժեշտ էր, որ Ազգային Ժողովը քննարկեր, իր համաձայնություն տար, իսկ այն չի մտել Ազգային ժողով։ ԱԺ-ն հիմա էլ այն կարող է չեղարկել, ուղղակի այստեղ շատ անորոշ, անհասկանալի հարցեր կան, չեղարկելուց հետո ո՞րն է լինելու մեր երկրորդ քայլը, ռազմավարությունը։ Ուզում եմ հասկանալ, թե այս պայմանագրի ստորագրումը ինչո՞վ է պայմանավորված, ի՞նչ հանգամանքներում ստորագրվեց, ի՞նչը ստիպեց ստորագրելու, պատճառները մեզ հստակ պարզաբանված չեն․․․ Պարտավոր են հասարակությանը պարզաբանելու նաև ենթակետերը, որոնք լղոզված են, պիտի հասկանանք ո՞րն ենք հանձնում, որո՞նք են երաշխիքային գործոնները, ես այդտեղ երաշխիքներ չեմ տեսնում։
Չեմ պատկերացնում՝ Շուշին հանձնելով՝ ինչպես են մարդիկ բնակվելու Ստեփանակերտում: Հիշենք 1992 թվականը, հենց Շուշիից էին գրադ կայանքներով հարվածում Ստեփանակերտին։ Հիմա ի՞նչ են առաջարկում, նույն պատմությունը կրկնվի՞, Շուշին մեզ համար կդառնա մի նոր փորձություն, որ ամեն անգամ Ստեփանակերտի բնակիչները ստիպված լինեն մտնել նկուղների մեջ։
Չգիտեմ խաղաղապահների երաշխիքն ինչքանո՞վ է արդարացված, հինգ տարով են խաղաղապահները դրվում, կողմերից մեկը կարող է պահանջ ներկայացնել, որ վեց ամիս շուտ դուրս գան խաղաղապահները։ Ես չեմ զարմանա, որ Ադրբեջանը 4,5 տարի հետո ասի՝ մեզ խաղաղապահներ պետք չեն, ու մենք խնդրի առջև կանգնենք, ինչպես եղավ 1917 թվականին, երբ Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջում տեղի ունեցավ, կովկասյան ճակատից ռուսական զորքը հեռացավ, մենք կանգնեցինք թուրքերի հետ դեմ հանդիպման, վտանգ կա, որ պատմությունը կարող է կրկնվել։
Կարդացեք նաև
Ինձ անհասկանալի է փախստականների վերաբնակեցումը, դա ընդհանրապես պատկերացնել հնարավոր չէ, Շուշին, Քարվաճառը, Ֆիզուլին տալիս ենք, աբսուրդ է ադրբեջանցիների հետ ապրելը։ Համատեղ ապրելը ո՞նց եք պատկերացնում, եթե անգամ այդպիսի բան էլ լինի, այնպիսի քաղաքականություն կիրականացնեն, որ ակամա կթողնենք, հեռանանք, Նախիջևանի ճակատագիրը կլինի, ոչ մի տարբերություն չեմ տեսնում, մանավանդ, որ տարածքների հանձնումը ստեղծել է մի իրավիճակ, որ Արցախը լրիվ շրջափակված է ադրբեջանցիներով, թուրքերով։ Դե յուրե Արցախից մի բան է մնում մեզ՝ մայրաքաղաքը, բայց դե ֆակտո ոչինչ էլ չի մնում»։
Պատմաբանը չի շտապում պայմանագիրը դավաճանական քայլ անվանել․ ուզում է լիարժեք կերպով հասկանալ, թե ինչով էր պայմանավորված նման փաստաթղթի ստորագրումը։
«Նորից եմ կրկնում՝ պիտի հասկանանք այս փաստաթղթի ստորագրման տակ ի՞նչ է թաքնված, պիտի լիարժեք ուսումնասիրվի, նոր գնահատականներ տանք։ Պատճառների մասին պարտավոր են խոսել, վերջիվերջո ի՞նչ ստացվեց՝ ոչ մեկը ոչնչից տեղյակ չէ, պայմանագիր է ստորագրվում։ Կարևոր է պարզաբանվի՝ ի՞նչ դրդապատճառ է եղել ու դրանից հետո մենք ինչ մարտավարություն ու ռազմավարություն պիտի որդեգրենք։
Ինչ-որ մի բան կա թաքնված, սա անկեղծ ասած ինձ հիշեցնում է Բաթումիի հաշտության պայմանագիրը, մայիսյան հերոսամարտերում մենք փայլուն հաղթանակներ տարանք, բայց գնացինք ու 1918 թվականի հունիսի 4-ին Բաթումիում կնքեցինք մի խայտառակ պայմանագիր։ Լավ էր ասում գերմանացի սպան, որ հայրերին լողանալու տեղ տվեցին, չորանալու տեղ չտվեցին, հիմա նույն իրավիճա՞կն է ստեղծվում, չեմ հասկանում։
Պատմության կրկնությունը պատմության սխալն է, չստացվի, որ մենք անընդհատ գրչով ենք պարտվում, բանակն իր գործը կատարել է, բանակը չի պարտվել, ես այդպես եմ գտնում, հերոսաբար կռվել են մեր տղաները, Փառք ու պատիվ իրենց։ Բանակը չի պարտվում, ցավոք սրտի, մեր դիվանագիտությունն է պարտվում։
Ինձ հակառակը թող չփորձեն ասել, ես՝ որպես մանկավարժ եմ փաստում, որ ֆանտաստիկ, հերոսական սերունդ ունենք, նրանց մեջ չկա ցեղասպանվածի հոգեբանությունը, նրանք կյանքի գնով հայրենիք պաշտպանող են, նրանք հայրենիք զիջող չեն: Իսկ մենք ի՞նչ ենք անում․ չենք կարողանում նրանց պաշտպանածն ամրապնդել գրչով, այլ բան է զենքով կռվել, հաղթել, այլ բան է՝ դա գրչով ամրապնդել։
Մենք ի՞նչ ենք անում՝ թշնամուն մոտեցնում ենք մեզ, թուրքերի երկրորդ խնդիրը Սյունիքն է, Սյունիքի դարբասներին են մոտենում, 100 տարի առաջ շնորհիվ Նժդեհի կարողացանք պահել, լավ գիտեք՝ ինչպես պահպանվեցին Սյունիքն ու Զանգեզուրը, Աստված մի արասցե՝ 5-10 կամ թեկուզ 20 տարի հետո նույն հարցն առաջ գա Սյունիքի մասով։
Մենք պարտավոր ենք լավ հայրենիք թողնելու, բա նման սխալմունքներով, նման փաստաթղթերով սերունդները մեզ կներե՞ն։ Թույլ տվեք արժանի լինել մեր սերնդին, ազատ անկաշկանդ սերունդ է, նրանք Ազատ, Անկախ Հայաստանում ծնվածներ են, որոնք չունեն թերարժեքության բարդույթ, մենք՝ խորհրդային սերունդը, ուներ այդ բարդույթը։ Նոր սերնդի հերոսությունները ցնցող են, բա չկարողանա՞նք նրանց արածն ամրապնդել դիվանագիտորեն»,-ասում է պատմաբանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































