Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ ամենաքննադատվող քաղաքական գործիչ, Վազգեն Մանուկյանը՝ ամենակոմպրոմիսային թեկնածու. առցանց մամուլում «Մեդիա պաշտպան»-ի մշտադիտարկման արդյունքները

Դեկտեմբեր 08,2020 15:50

Ամենաքննադատվող քաղաքական գործիչը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը

2020 թ-ի դեկտեմբերի 3-ից 6-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 10 լրատվական կայք՝ Hraparak.am, Yerkir.am, Aravot.com, News.am, Tert.am, Panorama.am, Aysor.am, Azatutyun.am, Armlur.am և Yerevan.Today։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 10 կայքերում հայտարարագրվել է 698 հոդված։ Որոնցից 479-ը՝ բացասական, 11-ը՝ դրական, 208-ը՝ չեզոք են։

Հանրապետությունում ամենաքննադատվող քաղաքական գործիչը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը։ Նա արժանանում է քննադատությունների երկրում ստեղծված իրավիճակի հետևանքով։

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի և ՌԴ-ի հետ կնքած եռակողմ պայմանագրին, որով Արցախի մեծ մասն անցնում է Ադրբեջանի տիրապետության տակ, գրել է․ «Առնվազն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի չկայացած լրագրող-վարչապետի արյան մարմանջի մասին, քանի որ մարտի 1-ի «շահառուն» է եղել։ Չապացուցված՝ կազմակերպիչն ու հոգևոր հայրը։ Ինքնամաքրման փորձում, այսօր Տեր-Պետրոսյանն ամեն դեպքում փորձել է տողատակում զգուշացնել հանրությանն ու հեռավորություն պահել իշխանության հնարավոր անսիրտ գործողություններից, արձանագրելով, որ «թող տպավորություն չստեղծվի, թե այս հոդվածով ես հակադրվում եմ Վազգեն Մանուկյանին և աջակցություն հայտնում Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը, Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա»։

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, անդրադառնալով իրավիճակին, գրել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից․ «Ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր թիմը իշխանությունը զիջելու ոչ մի պատրաստակամություն չեն ցուցանում»:

Նիկոլ Փաշինյանի երեխաները գտնվում են Կանադայում` Արսինե Խանջյանի տանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ «Թե բա անչափահաս երեխաները. երեխաները վաղուց Կանադայում են: Սրանց պղծության աստիճանը սահմաններ չունի. երեկվանից թմբկահարում են, թե բա «վաաաայ, ամաաաան, հասեեք, ընդդիմությունը գնացել ա նիկոլի անչափահաս երեխեքին վախացրել ա»,- նշել է Սամսոնյանը:

Մամուլում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ, որ այս կամ այն պետպաշտոնյան ու պատգամավորը լքում են թիմը և հրաժարական են տալիս, դրանով իսկ իրենց անհամաձայնությունը հայտնելով կառավարությանը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Չարենցավան քաղաքի ավագանին, Սյունիքի մարզի համայնքների մեծ մասը ևս միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը և շարունակ քննադատություններ են հնչեցնում նրա հասցեին։

Համաձայն մամուլում և համացանցում տեղ գտած տեղեկատվության՝ լարված է իրավիճակ նաև Սյունիքի մարզի սահմանային հատվածում, որտեղ ադրբեջանական կողմը պարբերաբար սադրանքների է դիմում, իսկ հայկական կողմի պաշտոնական հատվածը լուռ է, ինչը ևս բողոքի մեծ ալիք է բարձրացնում։

Վազգեն Մանուկյանի մասին հրապարակվել է ավելի շատ դրական հոդված

 2020 թ-ի դեկտեմբերի 3-ից 6-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 10 լրատվական կայք՝ Hraparak.am, Yerkir.am, Aravot.com, News.am, Tert.am, Panorama.am, Aysor.am, Azatutyun.am, Armlur.am և Yerevan.Today։ Մշտադիտարկման արդյունքում ընտրված 10 կայքերում հայտարարագրվել է 252 հոդված, որից 43-ը բացասական են, 81-ը՝ դրական, 128-ը՝ չեզոք։

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի մասին հրապարակվել է ավելի շատ դրական, քան բացասական հոդված։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վազգեն Մանուկյանին և դավադիր ստահակին հակադրելը իշխանական քարոզչության կեղծ թեզ է։ Ստահակի գնալը այլընտրանք չունի պետություն պահպանելու տեսակետից, ուստի կամ/կամ գոյություն չունի։ Ստահակ vs Ժողովուրդ իրական դիխոտոմիան շատ լավ հասկանում է նաև Հայաստանի առաջին նախագահը, թեպետ ինքն էլ անհատների հակադրման սխեման կիրառեց։ Հիշեցնեմ նաև, որ դեռ 2007 թվականի հոկտեմբերի 8-ին նա հանդիպել էր Վազգեն Մանուկյանի հետ և վերականգնել անձնական հարաբերությունները»։

Մամուլում նշվում է, որ Վազգեն Մանուկյանը փաստացի ամենակոմպրոմիսային թեկնածուն էր, որի անձին համաձայնել են գրեթե բոլոր քաղաքական ընդդիմադիր ուժերը։ Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն իրենց խոսքում նշում են, որ Վազգեն Մանուկյանը ազգային համաձայնության կառավարության գլուխ կարող է լինել, և առնվազն մեկ տարի արտահերթ ընտրություններ չեն լինի, իսկ Վազգեն Մանուկյանը կձևավորի պրոֆեսիոնալ կառավարություն։

Մեդիա պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031