«Հրապարակի» զրուցակիցը ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն է:
– Ընդդիմադիրները կիրակի օրվանից հանրությանն իրազեկելու գործընթաց են սկսել: Այն սահմանադրությունը, որը պատրաստվում է անցկացնել իշխանական թիմը, համարում են ալիեւյան, եւ ընդդիմությունը քարոզարշավ է սկսել, որպեսզի հանրային պայքար սկսվի այդ սահմանադրության դեմ:
– Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչ է անում ընդդիմությունը: Սահմանադրության տեքստը չեն տեսել, բայց որոշել են ակցիա անել, ամենաաբսուրդը դա է: Եթե դուրս են եկել ակցիա անելու, ապա ես կարո՞ղ եմ արձանագրել, որ իրենք կողմ են քվեարկելու, որպեսզի գնանք հանրաքվեի, եւ կարո՞ղ ենք ասել, որ արդեն իսկ սկսել են «Ոչ»-ի ակցիան իրականացնել: Առհասարակ, ես չեմ հասկանում, թե ինչ են անում նրանք, ինչ-որ քաոսային վիճակում են: Որեւէ լուրջ բան ես չեմ տեսնում: ՀՀ քաղաքացին եթե տեսնում է, որ այս մարդիկ սահմանադրության տեքստին ծանոթ չեն, սակայն դեմ են դրան, ինչպե՞ս կարող են լուրջ ընդունել նրանց: Խաղաղության նախաստորագրված պայմանագրի մասին էլ ինչ ասես, որ չէին ասում, իհարկե, բանը չհասավ ակցիաներին, բայց բոլորս հիշում ենք, թե ինչեր էին ասում, իսկ արդյունքում ինչ եղավ` տեքստը հրապարակվեց, իսկ ընդդիմությունը ոչինչ չուներ էլ ասելու: Սա է ողջ խնդիրը: Ես չեմ հասկանում, թե նրանք ինչի վրա են հույսները դրել:
– Ընդդիմադիրները պնդում են, որ Ալիեւն է ստիպում ՀՀ իշխանությանը՝ փոխել Սահմանադրությունը, որպեսզի նորի մեջ հղում չարվի Անկախության հռչակագրին, եւ միայն այդ հանգամանքը բավական է իրենց, որպեսզի մերժեն այն` նախագիծը տեսնելու կարիք չկա:
Կարդացեք նաև
– Իսկ որտե՞ղ են տեսել, որ Ալիեւը ստիպում է մեզ Սահմանադրություն փոխել:
– Ալիեւն է հայտարարել, որ պետք է փոխվի ՀՀ սահմանադրությունը:
– Այնտեղ այնքան փոփոխություններ կան, անգամ ընդդիմադիրներին ավելի շատ տեղեր են հատկացվելու եւ այլն, մի շարք փոփոխություններ են արվելու: Ի՞նչ պարտադրանքի մասին է խոսքը: Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն կար, եւ այն փոխվում է: Երբ տեքստին ծանոթանան, թող հետո նոր ինչ-որ բաներ անեն:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:



















































