Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցի ապահովման միջոց կիրառելիս դատարանը չի անդրադառնում հայցագնի չափի հիմնավորվածությանը եւ ապացույցներին

Դեկտեմբեր 09,2020 12:30

Նույն դատարանի կողմից նմանատիպ գործերով մի դեպքում դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց, մյուս դեպքում՝ ոչ

Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով անցյալ շաբաթ քննեց «Լուսինե Հարությունյանի եւ «ՅուԷսԷյ Ինտերկարգո ԲՍԵ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի եւ 134-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Վիճարկվող հոդվածները վերաբերում էին հայցի ապահովման միջոցների կիառմանը. «Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին»: Եվ օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն էլ՝ «Հայցի ապահովման միջոցը կարող է լրիվ կամ մասնակի վերացվել, եթե՝ 1) բացակայում են սույն օրենսգրքի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը. 2) առկա է հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու վերաբերյալ գործին մասնակցող այն անձի գրավոր համաձայնությունը, որի միջնորդությամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց. 3) սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում»: Այս դիմումը ՍԴ -ում էր 2020 թվականի հունվարի 14-ից:

Ըստ դիմումատուի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերի մեջ բացակայում է այնպիսի նվազագույն պայմանների ցանկը, որոնց առկայությունն ստուգելը պետք է լինի դատարանի առաջին քայլը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու հարցը քննարկելիս: Համապատասխանաբար՝ իրավակիրառ պրակտիկայում եւս բացակայում է այդպիսի պայմանների կիրառումը: Դիմողը նշել էր. «Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ի մասը իրավական անորոշության տեղիք է տալիս այն հիմնավորմամբ, որ «դժվարացնել կատարումը», «հանգեցնել փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության», «էական վնաս հասցնել» բառակապակցությունները որեւէ կերպ չեն բացատրվում կամ պարզաբանվում, եւ դատարանն այս նորմը կիրառելիս զրկված է լինում հայցի ապահովման միջոց կիրառելու հստակ հիմքերի ցանկից, ինչն էլ առաջացնում է նորմի կամայական կիրառման վտանգ»:

Դիմող կողմը նաեւ նշել էր, որ հայցվորն այդպես էլ դատարան չի ներկայացրել դրամական պահանջի մյուս մասը հիմնավորող ապացույցը, սակայն, դատարանը հայցի ապահովման միջոցը կիրառել է ամբողջ հայցագնի չափով: Դիմողի կարծիքով՝ պատճառն այն է, որ հայցի ապահովման միջոց կիրառելիս դատարանը չի անդրադառնում հայցագնի չափի հիմնավորվածությանը եւ ապացույցներին: Այսինքն, օրենսգրքի վւճարկվող 128-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով չի նախատեսում հայցապահանջով ակնկալվող դատական ակտի կայացման prima facie հավանականությունն ստուգելու պահանջ եւ հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությամբ իրավունքի հնարավոր չարաշահումը կանխարգելելու իրավական երաշխիքներ, ինչպես նաեւ հայցագնի չափի հիմնավորվածության ստուգում, հակասում է Սահմանադրության 11-րդ հոդվածին, 60-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերին եւ 78-րդ հոդվածին: Իսկ օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասն էլ թույլ չի տալիս հաղթահարել օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման թերությունը:

Պատասխանող կողմը` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական սպասարկման եւ ապահովման բաժնի ներկայացուցիչն առարկել էր դիմումին, հայտնելով. «Հայցի ապահովման կիրառման արդյունքում անձի հիմնարար իրավունքների եւ ազատությունների հնարավոր սահմանափակումների օրինականությունն անհրաժեշտ է ուսումնասիրել Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքի սահմաններում»: Նաեւ նշել էր` հայցի ապահովման ինստիտուտը կիրառելիս երաշխավորվում է հայցվորի՝ հատուցում ստանալու սահմանադրական իրավունքի իրացումը:
Պատասխանողի դիտարկմամբ` Օրենսգրքով սահմանված են բավարար կարգավորումներ, որոնց հիման վրա արդարադատություն իրականացնող մարմինը հնարավորություն է ստանում ստուգել հայցի ապահովման միջոցների կիրառման վերաբերյալ միջնորդության հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, իսկ անհիմն միջնորդության դեպքում՝ մերժել այն:

Սահմանադրական դատարանի որոշմամբ` «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդության քննության համար օրենսդիրը սահմանել է բավականին սեղմ ժամկետ, ինչն ինքնանպատակ չէ, եւ պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցի ապահովման միջոց կիրառելու գործընթացի երկարաձգումը կարող է պարզապես իմաստազրկել հայցի ապահովման միջոցի կիրառումը (oր.`այդ ընթացքում կարող են անհետանալ դրամական միջոցները կամ այն գույքը, որի պահպանմանն էր ուղղված հայցի ապահովումը): Հայցի ապահովման միջոց կիրառելու համար նախատեսվել են այնպիսի օրենսդրական հիմքեր, որոնց առկայությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատի դատարանը, եւ որոնց փաստումը որեւէ պարագայում չի կարող անխուսափելիորեն հանգեցնել հայցվորի պահանջի բավարարմանը կամ գործի ըստ էության քննությանը եւ լուծմանը: Դրանք ուղղված են հայցվորի պահանջի հնարավոր բավարարման դեպքում դատական ակտի պատշաճ կատարումն ապահովելուն»: Ինչ վերաբերում էր դիմողի դիրքորոշմանը, թե ձեւակերպումները որոշակի ու հստակ չեն եւ կարող են հանգեցնել կամայական կիրառման, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ իրավական որոշակիության սկզբունքն ինքնին պահանջում է մասնավորապես իրավական օրենքի առկայություն, որը պետք է լինի հնարավորինս հստակ ու որոշակի եւ հնարավորություն տա դրա հասցեատերերին ձեւավորելու ու դրսեւորելու «համապատասխան վարքագիծ»:

Սահմանադրական դատարանը հղում էր կատարել իր իսկ որոշումներին, մասնավորապես, ՍԴՈ-753 որոշմանը, համաձայն որի. «Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձեւակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետեւանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» եւ` ՍԴՈ-1176 որոշմանը, որում արձանագրվել էր. «……իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության»:

Սահմանադրական դատարանն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ ինչպես հայցի ապահովման միջոց կիրառելու, այնպես էլ հայցի ապահովման միջոցի լրիվ կամ մասնակի վերացնելու մասին միջնորդությունը կարող են ներկայացվել ընդհուպ մինչեւ գործով դատաքննության ավարտը, որի պարագայում դատարանն առավել տեղեկացվածության պայմաններում կարող է վերստին անդրադառնալ կիրառված (կամ կիրառվելիք) հայցի ապահովման միջոցի արդյունավետության հարցին: Սա դատավարական կարեւոր երաշխիք է՝ գործով կողմերի իրավունքների ու դատավարական հնարավորությունների հավասարակշռման առումով: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաեւ, որ բացի հայցագնի հիմնավորվածության ստուգումից, դատարանը հայցի ապահովում կիրառելիս պետք է ուշադրության արժանացնի նաեւ պատշաճ կողմերի առկայության խնդրին:

Ի դեպ, օրենսդիրը նախատեսել է այդ. համաձայն 172-րդ հոդվածի 1-ին մասի. «Դատարանը, մինչեւ նախնական դատական նիստի ավարտը պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով»: Ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելուց հետո դատարանն իրականացնում է օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները, այդ թվում նաեւ՝ հայցի ապահովման հարցի լուծումը:

Ըստ ՍԴ որոշման, վիճարկվող հոդվածները համապատասխանում էին Սահմանադրությանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031