Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան․ Կարծում եմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս գնահատականի մեջ մի քիչ սխալ է

Դեկտեմբեր 10,2020 00:45

«Չի կարող թույլ, ստորաքարշ, պպզած երկրում լինել բարեկեցություն»,- 5 հեռուստալրագրողներին տված հարցազրույցում ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ իրեն զարմացնում են խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը պետք է սկսի առեւտուր և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ։ Նրա խոսքով՝ դրա ժամանակը պետք է գա․ «Այն ժամանակ, երբ դեռ թափվում է արյունը, երբ մենք մեր գերիներին չենք կարող վերադարձնել, անտառում, տարբեր տեղերում կարող է թաքնված երիտասարդներ կան, որոնք պատսպարվել են և չեն կարողանում դուրս գալ…  Այդ պայմաններում այդպիսի բան ասելը ոչ միայն բարոյական տեսակետից է սխալ և սրբապղծություն է, դա ազգային դավաճանություն է, որովհետև դա նշանակում է, որ մենք ընդունում ենք, որ մեզ ծեծելով կարելի է ստիպել, որ մենք անենք այն, ինչ ուզում են դիմացինները։ Այսինքն՝ մենք թույլ ենք, մենք պաշտպանված չենք և մենք կռանում ենք դիմացինի առջև։ Այդ ձևի մտածմունքները կառուցված պետությունը երբեք չի ապահովի իր քաղաքացիների ո՛չ ազատությունը, ո՛չ բարեկեցությունը, ո՛չ էլ պաշտպանվածությունը»։

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ իշխանությունը պետք է հասկանա, որ փրկությունը քաղաքական շարժումն է․ «Քաղաքական շարժումի դուրս գալուց հետո ոչ թե կխաղաղվի ժողովուրդը, այլ ընդհակառակը՝ մեջը կառաջանան խմբեր, որոնք կփորձեն խնդիրը լուծել իրենց պատկերացրած ձևով, այդ վտանգը կա»։

Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքին, թե՝ եթե երկու կողմն էլ վճռական են տրամադրված, ապա բախումն անխուսափելի է, Վազգեն Մանուկյանն ասաց, որ նոր չէ քաղաքականության մեջ, կարելի է գնահատել իր անցած ուղին և տեսնել՝ արդյոք նման բան հնարավո՞ր է, թե՞ ոչ․ «Ղարաբաղյան շարժման ժամանակ, լինելով Ղարաբաղ կոմիտեի համակարգող, ես փաստացի ժամանակի բավականին մեծ հատվածը եղել եմ շարժման ղեկավար, և այդ շարժումը եկել է իշխանության առանց ոչ մի կաթիլ արյուն թափելու։ Երկրորդ անգամ ես առիթ եմ ունեցել այդպիսի իրավիճակում հայտնվելու 96 թվին, երբ որ մի շարք կուսակցությունների միասնական թեկնածուն էի, կեղծիքներ տեղի ունեցան, մենք գնացինք, բախումներ տեղի ունեցան։ Ե՛վ ես, և՛ մյուս կուսակցությունների ղեկավարները ամեն ինչ արեցինք, որ արյուն չթափվի, և արյուն չթափվեց։ Բայց Հայաստանում, ես հիմա դեպքերը չեմ ուզում նշել, այնուամենայնիվ, քաղաքական պայքարի մեջ արյուն թափվել է։ Բայց դա ես չեմ եղել։ Եվ գիտեք՝ ծայրահեղության գնացող մարդը նշանակում է այնքան էլ խելոք չի, որովհետև ինքը չի տեսնում ուրիշ ելքեր, մեկ, և դրա միջոցով ստացված իշխանությունը կամ տապալված իշխանությունը ոչ մի բան չի ավելացնում պետության զարգացման համար։ Անիմաստ է դա։ Ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այս գնահատականի մեջ մի քիչ սխալ է»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031