Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է լինենք ավելի բարի, ուշադիր մեկս մյուսի նկատմամբ։ Ես կուզեի այդ հոգեբանական կուլտուրան մտներ մեր ամենօրյա կյանք». Ռուբեն Աղուզումցյան

Հունվար 14,2021 15:50

Հոգեբանությունը դարձել է պահանջված մասնագիտություն։ Հոգեբանության դերը առողջ հասարակության, մարդկային հարաբերությունների վրա և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ինժեներական ակադեմիայի ակադեմիկոս Ռուբեն Վազգենի Աղուզումցյանի հետ։

– Պարոն Աղուզումցյան, խնդրում եմ համառոտ ներկայացնել Ձեր աշխատանքային անցյալը և կենսագրությունը:

– Ես ունեմ երկու բարձրագույն կրթություն, երկուսն էլ ստացել եմ Լենինգրադում։ Առաջին կրթությամբ ես էլեկտրատեխնիկայի ինժեներ եմ։ Քանի որ պոլիտեխնիկական կրթությունը շատ հետաքրքրիր ազդեցություն ունի մտածողության վրա, դա ինձ է օգնել է ապագայում ծանոթանալ հոգեբանության հետ բոլորովին այլ կերպ։

Հիմա էլ ես դասավանդում եմ այն հոգեբանությունը, որը համարում եմ ավելի ռեալ։ Հոգեբանության հետ ծանոթացա տեխնիկական բուհում, որը Եվրոպայի առաջատար բուհերից է` Լենինի անվան Լենինգրադի էլեկտրոտեխնիկական ինստիտուտը։ Վերջին կուրսում պայմանագրային աշխատանքի հրավիրեցին, որտեղ ծանոթացա ինժեներական հոգեբանության հետ։ Ինձ համար նոր աշխարհ բացվեց, որովհետև տեխնիկական կրթություն ունեցողները հումանիտար առարկաներին մի տեսակ վերևից են նայում։

Երբ ես պաշտպանեցի դիպլոմայինը և եկա Հայաստան, այստեղ Հայաստանում հոգեբանության հիմնադիր Մկրտիչ Արամի Մազմանյանին ասացի, որ շատ հետաքրքիր գիտության հետ եմ ծանոթացել, հնարավոր է, արդյոք, այստեղ աշխատել։ Նա պատասխանեց, որ մի պայմանով, որ նորից գնաս սովորելու։ Ես նորից վերադարձա ինձ հարազատ դարձած Լենինգրադ և այնտեղ պետական համալսարանում սովորեցի հոգեբանության բաժնում, այնուհետև՝ ասպիրանտուրայում։

Իմ առաջին կրթությունը շատ է օգնել։ Հոգեբանությունը դասվում է հումանիտար գիտությունների շարքին, այն դեպքում, երբ հոգեկանի հիմքում ֆիզիոլոգիականն է, այսինքն՝ բնագիտականը։ Չի կարելի հոգեբանությունը համարել զուտ հումանիտար։ Դա որոշ դեպքերում ազդում է նրա վրա, որ ընդունվում են ուսանողներ՝ հումանիտար ուղղությամբ, չհասկանալով, որ հոգեբանությունը, լինելով փորձարարական գիտություն, շատ լուրջ մաթեմատիկայի իմացություն է պահանջում և մաթեմատիկական մտածելաձև։ Ես աշխատում եմ իմ ուսանողներին այդպես էլ ներկայացնել հոգեբանությունը։

Ապագայում ես վերադարձա Հայաստան, մեկ տարի աշխատեցի Խ․Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում՝ Մ․Մազմանյանի լաբորատորիայում, որտեղ կատարում էինք պայմանագրային աշխատանքներ։

1976 թվականին, երբ Երևանի պետական համալսարանում բացվեց հոգեբանության ամբիոնը, առաջին ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովսեփ Մովսեսի Թութունջյանը հրավիրեց ինձ, և ես տեղափոխվեցի համալսարան։ 1979 թվականին ստեղծեցինք գիտահետազոտական լաբորատորիա, որը մինչ այժմ գործում է։

1988 թվականից մոտ տասը տարի եղել եմ ամբիոնի վարիչ։ 1991թ․ ստեղծվեց հոգեբանության ֆակուլտետը։ Այնուհետև համալսարանի հոգեբանության ամբիոնն ընդգրկվեց երկրաշարժի հետ կապված բնակչության հոգեկան առողջության լուծման խնդիրներով, և լաբորատորիան համարվեց առաջատար՝ գործնական հոգեբանության զարգացման տեսանկյունից։

Մինչ երկրաշարժը հոգեբանությունը հիմնականում զբաղվել է գիտական փորձարարական հետազոտություններով և կրթական գործունեությամբ։ Երկրաշարժից հետո համատեղվեց գիտական և գործնական հոգեբանությունը։ ԵՊՀ լաբորատորիան զբաղվում էր ռազմարդյունաբերական համակարգում տարբեր ոլորտների մարդ-օպերատոր գործունեության հուսալիության և արդյունավետության հիմնահարցերով, որում առավել ևս կարևորվում էին հոգեբանական մասնագիտական ընտրությունը, պատրաստումը և մարդկանց հոգեբանական աջակցությունը։ Այդ ոլորտներից կարելի է նշել տիեզերագնացությունը, ռազմական համակարգի տարբեր ուղղությունները, ինչպես նաև այնպիսի արդյունաբերական ոլորտներ, ինչպիսիք են՝ էներգետիկան, գինական արդյունաբերություն և մարզասարքություն։ Դա էլ շատ մեծ փորձառություն էր, որովհետև շփվում էինք կոնկրետ գործերի հետ, շատ անսովոր, անսպասելի։

Այն ժամանակ, երբ Հայաստանն առանձնացավ, մեր տնտեսական կապերը կտրվեցին։ Ինձ հրավիրեցին Մոսկվա աշխատելու։ Երեք-չորս տարի աշխատել եմ Մոսկվայում։ Երբ վերադարձա, ՀՀ պետական կառավարման ակադեմիան ինձ հրավիրեց աշխատելու։ Դա տասը տարի առաջ էր։ Եվ ես տեղափոխվեցի ՀՀ պետական կառավարման ակադեմիա՝ աշխատելու որպես կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, իհարկե՝ մնալով համալսարանի լաբորատորայի գիտական ղեկավար։

Այժմ զբաղվում ենք կառավարման հոգեբանության բազմաթիվ խնդիրներով, կառավարիչների հոգեբանական ընտրությամբ, կարևոր հոգեկան հատկանիշների զարգացման, ինչպես նաև կարիերայի հարցերով։ Տպագրել ենք բազմաթիվ մենագրություններ, հոդվածներ, մասնակցել ենք տարբեր երկրներում կոնֆերանսների՝ գիտական ելույթներով, որոնք հետագայում հրապարակվել են տարբեր լրատվամիջոցներում։ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնն ու գիտահետազոտական լաբորատորիան ներկայացրել են գիտական հետազոտությունների արդյունքներ, որոնք հաստատում են, որ հասարակության բարեկեցությունը կապված է գիտականորեն հիմնավորված և որակյալ կազմակերպված կառավարման համակարգից։

-Խնդրում եմ համառոտ ներկայացնել ինչ է հոգեբանությունը և որքանով է անհրաժեշտ այդ գիտությունը մարդկային հարաբերությունների համար։

– Ոչ միայն մարդկային հարաբերությունների, որովհետև հարաբերությունները մարդու հոգեկանի մի ուղղությունն են, որովհետև մարդը սոցիալ-կենսաբանական էակ է։ Երբ մենք ուզում ենք հասկանալ մարդուն և օգնել նրան, մենք պետք է հաշվի առնենք մի քանի աստիճան՝ ֆիզիոլոգիական, հոգեկան և սոցիալական։ Այսինքն՝ միայն սոցիալականը բավարար չէ․ այդ սոցիալականի մեջ դրսևորվում է մարդու և ֆիզիոլոգիականը, և հոգեկանը։ Պետք է այդ համակարգը հաշվի առնել, բացի այդ պետք է նկատի ունենալ, որ հոգեկանն էլ ունի աստիճաններ։ Հոգեկանը ունի երեք աստիճան՝ ոչ գիտակցական, ենթագիտակցական և գիտակցական։ Դա էլ պետք է հաշվի առնել։ Շատ հաճախ մենք մտքեր են արտահայտում, գործողություններ ենք կատարում, որոնց թաքնված պատճառը կարող է գալ ոչ գիտակցականից, օրինակ՝ սովը։ Սովի պատճառով մարդը կարող է այնպիսի արարքներ կատարել, որը բնորոշ չէ իրեն։ Հոգեբանության մեջ ամենակարևոր մեթոդաբանական մոտեցումը համակարգային մոտեցումն է։

– Մեզ ծանոթ են այնպիսի հոգեբաններ, ինչպիսիք Մ․ Մազմանյանը, Էլդա Գրինը և այլոք, որոնց հեղինակած հոգեբանական գրականությունը դիտվում է որպես ձեռնարկ։ Ինչպիսի նշանավոր հոգեբանների հեղինակած գրքերից կարող է զարգանալ մեր հասարակությունը, որը քաղաքակրթվելու խիստ կարիք ունի։

– Գիրքն ու աշխատությունները շատ կարևոր են, անշուշտ, այստեղ խոսքը գնում է հասարակության հոգեբանական կուլտուրայի մասին, որը բարձր չէ։ Ավելի շատ պետք է հաշվի առնել ոչ թե գիտական, այլ կենցաղային հոգեբանությունը։ Ինչ-որ առումով հասարակության հոգեբանական կուլտուրան մի քիչ զարգացավ երկրաշարժից հետո Հայաստանում, դրանից առաջ հասարակության հոգեբանական կուլտուրան հիմնականում ուներ միայն կրթական, գիտական ուղղություն։ Երկրաշարժը ցույց տվեց, որ բժիշկներից ոչ պակաս կարևոր է հոգեբանական աջակցությունը։ Փաստորեն հայ հոգեբաններս սկսեցինք սովորել մարդու համար, կենցաղային կյանքի համար օգտակար լինել։

Մարդու հոգեկանի վրա ազդում է ամեն ինչը՝ նրա կենցաղը, դաստիարակությունը։ Առանձնահատուկ կնշեմ դաստիարակությունը, որի ամենակարևոր ֆունկցիան ընտանիքն է։ Քանի որ ընտանիքն իր ֆունկցիաները փոխեց, ընտանիքն ինչ-որ առումով փոփոխվեց ու քայքայվեց։ Շատ բաներ ընտանիքից է գալիս։

Ծնողը մասնագիտություն է, բայց ոչ ոք չի պատրաստվում։ Մենք ծնող ենք դառնում մեր ընտանիքի, գրքերի, ֆիլմերի հիման վրա։ Այն դեպքում, երբ ընտանիքը պահանջում է գիտելիք, հմտություններ և ունակություններ, որոնք ոչ ոք չի սովորեցնում։ Շատ հաճախ երեխաների դաստիարակության հարցում մեծ սխալներ ենք գործում։ Օրինակ՝ մեծերը թելադրում են երեխային կատարել այն, ինչն իրենց կարծիքով ճիշտ է, առանց հաշվի առնելու երեխայի անհատականությունը, ցանկությունը։ Երեխան փոքր հասակում դաստիարակվում է ոչ թե ականջներով, այլ աչքերով։ Երեխային մատնանշված վախեցնելով (ոստիկան, բժիշկ), ձևավորվում է համապատասխան վերաբերմունք։ Հիմքերից հիմքը ընտանիքն է դաստիարակության հարցում։ Այսպիսով, անհրաժեշտ է հոգեբանական գիտելիքներ, հմտություններ և ունակություններ ձևավորել, իսկ դա պետական հարց է, դա առանձին ընտանիքի հարց չէ։ Պետական ծրագիր պետք է լինի։

– Ինչպիսի թարգմանական գրականություն ունենք համաշխարհային հոգեբանությունից։

– Գրականություն շատ ունենք։ Համաշխարհային առանձին դեմքեր կան, որոնք շատ մեծ ներդրում ունեն հոգեբանության զարգացման գործում։ Օրինակ՝ Ֆրեյդը, բայց որպես դպրոց՝ սովետական հոգեբանությունը շատ հզոր է եղել։ Քանի որ սովետական հոգեբանության մեջ մեթոդաբանությունը եղել է փիլիսոփայության հիմքերով։ Մենք ձեռք ենք բերել այդ դպրոցը։ Ամերիկյան հոգեբանները գնացել են պրակտիկ ուղղությամբ՝ դրա մեջ տեսնելով տնտեսական գործոնը։ Ռուսական հոգեբանական դպրոցը շատ հզոր է։ Բազմաթիվ երկրների հոգեբանների աշխատություններ ռուսերեն տպագրվում են։ Ռուսերեն համատարած են կարդում։ Մենք ռուսական դպրոցից շատ բան ենք սովորել, առավել ևս հոգեբանական ծառայության ուղղությամբ, որովհետև պրակտիկ ուղղությամբ են նրանք գնացել։ Շատ կարևոր է համագործակցությունը, մանավանդ դեմառդեմ շփումներն ու խորհրդակցությունները։

– Հոգեբանությունն ու տրամաբանությունը որքանով են իրար մոտ մարդկային զարգացման ուսումնասիրության համար։

– Շատ սերտ, որովհետև տրամաբանությունը փիլիսոփայության ուղղություններից մեկն է։ Հայաստանում շատ հայտնի մասնագետ, ակադեմիկոս Գեորգի Բրուտյանը եղել է փաստարկման (արգումենտացիայի) հիմնադիրը։ Հայաստանում տրամաբանության հիմունքները շատ լավ են դրված եղել։ Տրամաբանությունը կապված է մարդու մտածողության հետ, իսկ մտածողությունը հոգեբանական երևույթ է։ Հոգեբանությունն ու փիլիսոփայությունն իրականում սերտորեն կապված են, բայց պրակտիկորեն կապված չեն։

–  Հոգեբանության բուժիչ հատկությունների մասին խնդրում եմ մեկ-երկու խոսք։

– Որպես մարդուն ուղղված գիտություն՝ հոգեբանությունը նույնպես ունի այդ ֆունկցիան։ Հոգեբուժության և հոգեբանության մեջ կա սերտ փոխկապվածություն։ Երկրաշարժից հետո այդ սահմանները լայնացան։ Ֆրանսիայում կամ հոգեբույժն ու հոգեբանը աշխատում են իրար հետ, կամ ստանում են համապատասխան որակավորում։ Ժամանակակից մարդու կյանքը գնալով բարդանում է։ Առաջանում են բազմաթիվ նոր հոգեբանական խնդիրներ։ Եվ պատահական չէ, որ մարդիկ աստիճանաբար արժևորում են հոգեբանի աշխատանքը և դիմում հոգեբաններին։

-Ինչպես խուսափել բացասական ազդեցություն ունեցող մարդկանցից, որոնք իրենցից առաջացնում են հասարակական վտանգավորություն։

– Կա բիոդաշտ, և հետազոտություններ են կատարվում ուսումնասիրելու այդ բիոդաշտը։ Այդ բիոդաշտը կարող է շատ օգտակար լինել, զարգացնել հատուկ վարժությունների միջոցով։ Օրինակ՝ յոգայի միջոցով։ Եվ կարելի է վնաս տալ։ Գիտության տեսանկյունից ավելի լուրջ հետազոտություններ են իրականացվում՝ կապված առողջության հետ։ Դա գիտության ուղղություն է, որով զբաղվում են։ Դա եկել է Բուդդիզմից։ Ժամանակին համալսարանի լաբորատորիան շատ լուրջ զբաղվել է բիոէներգետիկայով։

–  Լրացնելու որևէ բան ունե՞ք։

– Մենք ձգտում ենք ունենալ բարեկիրթ հասարակություն, որը պետք է ունենա համապատասխան հոգեկան աշխարհ։ Եթե մարդը խելացի է ու օժտված է ոգեղեն և բարոյական հատկանիշներով, ապա նրա հասարակական և անձնային վարքը ուղղված կլինի դեպի բարօրություն, բարեկեցություն, իսկ եթե նա ունի անգամ բարձր մասնագիտական հատկանիշներ, բայց զուրկ է մարդկային բարոյական և ոգեղեն հատկանիշներից, նրա արարքները վնաս կհասցնեն մարդկանց և հասարակությանը։

Մենք պետք է լինենք ավելի բարի, ուշադիր մեկս մյուսի նկատմամբ։ Ես կուզեի այդ հոգեբանական կուլտուրան մտներ մեր ամենօրյա կյանք, որպեսզի մեր հասարակությունն ավելի հզոր և ուժեղ լինի։ Այդ կուլտուրան գալիս է ընտանիքից, դաստիարակությունից։ Պատահական չէ, որ հայ ժողովուրդը դարերով կարևորել է ընտանիքի դերն ու տեղը մեր կյանքում։ Խոսքս եզրափակեմ Անտուան դը Սենտ- Էքզյուպերի մտքով․ «Մենք բոլորս մանկությունից ենք»․․․

Ամալյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031