Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմիտասի հանդեպ հոգեհարազատության զգացում ուներ». Արա Հարությունյանը` անվանի պապի մասին

Փետրվար 02,2021 18:30 Share

Անվանի քանդակագործ-մոնումենտալիստ, գծանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի թոռը` ճարտարապետ, «Արա Հարությունյան» հիմնադրամի տնօրեն Արա Հարությունյանը, բնորոշելով Կոմիտասի թանգարան-ինստիտուտում պապի աշխատանքների բացառիկ ցուցադրությունը, Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս» ժամանակավոր ցուցադրությունը, որը կգործի մինչև հունիսի 1-ը: Դա բնորոշում է Արա Հարությունյանի ստեղծագործական ուղին: Նա Կոմիտասով է սկսել. 1954թ նրա Կոմիտասը տեղադրվել է Պանթեոնում, որը եղել է դիպլոմային աշխատանք: Կոմիտասին նվիրված վերջին մոնումենտալ աշխատանքը 1988 թ.Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պուրակում տեղադրված Կոմիտասն էր: Քչերը գիտեն, որ ամբողջ կյանքի ընթացքում Արա Հարությունյանը Կոմիտաս է քանդակել, նկարել: Եվ մենք փորձել ենք այս ցուցադրությամբ հանրությանը ներկայացնել Հարությունյանի ուղին` Կոմիտաս ստեղծագործություններով: Շուրջ 30 աշխատանք է ներկայացված` էսքիզներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ: Մենք ցուցադրել ենք, թե ինչպես է ծնվել, օրինակ, Կոնսերվատորիայի դիմացի պուրակի Կոմիտասը` առաջին էսքիզից մինչեւ վերջ»:

Կրտսեր Արա Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ո”րն է պատճառը,մ որ անկախ Հայաստանի պատմության մեջ Արա Հարությունյանն առաջին անգամ ցուցադրություն է ունեցել 2018թ.: Նա պատասխանեց, որ հավանաբար պատճառն այն է, որ անվանի արվեստագետի ժառանգներն այդ ուղղությամբ սկսել են աշխատել միայն վերջին տարիներին: Ասաց նաեւ, որ արդեն «Արա Հարությունյան» հիմնադրամ կա, որի գործունեության շրջանակներում երկրորդ ցուցահանդեսն է կայանում Երեւանում, 2 ցուցահանդես եղել է Մոսկվայում, Երեւանում եւ Մոսկվայում կայացել են նաեւ հուշ-երեկոներ:

Ինչ վերաբերվում է արվեստագետի` Կոմիտասի մեծության հանդեպ հետաքրքրությանը, Արա Հարությունյանը նշեց. «Կարծում եմ Կոմիտասի հանդեպ հոգեհարազատության զգացում ուներ Արա Հարությունյանը, երեւի նմանություններ էր տեսնում: Նա միշտ դասական երաժշտություն էր լսում եւ ընդհանրապես ինքը երաժշտություն սիրող մարդ էր: Ինձ թվում է՝ սերը դեպի երաժշտությունը պայմանավորված է եղել հենց Կոմիտասով»:

 

Մեզ հետ զրույցում Արա Հարությունյանը խոսելով պապի` իր համար սիրելի աշխատանքներից` հատկապես առանձնացրեց 1954թ մարմարից քանդակված Կոմիտասը. «Մի տեսակ հոգու հանգստություն կա Կոմիտասի դեմքին, ներքին հանգստություն կա այդ աշխատանքում: Այն բավականին վաղ շրջանի է, ուսանողական վերջին տարիներին է կերտել»:

Առանձնացրեց նաեւ Կոմիտասի կանգնած ֆիգուրը, որը պլանավորված էր տեղադրել Կոնսերվատորիայի դիմացի պուրակում, բայց հետո որոշում է եղել, որ պետք է նստած լինի Կոմիտասը, թեեւ կանգնած Կոմիտասը, ըստ էսքիզների, եւս համահունչ է եղել քաղաքային միջավայրին:

Արա Հարությունյանը նշեց, որ կուզենա շատ մարդիկ հաճախեին ցուցադրությունը դիտելու, ասաց, որ մարտի 28-ին եւս միջոցառում կկազմակերպեն: Այդ օրը Արա Հարությունյանի ծննդյան օրն է: Նաեւ ցանկություն հայտնեց, որ Երեւանում լինի Արա Հարությունյանի թանգարան, դա նաեւ իրենց հիմնադրամի գերնպատակն : Իսկ դրա համար տարածք է անհրաժեշտ կենտրոնում, որի հարցը հավանաբար կամ քաղաքային իշխանությունները պետք է լուծեն կամ որեւէ բարերար:

«Այդքան աշխատանք, որ Արա Հարությունյանն է արել Երեւանի համար, արժանի է թանգարան ունենալու այս քաղաքում»,-նշեց մեր զրուցակիցը:

Հավելեց նաեւ, որ Արա Հարությունյան անուն-ազգանունը բավականին պարտավորեցնող է, չնայած, եթե անգամ ուրիշ անուն էլ կրեր, դարձյալ պարտավորված էր զգալու. «Դա ներքին զգացողություն է, որը գրելով կամ ասելով չէ: Ես ուրախ եմ, որ ունեմ այդ զգացողությունը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728