Լրահոս
Օրվա լրահոսը

Մի խումբ պրոֆեսիոնալներ բացառիկ նախագիծ են իրականացնում. քաղաքում «զարմանալի պարզ ու հասարակ» բան է կատարվելու

Փետրվար 15,2021 14:40

«Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» բանաստեղծական տողը Հովհաննես Գրիգորյանի «Ապրելու մեկ օրը» պոեմից է։

Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի համանուն երաժշտական ստեղծագործությունը (դաշնամուրի եւ երգչախմբի համար), որ գրվել է 2020 թվականին, ներառում է հայ եւ արտասահմանյան գրողների գործերը․ Գրիգորյանի գործն ընդգրկված է առաջին մասում, որին հաջորդում են եւս 7 մասեր (եւ հավելյալ մեկը)՝ հիմքում ունենալով Բրոդսկու, Ուիթմենի, Սահյանի, Զահրատի, Միսակ Խոստիկյանի գրական տեքստերն ամբողջությամբ եւ/կամ ընտրված հատվածներով։

Շուրջ 1 տարի տեւած աշխատանքները, որոնք ներառում են «Պարզ ու հասարակ բաներ» ստեղծագործության փորձերի, պրոֆեսիոնալ ձայնագրության, բեմադրության եւ նկարահանման աշխատանքները, ամփոփվելու են փետրվարի 16-ին, Կամերային երաժշտության տանը, որտեղ տեղի կունենա ստեղծագործության դեռեւս համերգային կատարման պրեմիերան։

«Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» նախագծի աշխատանքները մեկնարկել են 2020-ի մայիսին, ստեղծագործական կազմում կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանն է, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, ռեժիսոր Նարինե Մալյանը, խմբավար Սոնա Հովհաննիսյանը, արվեստի մենեջեր, պրոդյուսեր Անուշ Քոչարյանը։

Նախագծի հատվածական աշխատանքներն իրականացնելու համար թիմում ընդգրկվել է 40-ից ավելի պրոֆեսիոնալ՝ ներառյալ «Հովեր» պետական կամերային երգչախումբը։ Ծրագրի ստեղծման եւ զարգացման առաջին փուլն իրագործվել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով։

Ազդագրի ձեւավորումը՝ Տիգրան Առաքելյանի (OnOff.Studio)

Նախագծի ղեկավար, «Հովեր» պետական կամերային երգչախմբի մենեջեր Անուշ Քոչարյանն ասում է, որ աշխատանքային ընթացքը յուրահատուկ ու թերեւս նախադեպ չունեցող էր, քանի որ ամենն իրականացվում էր համավարակի եւ ապա պատերազմին հաջորդած օրերի համատեքստում․ «2020-ն իրարից պարտադրված «հեռանալու» ու ավելի մեծ ուժով համատեղվելու տարի էր, որն իր աղետալի պատկերով շարունակում է երեւալ բոլորիս․ հենց այդ ընթացքի մեջ «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» նախագիծը թերեւս այն տեղն էր, որը, չէր մեղմում ցավն ու կատարվածի հետեւանքը, բայց ահռելի մի ուժով համախմբում էր բոլորիս՝ ստանալու այն «պարզ ու հասարակ» պատկեր-պատում-ձայնը, որն ապրեցնելու էր»։

Պատասխանելով նախագծի իրականացման ընթացքի խնդիրների վերաբերյալ մեր հարցին՝ Անուշը նշում է․ «Յուրաքանչյուր փուլում մեծ ջանք ու եռանդ է դրվել, փորձել ենք հնարավորինս պարզ ու հասարակ կերպով դուրս բերել այն «զարմանալին», որը նախանշված էր նախագծի կոնցեպտով։ Ստեղծագործական ընթացքը բուռն է եղել, աշխատանքայինը՝ հագեցած, ինչպես ծրագրի հաղորդակցության պատասխանատու Անժելա Գրիգորյանն է նշում՝ «պարզ ու հասարակին հասնելու համար բարդ ընթացք հաղթահարելու» տրամաբանությամբ ենք առաջնորդվել։

Արմեն Բաբախանյան

Դաշնակահար Արմեն Բաբախանյանը նշում է, որ դեռեւս երիտասարդ տարիներից իրեն հետաքրքրել է արվեստի տարբեր ժանրային ուղղվածությունների համադրությունը. «Բացի երաժշտությունը` մշտապես մեծ հետաքրքրությամբ եմ վերաբերել ռեժիսորական աշխատանքին եւ նույնիսկ փորձել խորանալ, ուսումնասիրել ու հասկանալ։ Տարիների ընթացքում հասունացավ գաղափարը, որը, ենթարկվելով որոշակի ձեւափոխությունների, միավորեց արվեստի մի քանի ճյուղեր․ երաժշտության, բեմական ռեժիսուրայի՝ պատկերի, գույնի, խոսքի եւ գործողության յուրատեսակ մի սինթեզ, որը հնարավորություն է տալիս ավելի խորը, ավելի տեսանելի եւ շոշափելի դարձնել երաժշտության շերտերը, գույները եւ միտքը։

Այս իմաստով միշտ է հետաքրքրել դաշնամուրի եւ երգչախմբի լիարժեք համադրությունը, որովհետեւ երգչախումբն իր բնույթով, բազմաշերտությամբ եւ հնարավորություններով յուրահատուկ է։ Ահա այս մտահղացմամբ է, որ կիսվել եմ Վաչե Շարաֆյանի հետ, ով անմիջապես հետաքրքրվեց ու արձագանքեց, որից հետո փորձեցինք կյանքի կոչելու ընթացքը սկսել։

Մեզ համար ակնհայտ էր «Հովերի» հետ համագործակցությունը․ պրոֆեսիոնալ երգչախումբ, արվեստի իրական նվիրյալների կազմ․․․ Եվ ի ուրախություն մեզ՝ Սոնան սիրով ընդունեց առաջարկը։ Այսպես սկսվեց աշխատանքային առօրյան՝ իր անկանխատեսելի դրվագներով ու բարդություններով, երբեմն անգամ անհամաձայնություններով եւ առողջ բանավեճերով հանդերձ։

Չեմ վախենա ասել, որ այդպիսի առողջ մթնոլորտն էր, որ նպաստեց դեռեւս նախադեպը չունեցող այս տեսակ համադրությունն իրական դարձնել։ Պատահական չէ ընտրված ստեղծագործության անունը՝ «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ»․ ի վերջո հենց պարզի եւ հասարակի մեջ է ճշմարտությունը․․․

Վաչե Շարաֆյան

«Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» գործի ստեղծման մասին պատմում է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը. «Ստեղծման դրդապատճառը եղավ Արմեն Բաբախանյանի առաջարկը ինձ՝ գրել մի նոր մեծակտավ երաժշտություն դաշնամուրի եւ երգչախմբի համար։

Երբ ասում եմ «երգչախումբ», միանգամից ասոցացումը Սոնա Հովհաննիսյանի «Հովեր»-ն է։ Այդպես ես, Սոնան եւ Արմենը սկսեցինք աշխատել մտահղացման շուրջ։ Սոնայի առաջարկով նախագիծը ներառեց նաեւ թատերական տարրը, եւ ստեղծագործական կազմին միացավ ռեժիսոր Նարինե Մալյանը՝ ամբողջական գործը բեմադրելու համար։

Այդպես դանդաղ, բայց հաստատուն քայլերով ստեղծվեց մեր թիմը, որում մեծ դեր ունի նաեւ Անուշ Քոչարյանը, ով «Հովեր»-ի տնօրենն է եւ միեւնույն ժամանակ գրականության լավ գիտակ։ Միասին ընտրեցինք ընդհանուր ուղղվածությունը, որ բնութագրվում է մի քանի բառերով․ նախագիծը եւ հիմքում եղած մեծակտավ ստեղծագործությունը պիտի «պարզության, մաքրվելու, զտվելու միստերիան» առաջ բերի։

Գրական տեքստերը վերջնականապես ընտրելուց հետո, բավականին սեղմ ժամկետներում գրեցի 9 մասից բաղկացած, մոտ 75 րոպե տեւողությամբ ստեղծագործությունը (մասերից մեկը հավելյալ է․ հիմքում Չարենցի «Պոեզոզուռնա»-ն է): Ստեղծագործությունն ունի որոշակի սցենար եւ կատարողներից յուրաքանչյուրը, այսպես ասած, բեմական կերպար է, դերակատար, բայց միեւնույն ժամանակ կարող է ներկայացվել որպես պարզ համերգային կոնցերտ՝ դաշնամուրի եւ երգչախմբի համար (ստեղծագործությունն ընդգրկում է նաեւ ակորդեոն, բաս թմբուկ, ինչպես նաեւ ջրով լցված նոտային հատուկ լարումներ ունեցող բաժակներ)։

Նախագիծն ամբողջությամբ՝ բեմադրված տարբերակով եւ տեխնոլոգիական հագեցվածությամբ ներկայացնելու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ եւ հավելյալ ռեսուրսների համալրում, ինչի համար մշակում ենք զարգացման պլանը։ Ծրագրի առաջին փուլը հնարավոր դարձավ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ․ առանց դրա դժվար կլիներ իրականացնել ահռելի այս աշխատանքը, որն արդեն շուրջ մեկ տարի է՝ ընթանում»։

Ռեժիսոր Նարինե Մալյանը պատմեց, թե ինչպե՞ս հնարավոր եղավ բեմադրել երաժշտական ստեղծագործությունը, երբ դերակատարները հենց կատարողներն են. «Ելակետը վերնագիրն է։ Վերնագիրն է հուշում ընթացքն ու մոտեցումները։ Մյուս կարեւորագույն «հուշարարը» Շարաֆյանի երաժշտությունն է, որն այնքան խոսուն է, բովանդակալից․․․ Այն մեկ ամենօրյա ծանոթ իրավիճակներ է ստիպում ստեղծել, մեկ վաղուց մոռացված հուշեր է վերադարձնում, մեկ բարձրացնում է վեր, շատ վեր՝ մոտեցնելով հոգեւոր ոլորտների խորքը։ Եվ իհարկե «Հովերը»․․․ Սոնա Հովհանիսյանի բացառիկ երգչախումբը։

Փորձերին եղել է զգացողությունը, որ միշտ ենք միասին աշխատել, շնչել։ Ինձ համար սա յուրահատուկ մի էքսպերիմենտ է, էքսպերիմենտ, որն ստիպում է աշխատեցնել ներքին անհասկանալի, երբեմն անսպասելի ռեսուրսներ։ Մեր այս համատեղ աշխատանքը, վստահ եմ, նմանատիպ դրական ապրումներ կհաղորդի նաեւ հանդիսատեսին։

Սոնա Հովհաննիսյանի խոսքով. «Աղետալի 2020 թ.-ը չէր կարող չանդրադառնալ մեզնից յուրաքանչյուրի վրա: Դեռ երեկ մեր կողքին ապրող ու արարող մարդիկ չվերադարձան պատերազմից: Սա մի բաց վերք է: Վաղ է խոսել ապաքինումից: Մեր տղաները իրենց կյանքը նվիրեցին հանուն մեր ժողովրդի կյանքի իրավունքի: Մեզնից յուրաքանչյուրը կրում է այս ցավը: Ինչպե՞ս շարունակել ապրել․․․ Միայն աշխատանքով, մեր բաժին շիվը շիվին դնելու պատասխանատվությամբ»։

Սոնա Հովհաննիսյանը հավելում է. «Պատերազմին նախորդած համավարակի ժամանակ «Հովեր» պետական կամերային երգչախումբն աշխատել է փոքր խմբերով, Կամերային ազգային կենտրոնի այգում: Այնուհետեւ մասնակցել ենք առցանց 3 համերգների, ի թիվս մի շարք մշակութային խմբերի, «Հովերը» եւս պատերազմից հետո, մի քանի տարվա սոցփաթեթների երգչախմբին հասանելիքը փոխանցեց Համահայկական հիմնադրամին: Դրան հետեւեցին կոմիտասյան 5 խմբերգերի ֆիլմերի նկարահանումները: Մի շարք երաժիշտ-կատարողների և ՀՊՖՆ-ի հետ համատեղ, մեր փոքր մասնակցությունն ունեցանք զինվորներին աջակցելու գործին, մասնակցեցինք նաև Լոնդոնի հայկական երաժշտական համայնքի նախաձեռնած առցանց դրամահավաք-համերգին: Երգչախմբի անդամները ներգրավվեցին թիկունքի աշխատանքներին․․․

Հոկտեմբեր ամսին չաշխատեցինք ամբողջ կազմով մեկուսանալու պատճառով, փոխարենը` ձմեռային արձակուրդի ընթացքում ձայնագրելով Վաչե Շարաֆյանի «Զարմանալի, պարզ ու հասարակ բաներ» ստեղծագործությունը, որի hամերգային կատարումից հետո կավարտվենք նաեւ բեմադրական աշխատանքները:

Հարկ է նշել, որ նախարարության աջակցությունը տեխնիկական եւ ձայնագրման աշխատանքին է վերաբերվել, ինչի համար երախտապարտ ենք: «Հովեր» երգչախումբն այս ծրագրերն իրականացրել է որպես պլանային աշխատանք (առանց հավելյալ ֆինանսավորման):

Ես գիտեմ, որ բոլոր դժվարին շրջաններում մեզ փրկում է աշխատանքը: Մարդն իր մասնագիտական հմտությամբ է պիտանի լինում իր երկրին եւ ամենատարբեր բնագավառների արհեստավարժ մարդիկ է, որ պիտի բուժեն մեր վիրավոր երկիրը»:

Հավելենք, որ «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» ներկայացման համերգային կատարման պրեմիերան տեղի կունենա փետրվարի 16-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

 Մերի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ Արեգ Բալայանի եւ Դավիթ Ջոթյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728