«Դուք չեք պատկերացնում, թե ինչ ղալաթ բերեցիք ձեր գլխին՝ նոյեմբերի 15-ի ձեր հայտարարությամբ։ Հիմա էլ սատանի մայլում քյանդրբազություն եք անում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին այսպես դիմեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Հիշեցնենք, որ երկրորդ օրն է՝ «Իմ քայլի» պատգամավորները Վարդազարյանի հայտարարությունը որակում են քաղաքական կոչ, վերջինս էլ հակառակն է պնդում։
Արման Բաբաջանյանը դիմեց «Իմ քայլի» պատգամավորներին․ «Այս արհավիրքին դուք եք բերել ԲԴԽ։ Ձեր իշխանության օրոք է նշանակվել Վանեցյանի առաջադրմամբ։ Նա Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ վնգստացող դատավոր է եղել»։
Ապա Բաբաջանյանը խոսափողին մոտ միացրեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասնակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի գործով ձայնագրությունները՝ ցանկանալով Վարդազարյանին հիշեցնել, թե ովքեր են իր իրական ընկերները․ «Այս խոսակցությունը եղել է ձեր հայտարարությունից մեկ օր առաջ, եւ այն անմիջական կապ ունի դրա հետ»։
Կարդացեք նաև
Բաբաջանյանը նաեւ նշեց, որ Վարդազարյանի որդին Բաղրամյան պողոտայում ընդդիմության ցույցերին է մասնակցում։
Ռուբեն Վարդազարյանն արձագանքեց, որ իր իսկ բառապաշարով չի պատասխանի Բաբաջանյանին, իսկ վիրավորական արտահայտությունները կունենան հետեւանք․ «Կդիմեմ ԱԺ-ին եւ խնդրելու եմ, որ ձեզ ենթարկեն կարգապահական պատասխանատվության։ Մյուս հարցերին չեմ պատասխանի։ Ինչ վերաբերում է որդուս, տեղեկացնեմ, որ նա առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ պառկել է տանը ու վիրահատվել, իսկ հիմա պառկած բուժում է ստանում։ Ձեր պնդումը քայլ է՝ փորձելու վիրավորել, գոտկատեղից ներքեւ հարվածել եւ ընտանիքիս անդամներին ներքաշել այս զրույցում։ Նման վարքագիծը հարիր չէ պատգամավորին։ Խոսք եմ տալիս՝ այն պահից սկսած, երբ ես չեմ հանդիսանա դատավոր, ձեզ կպատասխանեմ նույն կամ ավելի խիստ բառերով»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































