Այսօր ԱԺ նիստում Թագուհի Թովմասյանը հայտարարել էր, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը հյուրընկալել է ինչ-որ քաղաքական պաշտոնյա: Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ ո՞ւմ նկատի ունեիք:
Նա ի պատասխան հիշեցրեց, որ երբ Լիլիթ Թադեւոսյանը թեկնածու էր ու եկել էր ԱԺ, ինքն անձամբ հարցրել է՝ դուք քաղաքականապես անկա՞խ եք: Թադեւոսյանը վստահեցրել է, որ ինքը գործելու է որպես բացառապես անկախ դատավոր. «Եվ հիմա ես ստանում եմ հեռախոսազանգեր Վճռաբեկ դատարանի դատավորներից եւ աշխատակիցներից, որոնք ինձ տեղեկացնում են, որ նա մի քանի օր առաջ հյուրընկալել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Հիմա իմ մոտ հարց է առաջանում՝ մարդ, պաշտոնյա, որը կոչված է իրականացնելու արդարադատություն ու կոչված է լինելու անկախ դատարան եւ բոլորի վճիռների վերջին ատյանը, կնիքը դրվում է Վճռաբեկում ու արդեն չունենք վերադաս ատյան, նա ի՞նչ է քննարկել արդարադատության նախարարի հետ: Ես ակնկալում եմ, որ Լիլիթ Թադեւոսյանը բարձրաձայն կհրապարակի իրենց հանդիպման նպատակը, օրակարգը եւ նաեւ կխոստանա, որ այլեւս երբեք քաղաքական որեւէ պաշտոնյայի հետ չի հանդիպի: Եթե մենք այստեղ խոսում ենք, որ Ռուբեն Վարդազարյանը, արտահայտելով «վնգստացող դատավորներ» տերմինը, դա վերածում են քաղաքական բովանդակության հայտարարության, առնվազն Լիլիթ Թադեւոսյանի գործողությունը պետք արժանանա գնահատականի ու Վճռաբեկ դատարանի նախագահը պետք է բացատրություն տա: Սա շատ արատավոր երեւույթ է ու եթե մենք շարունակում ենք այս տեմպերով, նշանակում է ոչ թե մենք ուզում ենք անկախ դատարաններ ունենալ, այլ մեր դատարաններն ունենանք՝ սիրելի, պաշտելի, մեր համար ցանկալի որոշումներ կայացնող»:
Պատգամավորը ենթադրում է, որ Բադասյանը դատարանի նախագահի հետ քննարկել է վճիռների հետ կապված հարցեր ու ակնկալում է պարզաբանում:
Կարդացեք նաև
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեցինք, ձեզ տեսնող է եղել Լիլիթ Թադեւոսյանի հետ հանդիպմանը, ինչո՞ւ էիք գնացել: Նա պատասխանեց. «Գնացել էի քննարկելու Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը»: Մեր դիտարկմանը՝ հա բայց դա իր անկախությունն է հարվածի տակ դնում՝ Բադասյանն արձագանքեց. «Ի՞նչ անկախություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































