Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» պատգամավորները առնվազն ագրեսիվ են իմ նկատմամբ». Ռուբեն Վարդազարյան

Մարտ 03,2021 13:52

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, որքան էլ այդ հարցադրումը հնչեցնեն պատգամավորները: Հարցին՝ դուք ձեր մեղավորությունը չե՞ք տեսնում, դատական համակարգում բարձիթողի վիճակ է, դուք քաղաքական լարվածության մեջ քաղաքական հայտարարություն եք անում՝ Վարդազարյանը պատասխանեց կարճ. «Ոչ, չեմ տեսնում»:

Ըստ Վարդազարյանի, «Իմ քայլի» պատգամավորները տրամադրված են իր նկատմամբ առնվազն ագրեսիվ. «Պատճառը չգիտեմ»:

Հարցին՝ դուք ի՞նչ եք պատրաստվում անել, որ դատական համակարգը բարեփոխվի, դատարանները դառնան անկախ, ընդգծված չտեսնենք, որ քաղաքացիներից մեկը վարչապետի մահափորձի կոչ է անում՝ չի կալանավորվում, մեկ անում է ու կալանավորվում է՝ Վարդազարյանը պատասխանեց, որ դրա համար կա Վերաքննիչ դատարան, որը կարող է գնահատել՝ դատավորը ճի՞շտ է եղել, թե՞ սխալ, որեւէ այլ մարդ չի կարող այդ գնահատականը տալ:

Իսկ թե ինչպե՞ս է ստացվում, որ դատավորները մեծ կարողություններ են կուտակում, դա երեւում է հայտարարագրերից՝ Վարդազարյանը պատասխանեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եթե ռիսկ է տեսնում, թող ներկայացնի ԲԴԽ:

Խոսելով Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու իրավական խնդիրների մասին՝ Վարդազարյանն ասաց, որ գտել է եւ հիմա էլ շարունակում է գտնել, որ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր ընտրել Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ, բայց այն պահից, երբ նա պաշտոնապես դարձավ թեկնածու, որեւէ արտահայտություն նրա վերաբերյալ չի արել՝ դրսեւորելով զսպվածություն դատավորների էթիկայի կանոններով:

Դիտարկմանը, որ Գագիկ Հարությունյանն էլ նույն կերպ ապօրինի եկավ ԲԴԽ, բոլոր Գագիկները կարծես ապօրինի են գալիս՝ Վարդազարյանը պատասխանեց. «Գտնում եմ, որ Գագիկ Հարությունյանի՝ ԲԴԽ-ում աշխատելու հետ կապված էլ կային բազմաթիվ խնդիրներ, հայց կար դատարանում նրա պաշտոնավարման հետ կապված, սակայն նրա հրաժարականից հետո հայցվորն այդ հայցից հրաժարվեց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031