Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե դուք թաքուն ու աննկատ վարչապետ դառնալու միտք ունե՞ք»․ Սամսոնյանը՝ Ավինյանին, որն արդեն 3-րդ անգամ Փաշինյանի փոխարեն պատասխանեց հարցին

Մարտ 03,2021 18:22

«Պարոն վարչապետ, ի դեպ, ոչ թե փոխվարչապետ, այլ վարչապետ։ Ակնհայտ է, որ ԳՇ-ն րոպեական չի կայացրել իր որոշումը եւ ծանրակշիռ պատճառներ ուներ ձեր հրաժարականը պահանջելու։ Որպես վարչապետ եւ գերագույն հրամանատար՝ ինչքա՞ն անադեկվատ որոշումներ եք կայացրել, որքա՞ն սահմաններ եք հատել, որ բանակի գեներալները որոշել են, որ դուք այլեւս ի վիճակի չեք ղեկավարելու»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր Նիկոլ Փաշինյանին դիմեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը։

Հիշեցնենք, որ նախորդ՝ «Իսկանդերին» եւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի վրա Սերժ Սարգսյանի կողմից Փաշինյանի մատնանշած ազդեցության մասին հայտարարության վերաբերյալ հարցերին պատասխանեց ոչ թե Փաշինյանը, այլ Տիգրան Ավինյանը։ Այս դեպքում էլ, արդեն երրորդ անգամ, ամբիոնին Փաշինյանի փոխարեն մոտեցավ Ավինյանը եւ ասաց․ «Այնուամենայնիվ, ես պատասխանեմ, որովհետեւ կարծում եմ՝ հարցին պատասխանելու ընտրությունը մեր լիազորությունն է։ ԳՇ հայտարարությունը խնդրահարույց է այն առումով, որ զինվորականությունը քաղաքականության հետ չպետք է առնչվի։ Այն առումով, որ ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի սահմանների պաշտպանությունը, եւ քաղաքական հայտարարությունները չեն մտնում ԳՇ գործառույթների մեջ»։

Անի Սամսոնյանը հեգնեց․ «ԳՇ հայտարարության տեքստն ինձ մոտ է, եւ ես դրանում չեմ գտնում նախադասություն այն մասին, որ ԳՇ-ն պահանջել է ձեր հրաժարականը։ Գուցե դուք թաքուն ու աննկատ վարչապետ դառնալու միտք ունե՞ք, դրա համա՞ր եք այս ամբիոնից վարչապետի փոխարեն պատասխանում իմ հարցերին․․․»։

Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Երբ թաքուն բաների մասին եք խոսում, դա ինձ մոտ ասոցացվում է 17+-ի կազմակերպած գործընթացների հետ, որոնք իրար մեջ կամ գուցե ձեզ առաջարկում են թաքուն պայմանավորվածություններ ձեռք բերել։ Մեր գործունեությունը թաքուն չի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031