Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիկոն Ասլանյան. «Նախընտրական փուլ են մտել մարդիկ, տարբեր շահարկումներ են անում»

Մարտ 23,2021 22:22

Ինչպես տեղեկացրել էինք «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, Վանաձորի համայնքի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ մարտի 19-ին հրավիրված ավագանու նիստի ընթացքում քննարկված Վանաձորի նորակառույց շենքի գույքահարկին վերաբերող հարցի շուրջ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում:

Բանն այն է, որ համայնքի ավագանին «Վիմպերգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գույքահարկի գծով մոտ 3 մլն. 700 հզ դրամի արտոնություն է տվել:

Իսկ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հերքում է, նշելով, որ իրենք ընդամենը տույժ-տուգանքներն են զիջել. «Չգիտեմ, թե ո՞վ ի՞նչ է մեկնաբանել, բացարձակ իրականության հետ կապ չունի: Բայց մենք իրենց գույքահարկից որեւէ լումա չենք զիջել: Իրենք վճարել են 9 ու կես մլն դրամ՝ իրենց գույքահարկի մայր գումարը: Դիմում են գրել, որ խնդրում ենք տույժ-տուգանքներն ազատեք, քանի որ ֆինանսական դժվարություններ ենք ունեցել, նաեւ Վանաձորի 11 ընտանիքի հատկացրել ենք անվճար բնակարաններ: Զիջվել է ընդամենը չմուծած գումարի տարիների կուտակված տույժ-տուգանքը: Գույքահարկի գումարից ոչ մեկին չի զիջվել, դա բացարձակ հերյուրանք է»:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ այս տարիների ընթացքում գույքահարկի գծով արտոնություն են տվել ընդամենը 2 անգամ. «Մեկ զիջումը եղել է «Օրրան» բարեգործական կազմակերպությանը, իսկ մյուսը՝ «Հայաստան մարզական միությանը» պատկանող սպորտ պալատի գույքահարկն է զիջվել: Ուրիշ անգամ մենք գույքահարկի զիջման որեւէ նախագիծ չենք բերել: Սա էլ գույքահարկի զիջում չէ, սա տույժ-տուգանքների զիջում է, որ մենք տարվա մեջ մի քանի անգամ անում ենք»:

Անդրադառնալով նաեւ Վալերի Ժամհարյանին 215 քառ. մակերեսով սպորտային դահլիճը նվիրաբերելուն, Ասլանյանը պարզաբանեց. «Այդ տարածքը 1975 թվականից շահագործվում է, որպես մեր վանաձորցիների լեզվով ասած «Վալերի զալ»: Կուլտուրիզմի զալն է՝ կիսանկուղային հարկում, որը 40 տարի ավելի երիտասարդության համար ծառայել է որպես սպորտդահլիճ: Այդ մարդը չի կարողանում որեւէ ներդրում անի, տարածքն էլ անմխիթար վիճակում է, երբեւէ քաղաքին  որեւէ ֆինանսական օգուտ չի բերել: Այդ մարդը դիմել , որ իր կողմից շահագործվող տարածքն իրեն հատկացվի, մենք էլ հատկացրել ենք: Դա կոմերցիոն տարածք չէ»:

Եզրափակելով խոսքը, Ասլանյանն ասաց, որ այս ամենը պայմանավորված է առաջիկա ընտրություններով. «Նախընտրական փուլ են մտել մարդիկ, տարբեր շահարկումներ են անում: Իրենք փայլուն գիտեին, որ որեւէ մեկին ո՛չ գույքահարկ է զիջվում, ո՛չ էլ որեւէ նվիրատվություն է արվում, որը կարող է համայնքի շահերին  հակասել»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031