Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուրը շատ ճկուն էր․ մտածում էր զենք արտադրելու մասին»․ Աշոցքի 19-ամյա հերոսի մասին

Մարտ 24,2021 21:03

Արցախյան գոյամարտում նահատակված Աշոցքի բնակիչ 19-ամյա Արթուր Արամայիսի Միրզոյանը, որն Արցախի նախագահի հրամանով հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով, բանակ գնալիս՝ հրաժարվել էր պատվո պահակ լինել Երևանում։ Նրա մայրը՝ Էթերինա Կարապետյանը, պատմում է, որ որդին բարձրահասակ էր, նրան առաջարկել էին մնալ Երևանում, պատվո պահակ դառնալ, սակայն կտրականապես հրաժարվել էր՝ ասելով․ «Զինվորը պիտի ծառայի Արցախում»։

Արթուրն անասնաբուժական ֆակուլտետում էր սովորում, սակայն մտածում էր գնալ արտերկիր ու զենքեր արտադրել։ Մայրն ասում է, որ որդու միտքը շատ ճկուն էր, հինգ տարեկանում բազմապատկման աղյուսակն անգիր գիտեր։

Արթուրը նահատակվել էր հոկտեմբերի 26-ի առավոտյան, կարողացել էր փրկել ընկերոջ կյանքը։ Ընկերը, թեև կուրացել էր, բայց ի շնորհիվ նրա՝ փրկվել էր։

Արթուրը թեժ մարտերի է մասնակցել Մատաղիսում։

Էթերինա Կարապետյանի երկու որդիներն էլ հերոսության խորհրդանիշ են։

Ավագ որդու հերոսության մասին ևս Աշոցքում լեգենդներ էին պատմում, նա այնքան անվախ, համարձակ ու մարտական ճիշտ հաշվարկներ կատարող զինծառայող է, որ կարողացել է զինվորներից մեկին դուրս հանել հենց ահաբեկիչների մոտից։ Զինվորը ընկել էր շրջափակման մեջ, մյուսներին էլ մարտական դիքերից էր տեղափոխել ու կյանքերը փրկել։ Հերոսամայրը հպարտ է, որ նա այսպիսի որդիներ է ծնել Հայոց ազգի համար։

Ցավոք, որդիներից կրտսերը՝ Արթուրը, զոհվել էր։

«Իմ երկու որդիներն էլ պատերազմի հենց առաջին օրվանից եղել են պատերազմի դաշտում՝ թեժ կետերում, մեկը՝ Հադրութում, մյուսը՝ Մատաղիսում։ Մատաղիսում փոքր տղաս էր՝ Արթուրը, որն էլ չկա, մեզ հետ չէ։

Նրան տեղափոխեցին Ջաբրայիլ, այնտեղ երդման արարողությունից հետո նրան տեղափոխեցին Ստեփանակերտ՝ որպես պատվո պահակ։ Նա բարձրահասակ էր՝ 1,90 էր հասակը։

Վեց ամիս ծառայելուց հետո նրան տեղափոխում են Մատաղիս։ Այնտեղ նա իրեն այնպես է դրսևորում, որ կարողանում է մեծ հարգանք վայելել թե՛ ընկերների, թե՛ անձնակազմի, թե՛ զինվորական սպայական կազմի մեջ։ Ինքը շատ հումորով, ժպտերես, ամեն դժվարություն տարած, տեսած, ապրած զինվոր է եղել։

Պատերազմում երկու թեժ կետերում երկու որդի ունենալն ամեն ինչ ասում է, ինչպիսի կամք ու համբերություն պիտի ունենա մարդ, որ կարողանա համակերպվել այդ փաստի հետ։ Երբ հյուսիսում էր հարձակումը, Մատաղիսում մի տղաս էր, երբ հարավում էր, Հադրութի մյուս տղաս էր։ Փառք Աստծո, դաստիարակել եմ այնպիսի տղաների, որոնք հերոսանալու համար էին միայն այնտեղ»,- հպարտանում է մայրը։

Հերոսամայրը պատմում է, որ Արթուրը մի անգամ զանգել ու ասել է՝ «Մամ, չգիտեմ, կենդանի կմնանք, թե չէ, նահանջ հրամանից հետո փախնում ենք անտառներով, չգիտենք՝ ուր ենք գնում»։ Նրանցից կես փրկվել էին՝ դուրս գալով հայկական գյուղ, կեսն այլ ուղղությամբ էին գնացել, գերեվարվել կամ զոհվել էին։

Արթուր Միրզոյանին 19 տարեկանում լեյտենանտի կոչում են տվել, ու երբ մայրն առաջարկել է՝ հնարավորության դեպքում լքել, տուն գալ, Արթուրն ասել է․ «Մամ , էսքան զինվոր իմ երեսին են նայում, կոչումն անտեղի չեմ վերցրել, ես պիտի պատվով տանեմ»։

Նա պատվով էր կատարել իր ծառայությունը, կարողացել էր ջոկատն անվտանգ, ապահով տեղ հասցնել։

Մայրն ասում է, որ որդին զոհվել է արկի փոքր բեկորից, թեև երկկողմանի զրահապատ բաճկոն է հագած եղել, սակայն արկը թափանցել էր թևի տակ։ Նա զոհվել էր՝ ընկերոջ կյանքը փրկելով։ Երբ մի անգամ էլ որդին զանգահարել է, մայրը ուժեղ արկի ձայն է լսել։

«Զանգեց, ասեց՝ մամ, է՞ս է սրանց հրադադարը ու վերջ, էլ ձայն չեմ լսել․․․ Հետո սիրտս սկսեց արագ բաբախել , քրոջս մոտ էի՝ Երևանում։ Ասի՝ իմ տղայի հետ բան է պատահել, քույրս ասեց՝ ինչի՞, որովհետև ինքը օրվա մեջ 15 հազար անգամ զանգում էր, հարցնում էր բոլորից։ Երբ մի օր դադար տվեց, չզանգեց, ասի՝ ինչ-որ բան է եղել , նորմալ չէ։ Մինչև մեծ տղաս զանգեց, ասեց, ես զգում էի իր պակասությունը, չգիտեմ ինչպես, բայց զգում էի, մայրական սիրտ էր, զգում էր»։

Մայրը, թեև անչափ հպարտ է, որ նման հայրենասեր որդիներ է դաստիարակել, սակայն նշում է՝ ժամանակը երբեք չի բուժում վերքը։

«Հպարտությունը մի կողմ, բայց կարոտը հաստատ անդունդ է, ոչ մի մայր չի կարող էդ վշի հետ հաշտվել, երբեք․․․ Ասում են՝ տարիները վերքերը բուժում են, դա սուտ է, վերքերի կողքին ավելացնում են կարոտ, անասելի կարոտ։ Ամեն անգամ նկարը նայելուց, ամեն անգամ հաց ուտելուց՝ պիտի հիշես տղայիդ, պարզապես որպես մայր՝ պիտի ուժեղ լինես՝ հանուն մյուս որդուդ և շատերին օրինակ ծառայելու համար»,- ասում է հերոսի մայրը։

Նա հիշում է, թե ինչպես որդին պատերազմի մասին հումորներ էր անում, որպեսզի մայրը ծանր չտանի, չտխրի։ Նա ընկերներից մեկին պարտքով հինգ հազար դրամ փող էր տվել ու կատակել․ «Գյադա, հանկարծ չմեռնիս, մինչև պարտքս չվերադարձնես»։

Այսօր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հերոսի մորը հանձնեց «Մարտական ծառայություն» մեդալը, որը Արթուրին հետմահու պարգևատրել էր Արցախի նախագահը։

Հերոսը ննջում է Աշոցքի զինվորական պանթեոնում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031