Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրլեռնային գոտում աշխատած նախկին դատախազի հայցը բավարարվել էր

Ապրիլ 05,2024 13:30

Նախկին դատախազը դատարան էր ներկայացրել Շիրակի մարզի Աշոցքի համայնքի ղեկավարի 2023 թվականի թիվ 683 տեղեկանքը, համաձայն որի՝ Աշոցք գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2008 մ բարձրության վրա

Շիրակի մարզի դատախազության նախկին դատախազն ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության գործով կողմը հիշեցրել էր. «Բարձրլեռնային գոտում աշխատող դատախազի համար ստաժը արտոնյալ հաշվարկով չի հաշվարկվում, այլ հաշվարկվում է օրացուցային հաշվարկով, իսկ բարձրլեռնային գոտում աշխատած ստաժի արտոնյալ հաշվարկը վերաբերում է կենսաթոշակի հաշվարկին»…

«Առավոտը» պարբերաբար անդրադառնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության դեմ գործերի քննությանը, որում ներգրավված են նախկին դատավորները, իրավապահները, գործադիր մարմնի ներկայացուցիչները, տարեց պաշտոնյաները («Վարչական դատարան են դիմել նախկին վարչապետը, նախկին զինվորական դատախազը, նախկին դատավորը», «Առավոտ», 2023թ. հոկտեմբերի 24):

Վարչական դատարանի վարույթում գտնվող գործերից ուշագրավ էր մի գործ, որը՝ 2007 թվականի օրենքի փոփոխության հետեւանքով 2023-ից դատարանում է:

ՀՀ գլխավոր դատախազի 30.05.2007 թվականի թիվ 286 հրամանի համաձայն՝ Շիրակի մարզի դատախազության նախկին դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ռուբիկ Մովսիսյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից անձնական դիմումի համաձայն եւ ուղարկվել երկարամյա ծառայության կենսաթոշակի: Նրան կենսաթոշակ է նշանակվել՝ հաշվարկելով աշխատանքային ստաժը դատախազության համակարգում 18 տարի 3 ամիս 27 օր։ Սակայն սխալ հաշվարկի արդյունքում նրա ստաժը պակաս է հաշվարկվել 6 տարի 3 ամիս, որի հետեւանքով պակաս կենսաթոշակ է նշանակվել շուրջ 42.000 ՀՀ դրամ գումար։ 2023 թվականի փետրվարի 13-ին նա ստացել է Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Ա. Գեւորգյանի պատասխան նամակը, որով հայտնել է, որ ՀՀ դատախազության համակարգում աշխատած ժամանակահատվածը 18 տարի 3 ամիս 27 օր է (արտոնյալ հաշվարկով 22 տարի, 6 ամիս 21 օր): Ըստ հայցվորի, Միասնական սոցիալական ծառայությունը ընդունել է, որ ստաժը դատախազության համակարգում արտոնյալ հաշվարկով կազմում է 22 տարի 6 ամիս 21 օր։

2023 թվականի փետրվարի 24-ին հայցվորը դիմել է սոցիալական ծառայությանը երկարամյա ծառայության կենսաթոշակի ընդհանուր ժամկետի (ստաժի) եւ կենսաթոշակի չափի վերահաշվարկ կատարելու խնդրանքով, սակայն որեւէ պատասխան ծառայությունից չի ստացել: Երկրորդ դիմումն է ներկայացրել նույն ծառայությանը՝ խնդրելով նախորդ դիմումին ընթացք տալ կամ պատասխանել, սակայն անպատասխան է մնացել նրա դիմումը:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների կենսաթոշակների նշանակման կարգի եւ նրանց ապահովության ու արտոնությունների մասին» ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 26-ի թիվ 277 որոշմամբ հաստատված եւ 2000 թվականի դեկտեմբերի 25-ին ուժի մեջ մտած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 778 որոշմամբ հաստատված կարգերը վկայակոչելով, հայցվոր դատախազը նշել էր, որ տվյալ դեպքում կիրառելի են թիվ 277 որոշմամբ հաստատված իրավակարգավորումները, ինչպես նաեւ թիվ ՎԴ/5086/05/09 ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ արտահայտած իրավական դիրքոշորումը։

Սոցիալական ծառայությունը առարկություն էր ուղարկել դատարան, հայտնելով, որ 01.06.2007 թվականին ՀՀ դատախազության համակարգում իրավահարաբերության ծագման պահին գործող «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի իրավակարգավորումներին համապատասխան հայցվորին նշանակվել եւ վճարվում է պետական պաշտոն զբաղեցրած անձանց երկարամյա ծառայության կենսաթոշակ, որի չափը հաշվարկվել է կենսաթոշակ նշանակելու համար հիմք հանդիսացող ամսական աշխատավարձի 100 տոկոսի չափով…

Վարչական դատարանը բավարարել է նախկին դատախազի պահանջը, պարտավորեցրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը կատարել կենսաթոշակի վերահաշվարկ՝ ՀՀ դատախազության մարմիններում Ռ. Մովսիսյանի ծառայողական ստաժը հաշվառելով արտոնյալ կարգով՝ վերջինիս նկատմամբ կենսաթոշակի նշանակման պահից` 2007 թվականի հունիսի 1-ից սկսած։ Սակայն սոցիալական ծառայությունը բողոք է բերել, որի քննությունը նշանակված է ապրիլի 11-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930