Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը գաղտնազերծում է. «Ժամանակին Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որից մենք իմանում ենք, որ նա որոշակի մտահոգություն ունի հանրաքվեի մասով»

Մայիս 03,2021 13:19

Այսօր ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին Տիգրան Ուրիխանյանը հարցրեց. «Ուշադրությամբ նայում էի Սերժ Սարգսյանի հարցազրույցը, հատկապես՝ արտաքին գործընթացների հետ կապված, ԼՂ հակամարտության շուրջ բանակցային գործընթացի հետ կապված եւ արձանագրեցի մի շարք մեղադրանքներ ձեր եւ ձեր իշխանության ուղղությամբ՝ բանակցային գործընթացը, խաթարելու, անհասկանալի դարձելու մասով: Մասնավորապես, երբ ներկայացվում էր մադրիդյան սկզբունքների շուրջ տեղի ունեցող բանակցային գործընթացները, բերվեց մի հիմնավորում, ըստ որի՝ տարվում էր այն գիծը, որը երբեւէ ապահովելու էր աստիճանաբար 5+2 շրջանների վերադարձ՝ Արցախի հանրապետության կարգավիճակի հստակեցման եւ միջազգայնորեն ամրագրված անվտանգության երաշխիքների ապահովման դիմաց: Ձեր իշխանության գալուց հետո, ինչպես ներկայացնում էր Սերժ Սարգսյանը, մի քանի անգամ դեկլարատիվ մակարդակի փոփոխությունների ենթարկվեց, դարձավ անհասկանալի, ինչի արդյունքում տեղի ունեցավ ազգային ողբերգություն»: Այս ամենը նկարագրելուց հետո Ուրիխանյանը հարցրեց, թե ինչո՞ւ Փաշինյանի իշխանության ժամանակ խաթարվեց բանակցային գործընթացը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մերժվածի հարցազրույցը շատ լավ առիթ եւ հնարավորություն է, որպեսզի մենք բանակցային բովանդակության նոր շերտեր բացենք, որը նախկինում բացելու հարցում ունեինք որոշակի սահմանափակումներ: Ձեր նշած անձը, խոսելով ԼՂ կարգավիճակի ապագա ճշգրտման մասին, որը պիտի նախատեսվեր բանակցային գործընթացում, օգտագործեց ԼՂ բնակչություն հասկացությունը: Ես վստահ չեմ, որ նախկինում այս եզրույթն օգտագործվել է: Երբ կանցնեն տարիներ ու կբացվեն բանակցային որոշ փաստաթղթեր, մենք բոլորս կիմանանք, որ ժամանակին Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որից մենք իմանում ենք, որ նա որոշակի մտահոգություն ունի թե՛ ենթադրվող հանրաքվեի իմաստով, որը նշված չէ, թե որտեղ պիտի տեղի ունենա, բայց նշված է, որ ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտման հնարավորություն պիտի լինի, ահա կանցնեն տարիներ եւ մենք կտեսնենք, որ Սերժ Սարգսյանն ունի որոշակի մտահոգություն, թե ինչքան ադրբեջանցի է այս իմաստով համարվելու ԼՂ բնակիչ: Այս փաստից մենք իմանում ենք, որ այդ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեին նաեւ ԼՂ բնակիչ ադրբեջանցիներ: Հարց՝ ԼՂ բնակիչ լինելու համար պետք է բնակվել Ղարաբաղում, չէ՞, ես ասում եմ՝ ԼՂ բնակիչ ադրբեջանցիները, ըստ Սերժ Սարգսյանի հղման, իրենք Լեռնային Ղարաբաղի որտե՞ղ պետք է բնակվեին: Եթե բնակիչ էին, նրանք որեւէ տեղ պետք է բնակվեին: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մերժվածին, որ այս առիթը տվեց, որովհետեւ երբ ես ամիսներ առաջ խոսում էի Շուշիի մասին, ասում էին՝ չի եղել այդպիսի հարց երբեւէ բանակցային գործընթացում: Հարց՝ ԼՂ-ի ազգությամբ ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ պետք է բնակվեին: Հույս ունեմ բոլորս հասկանում ենք այս հարցի պատասխանը»:

Փաշինյանը անդրադարձավ մյուս թեզին, որ ինքը իմացել է՝ եթե բանակցողը փոխվի, բանակցության տրամաբանությունը նույնպես կփոխվի. «Կանցնեն տարիներ եւ կբացվի բանակցային գործընթացի փաստաթղթերի բովանդակությունը եւ մենք կպարզենք, որ բանակցային բովանդակությունը ծռվել է 2015-ի աշնանը եւ 2016-ի ձմռանը: Եթե Սերժ Սարգսյանը որոշել է, որ ինքը պետք է բացահայտումներ անի, թող բարի լինի պատմի մարդկանց այդ իրադարձությունները: Դրանից հետո եկել է 2016-ի գարունը եւ եղել է ապրիլի 2: Բանակցային բովանդակությունը փոխվել է այդ ժամանակ եւ դա ապացուցող փաստաթղթեր կան, բանակցությունների արձանագրություններ: Ես այդ թղթերի հետ աշխատել եմ 2018-ին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո»:

Նա մեջբերեց Սերժ Սարգսյանի այն միտքը, որ իրենք ուզում էին ԼՂ հարցը կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով. «Հարց՝ իսկ Ադրբեջանն ուզո՞ւմ էր դա արդյոք»: Նա հարցադրում արեց՝ կարո՞ղ է պարզվի, որ միջնորդները 2015-ի աշնանը եւ 2016-ի ձմռանը սկսեցին պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը:

Ուրիխանյանը ճշտեց. «Ճիշտ հասկացա՞, որ բանակցությունները գնում էին այսպես՝ զիջում, հանրաքվե, որին կարող էին մասնակցել, օրինակ, Բաքվի արվարձաններում կամ չգիտեմ որտեղ համայնք կոչվածը եւ այդ հանրաքվեի արդյունքը կարող էր լինել, Աստված մի արասցե, համապատասխան հետեւանքով: Բա ձեր իշխանության օրոք ի՞նչ փոփոխություն է եղել»:

Փաշինյանը պատասխանեց. «Հայկական կողմն ասել է, որ մենք 7 շրջանները հանձնում ենք, Ադրբեջանն ասել է՝ ոչ: Հայկական կողմն ասել է՝ մենք ընդունում ենք, որ ԼՂ կարգավիճակի ճշգրտման հարցում պետք է մասնակցի ԼՂ ամբողջ բնակչությունը, որի մեջ մտնում են նաեւ ադրբեջանցիներ: Ադրբեջանը էլի է ասել՝ ոչ, ամեն ինչին ասել է ոչ: Ցանկացած բան, որի համաձայն է Հայաստանը, բանակցությունների ամենավատ տարբերակը, որին համաձայն է ՀՀ-ն, Ադրբեջանը հաջորդ պահին այլեւս համաձայն չի, ինքը ուզում է ավելին: Ձեր նշած անձը ասել է՝ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում»:

Նիկոլ Փաշինյանը եզրափակեց. «Ասում էին՝ փաստաթղթեր կհրապարակենք: Թող հրապարակեն, բա ինչի՞ չեն հրապարակում: Հրապարակեն՝ մենք էլ կհրապարակենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31