«Մարզում չկա բժշկական մի հիմնարկ, որը նոր սարքավորումներով համալրված չլինի: Մարտունու ծննդատանը ամեն երրորդ սարքավորումը նոր է: Վարդենիսի հիվանդանոցում շատ ակտիվ շինարարական աշխատանքներ են, որոնց մի մասը պետական միջոցներով է, մի մասը՝ համայնքային եւ բարերարների: Վարդենիսի հիվանդանոցը վերամիավորվում է Վարդենիսի պոլիկլինիկային»,-այսօր այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նա մարզի Շողակաթ համայնքում ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու կատարված աշխատանքները:
Մարզպետն ասաց, որ մարզի համայնքներից հավաքագրված եկամուտները կազմել են 72,6 տոկոս, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 4,6 տոկոսով ավելին է: Նախորդ տարի՝ օգոստոսից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում մարզի դպրոցներում կատարվել են 95 միլիոն դրամի աշխատանքներ, այս տարվա առաջին կիսամյակում՝ 53 միլիոն դրամի: Ասաց նաեւ, որ նախորդ տարի 237 աշխատատեղ է բացվել մարզի դպրոցներում:
Գեղարքունիքի մարզի կրթական հաստատություններում ներկայումս սովորում է արցախցի 280 երեխա:
Մարզպետն ասաց, որ վերջապես մեկնարկել են Գեղարքունիք-Կոտայք մեկ աղբավայրի կառուցման աշխատանքները, եւ եկող տարի ամբողջ մարզում կկատարվեն աղբահանության աշխատանքները եւ աղբը կտեղափոխվի այդ աղբավայր:
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզը, Գնել Սանոսյանի տվյալներով, ունի 81 հազար հեկտար վարելահողեր, որոնցից 40 հազար հեկտարն է ցանվել:
«Մարզի 13 համայնքում ոռոգման ցանց կանցկացվի կամ կվերանորոգվի: 8 մանկապարտեզ կկառուցվի կամ կհիմնանորոգվի, 36 բնակավայրում կիրականացնենք ասֆալտապատման աշխատանքներ: 7 բնակավայրերում մշակույթի տների կամ երաժշտական դպրոցների հիմնանորոգման աշխատանքներ կկատարվեն: 19 համայնքներում կանցկացնենք խմելու ջրի նոր ցանց կամ հին ցանցը կփոխենք: Մարզի 4 համայնքում զոհված տղաների հիշատակին կկառուցվի հուշահամալիրներ: Մարզում ունենք ծրագիր, որով կկառուցվի բազմաֆունկցիոնալ ապաստարան: Նախատեսված 120 կիլոմետր ասֆալտապատման աշխատանքներից 90 կիլոմետրն ամբողջությամբ ավարտել ենք»,-ասաց Գնել Սանոսյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































