Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստորեն, 2021-ին ընտրացուցակներում ավելացել է 123 հազարից ավելի ընտրող. Ոստիկանության բացատրությունը՝ Արամ Վարդեւանյանի հարցադրմանը

Հուլիս 14,2021 15:28

Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն միասնական վարույթում շարունակում է քննել 20.06.2021թ.-ի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հարցը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումների հիման վրա:

Հարակից պատասխանող՝ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն իր ելույթում անդրադարձավ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի այն հարցադրմանը, թե ընտրացուցակներում կոնկրետ քանի՞ անձի փոփոխություն է եղել 2018-ից 2021-ին: Վարդեւանյանը հնչեցրել էր իր թիվը՝ 116 հազար անձի մասին է խոսքը: Ընդ որում, սրա մեջ չեն մտնում 18 տարեկանները: Նա խոստացավ դատարանին փոխանցել այդ անձանց տվյալները՝ կրիչով:

Այսօր Ֆիդանյանը հակադարձեց. «Վարդեւանյանը նշել էր, որ 2021-ի ընտրացուցակներում առկա է 116 հազար նոր անձանց տվյալներ: Պետք է փաստեմ, որ այդ տարբերությունը բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությամբ կազմում է ոչ թե 116 հազար, այլ՝ 123 հազար 235 անձ, որոնցից 67.180 ընտրող ընտրացուցակներում ընդգրկվել են 18 տարին լրանալու կապակցությամբ, 28.254 ընտրող՝ ժամկետային զինվորական ծառայությունից վերադառնալու եւ ըստ բնակության վայրի հաշվառվելու կապակցությամբ, 6642 ընտրող ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու եւ ՀՀ-ում հաշվառվելու կապակցությամբ, 1038 ընտրող՝ ազատազրկման վայրերից վերադառնալու եւ ըստ բնակության վայրի հաշվառելու կապակցությամբ: Բացի այդ, 2021-ի ընտրացուցակներում ավելացել են այն քաղաքացիների թվերը՝ կազմում են 20.121, որոնք 2018-ի ժամանակ չեն ունեցել հաշվառում եւ մինչեւ 2021-ի հունիսի 13-ը հաշվառվել են որեւէ հասցեում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031