Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահայտ «Ձայն մարդկայինը» առաջին անգամ «խոսեց» հայ հանդիսատեսի հետ

Հուլիս 15,2021 13:30

Մոնո-օպերայի ժանրին մեր երգիչները քիչ են անդրադառնում։ Ի դեպ, այս ժանրի սկիզբը ընդունված է համարել 18-րդ դ. Դոմենիկո Կիմառոսայի «Կապելմայստեր» մոնո-օպերան, որից հետո սկսվեցին տարածվել երաժշտական եւ թատերական գործեր մեկ կամ երկու դերասանի համար։ Ժանրը սկզբում անվանում էին մելոդրամա։ Մոնո-օպերա ժանրը որպես այդպիսին սկսեց տարածում ստանալ Եվրոպայում 20-րդ դարի սկզբից։

Վերջին 20 տարիներին մեզ ընդամենը հայտնի է կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանի «Մարիա Վոլկոնսկայայի հուշապատումը» մոնո-օպերան՝ սոպրանո Էկա Հորստկայի կատարմամբ, որը բեմադրվել է 2015թ.։

Տարիներ առաջ էլ, երբ Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը Գեղամ Գրիգորյանն էր, Սոֆյա Ազնաուրյանը անվանի արվեստագետի «դաբրոն» էր ստացել՝ բեմադրելու իր «Հույս» մեկ երգչի մասնակցությամբ օպերան, սակայն այն այդպես էլ չիրականացավ, փոխարենը YouTube-ում տեղադրված է 1-2 հատված այդ մոնո-օպերայից։

Օրերս Ազգային օպերային թատրոնում մոնո-օպերայի հայաստանյան պրեմիերա էր։ Մեցցո սոպրանո Վարսենիկ Ավանյանը դաշնակահար-կոնցերտմայստեր Վասիլի Ռոլիչի ընկերակցությամբ հանդես եկավ Պուլենկի «Ձայն մարդկային» մոնո-օպերայում՝ ըստ Ժան Կոկտոյի համանուն պիեսի, բեմադրող ռեժիսորն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Հակոբյանը։

Ստեղծագործական խումբը հանդիսատեսին կարմիր գորգի վրայով արտիստական մուտքից ուղեկցեց բեմ, որտեղ էլ մտերմիկ մթնոլորտում երգչուհին ներկայացրեց մեկ գործողությամբ քնարական ողբերգությունը։ Գրականությունից հայտնի է, որ բազմաթիվ կոմպոզիտորներ են ստեղծագործել Կոկտոյի այս պիեսի հիման վրա, սակայն միայն Պուլենկին է հաջողվել այն վերածել բարձրարվեստ գործի։ Ճանաչված օպերային երգիչներից, որոնք անդրադարձել են այս ստեղծագործությանը, նշում են, որ այն յուրահատուկ է նրանով, որ կատարողին հնարավորություն է տալիս ոչ միայն ցուցադրելու իր վարպետությունը (իբրեւ վոկալիստ եւ դերասան), այլեւ երկխոսության մեջ մտնելու հանդիսատեսի հետ։

Մանրամասն չներկայացնելով լիբրետոն, միայն նշենք, որ ներկայացումը լի է մարդկային կյանքին բնորոշ փորձություններով, միաժամանակ անմնացորդ սիրով ու քնքշությամբ, մենությամբ, կարոտով, դավաճանությամբ եւ, իհարկե՝ հրաշքի սպասումով։ Վարսենիկ Ավանյանը թվարկած հոգեվիճակները իսկապես բարձր արվեստով մատուցեց, ժամանակ առ ժամանակ էլ խաղի մեջ ներքաշելով կոնցերտմայստեր Ռոլիչին։

«Առավոտի» հետ զրույցում երգչուհին նշեց, որ մոնո-օպերան ֆրանսերենով հնչեցնելու համար իրեն օգնել է Սերինե-Լյուբա Թադեւոսյանը։ Նաեւ շնորհակալական խոսքերի շարան ուղղեց բեմադրող ռեժիսորի եւ կոնցերտմայստերի հասցեին, ինչի վկայությունն էին ներկայացման ավարտին հանդիսատեսի ծափողջույններն ու բրավոները։ Իսկ մեցցո սոպրանոյի հետ զրույցում մեր ուշադրությունը գրավեց հիշյալ մոնո-օպերայի ստեղծման պատմությունը, որտեղ բացահայտ դրսեւորվում է բոլոր ժամանակների օպերային դիվայի խանդը, նախանձը։ «Լա Սկալա» թատրոնի ներկայացումներից մեկի ընթացքում Պուլենկը ուշադրությամբ հետեւում է, թե ինչպես է Մարիա Կալասը աստիճանաբար այլ երգիչներին «մղում» հետին պլան, միայնակ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափերին։ Կոմպոզիտորի կողքին նստած Փարիզում գործող «Ռիկորդի» ընկերության ներկայացուցիչ Էրվե Դյուժաղդենը առաջարկում է Պուլենկին գրել երաժշտություն Կոկտոյի «Ձայն մարդկային» պիեսի հիման վրա ու այն նվիրել Կալասին։ Կոմպոզիտորը գրում է, սակայն ոչ թե հռչակավոր երգչուհու, այլ սոպրանո Դենիզ Դյուվալի համար։ 1959թ. պրեմիերայից հետո Կոկտոն Պուլենկին գրում է. «Իմ սիրելի Ֆրանսիս, դուք գրել եք մեկ անգամ եւ բոլորի համար՝ այնպես, ինչպես կխոսեր իմ հերոսուհին»։

Բեմադրող ռեժիսոր Դավիթ Հակոբյանին առանձնապես ներկայացնելու հարկ չկա. բավական է ասել, որ նա 1980թ. Հենրիկ Մալյանի կողմից հրավիրվել է մասնակցելու «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի թատրոն-ստուդիայի հիմնադրման աշխատանքներին, հետո արդեն գործունեություն է ծավալել «Անիվների վրա», «Եռանկյունի» թատրոն- ստուդիաներում, ավելի ուշ՝ Երեւանի պետական կամերային, Հենրիկ Մալյանի, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոններում, ինչպես նաեւ Բեյրութում։ Ինչ վերաբերում է դաշնակահար- կոնցերտմայստեր Վասիլի Ռոլիչին, ապա բազմափորձ նվագակցողին էլ բացարձակ հարկ չկա ներկայացնելու, քանի որ նա տարիներ շարունակ հանդես է գալիս այդ «դերում»՝ մեր ճանաչված վոկալիստների հետ։

«Ձայն մարդկային» մոնո-օպերայի ավարտին հանդիսատեսը հիշում էր Վարսենիկ Ավանյանի նշանավոր դերերգերից Կարմենը՝ Բիզեի համանուն օպերայում, Փառանձեմը՝ Չուխաջյանի «Արշակ Երկրորդում», նաեւ ցանկություն հայտնում նրան տեսնել Ամներիսի դերերգով՝ Վերդիի «Աիդայում», Ալմաստի կերպարում՝ Սպենդիարյանի համանուն օպերայում, Ազուչենա՝ Վերդիի «Տրուբադուրում»։ Ոմանք էլ հավաստիացնում էին, թե մեցցո սոպրանոն պատրաստ է ներկայանալ հիշյալ դերերգերով։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031