Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյանը պաշտոնապես հրաժեշտ տվեց ակտիվ մեծ սպորտին

Հուլիս 17,2021 22:43

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն եւ բազմակի մեդալակիր, միջազգային մի ամբողջ շարք մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը պաշտոնապես հրաժեշտ տվեց ակտիվ մարզիկի իր կարիերային:

Տխուր, բայց նաեւ անխուսափելի այդ առիթով Ջուլֆալակյանների ընտանիքը Երեւան Գրանդ Հոթելում մեկտեղ էր հավաքել ամենամտերիմներին՝ ընտանիքի անդամներին, ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարներին, Արսենի անձնական եւ տարբեր տարիքային խմբերում Հայաստանի հավաքականների մարզիչներին, ընկերներին,ԵՊՀ դասախոսներին, համակուրսեցիներին եւ մարզական լրագրողներին, որոնք շատ երկար տարիներ եղել են Արսեն Ջուլֆալակյանի փառավոր հաղթանակների անմիջական արձանագրողը, ինչու չէ, նաեւ ձախողումների ականատեսը:

Արսեն Ջուլֆալակյան մարզիկի եւ մարդ տեսակի մասին դրվատանքի խոսքերի պակաս չեղավ: Արտահայտվողներից յուրաքանչյուրը ներկայացրեց այն Արսենին, որի հետ ճանապարհ է անցել, պատմեց բացահայտումների մասին, որ նրա հետ կապված արվել է սպորտում, համալսարանական կյանքում եւ ընկերական շրջապատում: Սակայն ամենահուզիչը Արսեն Ջուլֆալակյանի խոսքն էր: «Դժվար է: Թվում էր, թե տրամադրվել եմ ու պիտի այսօրվան հոգեբանորեն պատրաստ լինեմ գոնե առնվազն վերջին մեկ-մեկուկես ամսում, երբ վերջնական որոշումս կայացրի ընտանիքիս հետ քննարկելով: Գլխումս շատ հիշողություններ են պտտվում թե հաղթանակների ու դրանց բերկրանքի, թե չհաջողված պահերի մասին, որոնք հիմա փորձում ենք ժպիտով հիշել»,-ասաց Արսեն Ջուլֆալակյանը:

Անվանի ըմբիշը խորին երախտագիտություն հայտնեց բոլորին, ովքեր գրեթե 20 տարվա իր մարզական կարիերայի ընթացքում եղել են իր հետ, իր կողքին, անձնական ջանքեր ներդրել, օգնել ու ոգեւորել են, նպաստել որպես մարդ, մարզիկ եւ Հայաստանի քաղաքացի իր կայացմանը: Արսենը խորին շնորհակալություն հայտնեց իր ծնողներին, եղբորը՝ նույնպես ըմբիշ Արամ Ջուլֆալակյանին,  ըմբշամարտի ֆեդերացիային, Ազգային օլիմպիական կոմիտեին, սպորտի պետական կառույցին, որոնք ժամանակին ստեղծել են անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի ինքը եւ մյուս ըմբիշները կարողանան արդյունավետ մարզվել եւ մարզական բարձունքներ նվաճել: Արսենը շնորհակալություն հայտնեց այն մարզական լրագրողներին, որոնք մշտապես սպորտը պահել են ուշադրության կենտրոնում, եղել անկողմնակալ, անգամ Հայաստանի սահմաններից դուրս անմիջականորեն լուսաբանել իր մրցելույթները եւ այս դժվար պահին էլ իր կողքին են:

Aravot.am-ը նկատեց, որ Արսեն Ջուլֆալակյանի նման աստղերը շատ չեն լինում, որ Հայաստանից մեծ բազմաթիվ երկրներ կերազեին նրա նման մարզիկ ունենալ: Ավելի ուշ լրագրողները Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային առաջարկեցին, որպեսզի նախաձեռնի մարզիկ Արսեն Ջուլֆալակյանին  պատշաճ մակարդակով հրաժեշտ տալու հանդիսավոր արարողություն եւ պատրաստակամություն հայտնեցին ամեն ինչով աջակցել գաղափարը կյանքի կոչել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031