Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա համարում եմ դավաճանություն` ով ինչ ուզում է ասի». Դավիթ Բաբայան

Սեպտեմբեր 09,2021 22:45

«Կարելի է հասկանալ, որ այդ կինը բարդ իրավիճակում է, սոցիալական խնդիրներ ունի, միգուցե որոշ կառույցներ թերացել են, բայց սա չի արդարացնում նրա պահվածքը` գնալ ու թուրքին եւ ադրբեջանցուն հանձնվելը: Սա համարում եմ աննորմալ պահվածք, ով ինչ ուզում է ասի: Ի՞նչ է սա նշանակում` այդ կինը պատրաստ է իր երեխաներով ապրել ադրբեջանցիների հե՞տ, մոռանալ 5 հազար զոհերի՞ն, սա ի՞նչ արժեհամակարգ է»,- այսօր, Aravot.am-ի եւ «Իրավունքի» հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ իշխանությունների կողմից ընթացք չտրվեց Իզաուրա Բադալյանի՝ տուն վերադառնալու ցանկությանն, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի համաձայնագրի 7-րդ կետը սահմանում է ներքին տեղափոխվածների իրենց բնակավայրերը վերադառնալու իրենց սեփականությանը տիրապետելու իրավունքը:

Հիշեցնենք, Շուշիի նախկին բնակիչ կինն, օրերս, երեք երեխաների հետ, փորձ էր արել վերադառնալ Շուշիի իր բնակարան՝ դժգոհելով Ստեփանակերտում իր ընտանիքի նկատմամբ ցուցաբերված անուշադրությունից: Ռուս խաղաղապահները կնոջը եւ երեխաներին թույլ չէին տվել սահմանը հատել:

Դիտարկմանը՝ չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագիրն ունի այդ կետը եւ Իզաուրա Բադալյանն ուղակի փորձել է իրացնել իր իրավունքը, Դավիթ Բաբայանը արձագանքեց. «Այսինքն` ի՞նչ եք կարծում` պետք է վերադառնանա՞ն: Թող որեւիցե մեկը վերադառնա ու ադրբեջանցիների հետ ապրի, տեսնեմ` ի՞նչ է լինելու իր վերջը»:

Եթե այդ դրույթն իրատեսական չէ, ինչո՞ւ էր ՀՀ իշխանությունը համաձայնվում այն ներառել այդ փաստաթղթում, Դավիթ Բաբայանն արձագանքեց՝ ասելով, որ եթե փաստաթղթում գրված է, որ պետք է վերադառնանք, դա դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը թողնելու է, որ այդպիսի բան լինի. «Դուք այս աշխարհից չե՞ք, հավատո՞ւմ եք, որ Ադրբեջանը թողնելու է, որ փախստականներ վերադառնա՞ն: Ադրբեջանը չի վերադարձնում մեր գերիներին, թաքցնում է պատանդների իրական քանակը, դուք ասում եք` ինչո՞ւ է ստորագրել: Չստորագրե՞ր այդ կետը, չլինե՞ր այն: Հիմա այդ կետը կա, բայց սա չի նշանակում, որ ոչ ադեկվատ պետք է ըմբռնենք իրավիճակը: Ինչ ասեմ` թող գնան, հանձնվեն Ադրբեջանին, բայց այնուհետեւ որեւէ մեկը թող չխնդրի պետությունից, թե հետ բերեք մեզ: Նման պահվածքի դեպքում արձագանքը պետք է լինի հետեւյալը` որոշումը կայացրել ես, էլ հույս մի դիր պետության վրա, որովհետեւ սա համարում եմ դավաճանություն` ով ինչ ուզում է ասի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930