Բաքվում պատանդառված Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել բանտից և հայտնել, որ վերջին 10-12 օրերի ընթացքում կարևոր բաներ են տեղի ունեցել իրենց դատավարության հետ կապված:
«Թեպետ պետք է նշենք, որ ևս մեկ անգամ կրկնենք, որ սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է»,-ընդգծում է Դավիթ Բաբայանը:
«Ամսի 18-ին մեզ ներկայացվել է արդեն Վերաքննիչ դատարանի վճռի էլեկտրոնային տարբերակը: Բնական է, որ այնտեղ, ինչպես նաև նախկինում, ոչ մի ստորագրություն չկա, ոչ մի պաշտոնական, այսպես ասած, նմուշ անգամ չկա, բայց այնուամենայնիվ բերել են 47 հատոր՝ ընդհանուր ծավալով:
Երկրորդն այն է, որ մեր պաշտպանները ներկայացրել են վճռաբեկ բողոք իրենց Գերագույն դատարան: Իհարկե, ոչ բոլորինն է, երեք հոգու պաշտպաններն են ներկայացրել, մյուսներինը չեն ներկայացրել, կամ տեղյակ չեն, որ տեսնենք՝ ինչ խաղ է, ներքին, չգիտեմ, ինչ նպատակներով: Այնուամենայնիվ, այդ երկու կարևոր իրադարձությունն է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է այդ վճռին, ապա ասեմ, որ սա 99.9%-ը, փաստորեն, արտագրված է իրենց դատախազության և առաջին ատյանի դատարանի որոշումներից, որևէ ձևով չի տարբերվում: Այսինքն՝ նույն կոպիտ արած, ինչ-որ մի փաստաթուղթ է: Բայց, ի տարբերություն նախկին փաստաթղթերի, այսինքն՝ դատախազության և առաջին ատյանի դատարանի, այստեղ մի փոքր այլ մարտավարություն են ընդունել կեղծիքների առումով:
Կարդացեք նաև
Այսինքն, եթե դատախազությունը և առաջին ատյանի դատարանը պարզապես ստում էին, վերագրում էին այն բաները, որոնք մենք չենք ասել, կամ մեր ասածը ընդհանրապես չէր զետեղվում, այստեղ մի քիչ այլ տարբերակ են ընտրել, այսինքն՝ գրաքննության են ենթարկել մեր ասածները, որով կարևոր բաներ են հանել: Եվ սա համատարած է: Օրինակ, երբ մեզ մեղադրում են ինչ-որ հանցավոր միավորման անդամ լինելու մեջ, թեպետ այդ հանցավոր միավորումը նրանք չեն կարողանում հստակ բնութագրել՝ ինչ է դա, բայց դա Արցախն է, դա Հայաստանն է, դա հայ ժողովուրդն է ընդհանուր առմամբ, ուրեմն մենք բերում ենք տարբեր հակափաստարկներ, որոնց նրանք չեն կարողանում որևէ ձևով արձագանքել, չէին կարող: Ես, օրինակ, բերել եմ մոտ մի քանի տասնյակ այդպիսի հակափաստարկ այդ՝ այսպես կոչված, հանցավոր խմբի վերաբերյալ, որևէ ձևով չեն կարողացել որևէ բան ասել հակասող»:
Դավիթ Բաբայանի խոսքով, փաստարկներից մեկը նրանց ուղղակի կաթվածահար է անում. «Ես ասում եմ՝ եթե դա հանցավոր միավորում է, ինչո՞ւ է ձեր համազգային առաջնորդը մեր հանրապետության ներկայիս և նախկին նախագահների հետ գործունեություն ունեցել, այսինքն՝ առնչվել է, ուղղակիորեն բանակցություններ է վարել պաշտոնապես, և դա հետևված է տարբեր փաստաթղթերում: Հիմա այս Վերաքննիչ դատարանի նյութերում այդ ամենը հանված է, անունը հանված է, բայց գրված է, որ ես ասել եմ, որ նման մոտեցումը նաև հարվածում է ձեր պետականության լեգիտիմությանը: Այնքան են այդ ամենը առաջնորդի անունը ուղղակի հանել, գրում են, որ հարվածում է լեգիտիմությանը, այսինքն՝ անմակարդակ ձևով են արել:
Կամ, ասենք, ինձ մեղադրում են տնտեսական հսկայական չարաշահումների մեջ, թեպետ երբեք բիզնեսով չեմ զբաղվել: Ես ասում եմ՝ այնպես եք գրել, կարծես թե կազմակերպությունը իմ սեփականությունն է, այսինքն՝ ոչ թե պետությունն է, այլ Բաբայանի պետությունն է:
Ուրեմն, այս ամենը հանում են, գրում են՝ «կազմակերպության ղեկավար»: Ինչ է դա՝ չեն բացում: Կամ, ասենք, ինձ մեղադրում են, ընդունվում է, թե 1998 թվականից, բայց մեղադրում են, որ 1988 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի դեկտեմբերի 28-ը եղել եմ ինչ-որ կոմիտեում, որը որոշումներ էր ընդունում պատերազմի և խաղաղության մասին:
Լավ, ասում եմ հեգնանքով, 1988 թվականի սեպտեմբերը պարզ է՝ 10-րդ դասարան եմ տեղափոխվել, միգուցե սա՞ է չափանիշը (իհարկե, չակերտներում): Բայց ինչո՞ւ 1991 թվականի դեկտեմբերի 28-ը, այլ ոչ թե 27-ը կամ 29-ը: Դա անհասկանալի է: Սա էլ են հանում: Կամ, ասենք, տարբեր այլ բաներ, որ բազմաթիվ են: Այսինքն՝ սա մի անմակարդակ, կրկնվող, գրաքննություն անցած փաստաթուղթ է»:
Ինչ վերաբերում է մեր պաշտպաններին, Դավիթ Բաբայանի ներկայացմամբ, թեպետ նրանք իրենց հետ չեն հանդիպել, բայց բավականին լավ, մեկնաբանված բողոք են ներկայացրել. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ պաշտպանին, որովհետև այնտեղ նշված են բոլոր այդ չարաշահումները օրենքների նկատմամբ, միջազգային իրավունքի: Այս երկրում նման մոտեցումը իրոք մեծ խիզախություն է, մարդասիրության և պրոֆեսիոնալիզմի դրսևորում է:
Իհարկե, փաստորեն մեկնարկում է իրենց Գերագույն դատարանի մեր բողոքի փուլը: Պարզ է, որ ինչ է լինելու՝ չգիտեմ, երբ ենք այդ գործը քննելու, բայց գիտեմ՝ ինչով է ավարտվելու: Այսինքն՝ նույն ձևի այդ իրավական, քաղաքական, բարոյական դեժավյուն, խախտումները, ապօրինի չարաշահումները և չարությունը տեղի են ունենալու:
Բայց պարզ է, որ մեզ համար դա չէ կարևոր, ուղղակի փաստն է կարևոր, որ այս ձևական ատյանը ևս մեկ անգամ անցնենք, և սա կարևոր է, որպեսզի հետագայում՝ և՛ պատմության համար, և՛ հետագա քայլերի համար: Այսպիսինն են եղել հիմնական այդ փաստաթղթերը: Ասեմ նաև, որ Վերաքննիչ դատարանի նյութերում վերջին՝ 47-րդ հատորը (333 էջ ծավալով) ընդհանրապես չի ընթերցվել: Այնտեղ գրված է իրենց որոշման հիմնավորումը, թե ինչու են բոլոր որոշումները թողնում անփոփոխ. ընդհանրապես չի ներկայացվել: Այսինքն՝ ունենք այն, ինչ ունենք: Հասկանում եք՝ սա մի երևույթ է, որը բոլորի համար էլ պարզ է, բայց մենք չենք հուսահատվում, բնականաբար իրավունք չունենք, չենք էլ հուսահատվելու, կանգնած ենք ամուր: Ուզում էի շնորհակալություն հայտնել մեզ սատարող բոլոր մեր քույրերին և եղբայրներին՝ թե՛ հայրենասեր հայրենակիցներին, թե՛ այլ ազգի մեր քույրերին և եղբայրներին: Եվ ասեմ, որ այն, ինչ դուք անում եք, շատ կարևոր է: Աստված պահապան ձեզ բոլորիդ: Շնորհակալություն»:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ



















































