Լրահոս
Օրվա լրահոսը

Թռիչքն անավարտ չի մնա. Ցուցահանդես՝ հանուն հերոսի երազանքի իրականացման

Սեպտեմբեր 20,2021 22:30

Արցախյան երկրորդ պատերազմը խլեց բազում հայորդիների կյանքներ, որոնց մեկը կլինիկական դեղագետ, բժիշկ Վահե Մելիքսեթյանն էր: Սեպտեմբերի 20-ին, Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի եւ արդի հայ արվեստագետների համատեղ ուժերով կազմակերպված «Անավարտ թռիչք…» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես-վաճառքի բացման արարողությունը: Ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ սեպտեմբերի 22-ը: Միջոցառման ողջ հասույթն ուղղվելու է «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին: Վերջինիս գլխավոր նպատակն է կլինիկական դեղագիտության զարգացումը Հայաստանում:

«Հիմնադրամը ստեղծել ենք, որպեսզի իրականցնենք եղբորս մասնագիտական երազանքներն ու նպատակները, տարբեր միջոցներով փորձում ենք գումար հավաքել դրա իրականացման համար: Հերթական գաղափարը այս ցուցահանդեսն էր, ինչի իրականացման ընթացքում հասկացանք, որ մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ կազմ, ծանոթացանք Քրիստինա Սարգսյանի հետ, որը հանձն առավ միջոցառման կազմակերպման կարեւորագույն գործը: Ցուցահանդեսին ներկայացված է շուրջ 50 գործ, որոնցից 5-ը՝ քանդակ, տարբեր ոճի եւ գնի: Շնորհակալ եմ բոլոր այն արվեստագետներին, որոնք համաձայնեցին համագործակցել մեզ հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Սարգիս Մելիքսեթյանը՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի հիմնադիր տնօրենը:

Ցուցադրված էր նաեւ Սարգսի սիրելի՝ Պետո Պողոսյանի նկարը, աչքի ընկնող նկարներից մեկն էլ Գեւորգ Ընծա Բաբախանյանի նկարն է, որտեղ պատկերված է եղել ծաղկեփունջ, սակայն, երբ սկսվել է պատերազմը՝ հեղինակը ձեւափոխել է նկարն ու ստացել կարմիր տանկ, հետեւի ֆոնին էլ աղջիկ է:

 

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930