Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոս Վահեի կիսատ երազանքները կյանքի են կոչում հարազատները. «Չկոտրվելու միայն մի ճանապարհ կա, որ նրանց կիսատ թողած գործերը շարունակենք, նրանց երազանքներին մարմին տանք»

Փետրվար 27,2022 23:25

Բժշկական ծառայության լեյտենանտ վանաձորցի Վահե Մելիքսեթյանը 30 տարեկան էր, երբ անցավ զինվորական ծառայության: Մինչ այդ սովորում էր, ուսուցանում ու զբաղվում հասարակական գործունեությամբ: Վահեն դպրոցն ավարտել էր ոսկե մեդալով ու ընդունվել Երեւանի բժշկական համալսարանի դեղագիտության բաժինը: Իր կարճ կյանքի ընթացքում կարողացել էր բազմաթիվ ծրագրեր իրականացնել, սակայն շատ ծրագրեր էլ կիսատ մնացին, 44-օրյա պատերազմն էր սկսվել. «Ինքն ուզում էր աշխարհը փոխել՝ իր ձեւով, իր չափով: Բնական է, ինքը չէր կարող ամբողջը փոխել, բայց գոնե իր բաժին երկինքն ուզում էր փոխել»- ասում է Վահեի մայրը՝ տիկին Ռիման:

Վահեն մասնագիտությամբ դեղագործ էր: Մի շարք նպատակներ ու երազանքներ ուներ, որոնք կապված էին մասնագիտության հետ եւ որն ավելի կհզորացներ Հայաստանն այդ ոլորտում: Սակայն ճակատագիրն այլ ուղղությամբ ընթացավ: 2020 թվականի հոկտեմբերի 8-ին մարտական գործողությունների ժամանակ՝ զինակից ընկերների կյանքերը փրկելու ընթացքում, Քաշաթաղի շրջանում, ցավոք, ընդհատվեց Վահեի կյանքը․«Վահեի հետ բոլոր լուսավոր տղաների համար ափսոսում եմ: Ափսոսում եմ ինչո՞ւ, որ նրանք ասելիք ունեին, նրանք անելիք ունեին, նրանք դասեր ունեին տալու եկող սերունդներին»,- ասում է հերոսի մայրը:

Վահեի անավարտ երազանքները կիսատ չեն մնում: Դրանք կյանքի են կոչում նրա հարազատներն ու ընկերները: Ավագ եղբոր կողմից բացվել է «Վահե Մելիքսեթյանի» անվան բարեգործական հիմնադրամ: Այն իր անունը կրող թիվ 28 հիմնական դպրոցի գերազանց առաջադիմությամբ աշակերտներին կրթաթոշակ է տրամադրում: Վահեն ուներ մի մեծ ու կարեւոր երազանք՝ կլինիկական դեղագիտությունը Հայաստանում հասցնել ավելի բարձր մակարդակի, որի իրագործմանն էլ  ձեռնամուխ են եղել նրա հարազատները. «Չկոտրվելու միայն մի ճանապարհ կա, որ նրանց կիսատ թողած գործերը շարունակենք, նրանց երազանքներին մարմին տանք»,- խոսքը եզրափակեց հերոսի մայր տիկին Ռիման:

Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցը 7 շրջանավարտ է կորցրել 44-օրյա պատերազմում։ Բոլորին հիշում են, տղաների անուններով դասասենյակներ են անվանակոչվել, իսկ դպրոցը կրում է Վահե Մելիքսեթյանի անունը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28