Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 21-ը մեր տոնացույցում հավերժացավ սերունդների համար (Ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2021 23:30

Սյունիքի մարզկենտրոնում Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկեցին Կապանի զորամասից։  Հանդիսավոր միտինգ, որից հետո ինչպես ընդունված է այսպիսի օրերին,  զինծառայողների համար խրախուսանքներ՝ շնորհակալագրեր, մեդալներ, կարճատեւ արձակուրդ։ Զորամասից կապանցիները շարժվեցին  դեպի Բաղաբուրջի պանթեոն, որտեղ ամփոփված են արցախյան բոլոր պատերազմում անմահացածները։ Ծաղկեդրում եւ պսակադրում։

Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում՝ առավոտվանից զինվորական խոհանոց է տեղակայվել։ Ճաշացանակն այսօր ամենօրյա չէր՝ տոնական է, նույնիսկ գինի կա։  Բոլորին հրավիրում են համտեսելու։ Իհարկե, առաջին հերթին բաժակ են բարձրացնում հայրենիքի նահատակների համար։«Այստեղ համախմբվել ենք  հայրենիքի անկախության տոնը նշելու։ Ուրեմն նաեւ պիտի բաժակ բարձրացնենք՝ միմյանց շնորհավորելու»,-ասում է Կապանի հոգեւոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը։

Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի խոսքով,  տարեթվեր կան, որոնք ստեղծվում են ժամանակի պահանջով , եւ հավերժանում են դարերի ու սերունդների համար։ Այդպիսի մի օր էլ 1991 թվականի սեպտեմբերի 21-ն է։ Նա կարեւորեց անկախության անշրջելի արժեքը՝ նշելով որպես յուրաքանչյուր պետության զարգացման, առաջընթացի, միջազգային ասպարեզում սեփական դիրքն ու դերը ունենալու երաշխիքը։

«Մարտահրավերներով ու խնդիրներով այս ժամանակներում  շատ է կարեւորվում պետականության, մեր ինքնության ու արժեհամակարգի պահպանումը։ Մեր ջանքերը պիտի ուղղված լինի մեկ նպատակի շուրջ, որը պետք է կյանքի կոչել միասնականության ու համախմբվածության շնորհիվ»,-մասնավորապես ասաց համայնքապետը։ Կապանի գնդի ծառայող Վահիկ էլյազյանը մի մաղթանք ունի՝ «հայոց եռագույնը ոչ թե պիտի գլխիկոր ծածանվի Եռաբլուրում, այլ մեր կողմից ազատագրված հայրենիքի բարձունքներում»։

Կապանի համայնքապետը Անկախության 30-ամյակի առթիվ շնորհակալագրեր հանձնեց Կապանի ինքնապաշտպանության գործում աչքի ընկած մարտական ջոկատներին։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի խոսքով՝ մեր պայքարը չի ավարտվել։  « Ուստի նաեւ խնդրանքս է՝ նվիրումով ծառայենք մեր սիրելի հայրենիքին, ամենքս՝ մեր ոլորտում ու պատասխանատվության չափով։ Մենք ուժեղանալու, զարգանալու, նոր հաղթանակներ կերտելու պարտք ունենք ընկածներին, պարտք ունենք նաեւ գալիք սերունդներին ժառանգել հնարավորինս խաղաղ արարումի ու երջանիկ հայրենիք, մայրական ցավից ու արցունքից զերծ Հայաստան, իսկ դա պետք է անենք՝ նախեւառաջ ապավինելով մեր բազկի ու մտքի ուժին։ Նաեւ դրանով պիտի վերահաստատենք այս հողի վրա հարատեւելու մեր կամքը։ Բարի՛ ծառայություն ու աննկուն ոգի եմ մաղթում սահմանին կանգնած մեր զինվորներին, բարեկեցություն ու անվտանգություն եմ ցանկանում բոլորիդ օջախներին, խաղաղություն ու հզորացում՝ Հայաստանի անկախ Հանրապետությանը»,-ասվում է Սյունիքի մարզպետի ուղերձում։

Մանրամասները տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930