Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները

Հոկտեմբեր 09,2021 23:33

«Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հոկտեմբերի 9-ին Երեւանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանում կայացավ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:

Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ «Քարեր» (ռեժ․՝ Վինոթրաջ Պ․Ս․, Հնդկաստան), իսկ «Արծաթե ծիրանի»՝ «Հոսանքն ի վար՝ դեպի Կինշասա» (Դյոդո Համադի, Կոնգո/ Ֆրանսիա/ Բելգիա) ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ «Նոր հին ներկայացում» (ռեժ․՝ Ցյու Ծյունծյուն, Հոնկոնգ/ Ֆրանսիա) կինոնկարը։

 

Պետեր վան Բյուրենի անվան FIPRESCI մրցանակ ստացավ «Սանձում» (ռեժ․՝ Սալոմե Ջաշի, Շվեյցարիա/ Գերմանիա/ Վրաստան) ֆիլմը։ «Կորիզ» մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ «Աշխարհ»-ը (ռեժ․՝ Քրիստինե Հարությունյան, ԱՄՆ/ Հայաստան), «Արծաթե ծիրան» ստացավ «Ստորգետնյա»-ն (ռեժ․՝ Հովիկ Հակոբյան, Ֆրանսիա/ Հայաստան)։ Իսկ Գենադի Մելքոյանի անվան Հատուկ մրցանակ ստացավ «Գլխիվար»-ը (ռեժ․՝ Օվսաննա Շեկոյան, Հայաստան)։

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 18-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն էր հունգարացի թատրոնի և կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկառնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոնների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն: Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմում էին նաև պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարը, Կրակովի միջազգային կինոփառատոնի տնօրեն Քշիշտոֆ Գերատը, կինոքննադատ Լարիսա Մայլյուկովան և կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։

«Կորիզ» կարճամետրաժ տարածաշրջանային ֆիլմերի մրցութային ժյուրիի կազմում էին դերասանուհի Ռոմաննա Լոբաչը, «Ոսկե ծիրան»-ի այս տարվա պաստառների հեղինակ, վիզուալ արտիստ Վահրամ Մուրատյանը և փառատոնային տնօրեն Ֆիլիպ Ժալալդոն։ FIPRESCI-ի ժյուրիի կազմում էին կինոքննադատներ Ալեքսանդեր Մելյանը, Դոմինիկ Շմիդը, Մայքս Նաաֆսը։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031