Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՕՀՊՄՔ-ում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված 26 մարզիկ-ուսանողների հիշատակը հավերժացնող հուշակոթողը

Հոկտեմբեր 22,2021 17:36

Արցախյան 44-օրյա պատերազմում Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի 26 սան կյանքը զոհել է հանուն հայրենիքի:

ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, որը երկար տարիներ եղել է մարզական այս հաստատության տնօրենը,  հայրենիքի համար նահատակված տղաների հիշատակը հավերժացնելու նպատակով հուշակոթող կանգնեցնելու առաջարկով դիմել էր Սանկտ-Պետերբուրգում բնակվող իր լավ բարեկամ, մեր հայրենակից, Հրաչյա Պողոսյանին, որը Հայաստանում ավելի քան հարյուր բարեգործական ծրագրեր է իրականացրել, եւ գործն անմիջապես տեղից շարժվել էր:

Այսօր քոլեջի բակում կայացավ մոտ ութ մետր բարձրությամբ կարմիր տուֆից պատրաստված հուշակոթողի բացման եւ օծման արարողությունը, որին մասնակցեցին եկեղեցվո հոգեւոր հայրեր, զոհված տղաների ծնողներն ու հարազատները, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, բարերար Հրաչյա Պողոսյանը, Դերենիկ Գաբրիելյանը, հուշակոթողի ճարտարապետն ու քանդակագործը, մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ օլիմպիական խաղերի աշխարհի ու Եվրոպայի  չեմպիոններ ու մեդալակիրներ, քոլեջի մարզիչ-մանկավարժները,  հերոս տղաների ուսանողական ընկերները եւ թիմակիցները:

Ելույթ ունեցողները խոնարհում հայտնեցին ծնողներին՝ հայրենիքին հերոս զավակներ պարգեւելու համար, որոնք տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը: Քոլեջի տնօրեն, ըմբշամարտի աշխարհի չեմպիոբ Վաղինակ Գալուստյանը խորը ափսոսանք հայտնեց՝ նշելով, որ այսօրվա հավաքը կարող էր եւ պետք է լիներ տղաների մարզական հաղթանակները նշելու առիթով:

Դերենիկ Գաբրիելյանը ավագ սերնդի անունից ներողություն խնդրեց ծնողներից, որ իրենք չկարողացան պահպանել ապագա չեմպիոններին: Այնուհետեւ շնորհակալություն հայտնելով Հրաչյա Պողոսյանին նաեւ այս հայրենանվեր գաղափարը կյանքի կոչելու համար, Դերենիկ Գաբրիելյանը հայտարարեց, որ իր առաջարկով եւ ամերիկաբնակ իր լավ բարեկամներից Կարեն Հարությունյանի եւ նրա ընտանիքի անմիջական ջանքերով տիեզերքում աստղ է անվանակոչվել բարերար Հրաչյա Պողոսյանի անունով: Եվ համապատասխան հավաստագրերը հանդիսավորությամբ հանձնեց Հրաչյա Պողոսյանին: «Մենք նպատակ ունեինք, որ ձեր անունով անվանակոչված աստղը գիշերները կլուսավորի հայրենիքի համար նահատակված մեր եւ կյանքը տված բոլոր տղաների հոգիները»,- ասաց պարոն Գաբրիելյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031