Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ դժվար է պատկերացնել, որ Թուրքիան այսուհետ նույնպես կամրապնդի իր դիրքերը Կենտրոնական Ասիայում. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 11,2022 10:35

Իրավիճակն այնպես է դասավորվել, որ «թյուրքական աշխարհի» շարքերում, այն բանից հետո, երբ փաստացի նրանից պոկվեցին Ղազախստանն ու ՀԱՊԿ խաղաղապահ գործողությանը մասնակցող Ղրղըզստանը, գործնականում մնում են միայն Թուրքիան ու Ադրբեջանը, որը մինչ այժմ որեւէ կերպ չի մեկնաբանել Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները: Թուրքմենստանը միշտ հատուկ դիրք է զբաղեցնում եւ, որպես չեզոք երկիր, չի ընդգրկվում որեւէ դաշինքի կազմում (այդուհանդերձ, Թյուրքական պետությունների կազմակերպության վերջին գագաթնաժողովում, ստորագրելով ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ փաստաթղթի տակ, Թուրքմենստանը ծանր հարված հասցրեց իր չեզոքության կարգավիճակին): Շատ դժվար է պատկերացնել, որ Թուրքիան այսուհետ նույնպես կամրապնդի իր դիրքերը Կենտրոնական Ասիայում։

Ինչպես ենթադրում է ՌԴ ԳԱԱ համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը, Անկարան մանեւրելու սահմանափակ հնարավորություններ ուներ: «Ղազախստանի ճգնաժամի սուր փուլում Թուրքիան ոչինչ չէր կարող անել։ Չէր կարող հատուկ ուժեր գործուղել: Դա մեծ տարակուսանք կառաջացներ ոչ միայն Ղազախստանում, այլեւ Ռուսաստանում եւ Չինաստանում։ Թյուրքական պետությունների կազմակերպության կանոնադրությունը չի պարունակում այնպիսի կետ, որով անդամ երկրներից մեկում ճգնաժամի դեպքում այնտեղ զորքեր կարող են ուղարկվել: Միակ երկիրը, որը կարող էր դա անել, Ուզբեկստանն է, որը համապատասխան համաձայնագրերի փաթեթ է ստորագրել Ղազախստանի հետ։ Հետեւաբար, Թուրքիայի համար հիմա որեւէ լուրջ քայլ անելն անիմաստ է»,- «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ասել է Պրիտչինը:

«Մեծ Թուրանի ստեղծման գաղափարը չի անհետացել: Հարցն այն է, թե ինչպիսի արդյունավետությամբ այն կիրականացվի։ Փաստն այն է, որ Ղազախստանի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի բոլոր հանրապետությունների համար «թյուրքական աշխարհի» գաղափարն ամբողջությամբ ընդունելի չէ։ Թուրք լինելը չի նշանակում լինել «թյուրքական աշխարհում»։ Նույն կերպ սերբերն ու ռուսները երբեք նույն պետությունում չեն լինի, անկախ նրանից, թե որքան մոտ են միմյանց»,-«Նեզավիսիմայա գազետայի» թղթակցի հետ զրույցում հայտարարել է Էթնո-ազգային ռազմավարությունների գործակալության տնօրեն Ալեքսանդր Կոբրինսկին: Նրա կարծիքով՝ Ղազախստանի, ինչպես նաեւ հետխորհրդային շատ այլ հանրապետությունների խնդիրն այն է, որ իր պետականությունն ու գաղափարական հրամայականները կառուցել է՝ հակադրվելով խորհրդային անցյալին եւ ռուսական պատմությանը։ Եվ քանի որ կան մի շարք պատմական պահերի արհեստական շաղկապում եւ դրանց ազատ մեկնաբանում, ղազախական միջավայր սկսեց ներթափանցել սալաֆիական օտար իսլամը, որը, ի թիվս այլ բաների, դարձավ վերջին գործընթացների շարժիչ ուժը:

Կոբրինսկու խոսքերով՝ Թուրքիան հարմար պահի էր սպասում, որպեսզի չմիջամտի հակամարտության զինված փուլին եւ օգնության հասնի, երբ խոսքը կվերաբերի տնտեսական հարցերին։ Ինչպես ենթադրում է փորձագետը, այսօր անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե կատարվածից ինչ դասեր պետք է քաղեն թե ղազախները, թե ռուսները։ «Հաշվի առնելով Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի հետ կապված բացասական օրինակները՝ Մոսկվան պետք է փորձի չկրկնել թույլ տված սխալները,- ասել է Կոբրինսկին։- Մյուս կողմից, հնարավոր է, խնդիրն այն է, որ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանը հեռու է այնքան ակտիվ լինելուց, որքան կարող էր։ Այսօր գաղափարախոսները կենտրոնանում են Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակի վրա, իսկ երիտասարդ սերունդն այնքան էլ չի զգում այդ իրադարձության կարեւորությունը։ Համախմբող նոր գաղափար է պետք: Գաղափարական դատարկություններ չեն լինում: Այդ նշաձողն զբաղեցրել էր նեոօսմանյան կայսրության թուրքական գաղափարը, մինչդեռ Կենտրոնական Ասիան Օսմանյան կայսրության մաս չէր»: Փորձագետը կարծում է, որ եթե Մոսկվան հիմա բաց չթողնի Ղազախստանը, ապա տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության ներկայության նոր փուլ կսկսվի։

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31