Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր արգելված ֆիլմերը թույլատրվեցին ցուցադրության, բացի Փելեշյանի ֆիլմերից»

Փետրվար 22,2022 13:30

Շտրիխներ՝ Արտավազդ Փելեշյանի կերպարից

Այսօր լրանում է լեգենդար կինոգործիչ Արտավազդ Փելեշյանի ծննդյան 84-ամյակը։ Ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը երեկոյան Ազգային օպերային թատրոնում կայանալիք մենահամերգին վարպետի պատվին կհնչեցնի նրա սիրելի ստեղծագործություններից՝ Վիվալդիի «Տարվա եղանակները»։ Ջութակահարի մենեջերն «Առավոտին» հայտնեց, որ Փելեշյանը մեծ ցանկություն է հայտնել ներկա լինել համերգին։

Վստահ ենք՝ անվանի կինոռեժիսորին ներկայացնելու անհրաժեշտություն չկա, այնուամենայնիվ հիշեցնենք, որ նրա գործունեությունը սկսվել է դեռեւս Մոսկայում ուսանելու տարիներից՝ 1963-ից։ Արվեստագետի եւ նրա գործունեության մասին աշխարհում հրատարակվել են բազմաթիվ գրքեր ու նկարահանվել ֆիլմեր։ Ժամանակին մեզ հետ զրույցներում այդ ֆիլմերից մասնագետներն առանձնացրել են 2011թ. կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոյի ստեղծած «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմը։ Հատկապես նշել են, որ արվեստագետի «Դիստանցիոն մոնտաժը» կամ «Դիստանցիայի տեսությունը» մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր խոսք էր։

Իսկ 1980-ականների վերջերին հրատարակած «Իմ կինոն» գիրքում տեղ են գտել նրա տեսական աշխատանքներն ու սցենարները։ Մեծ հաշվով կինովավերագրողը վերացրեց խաղարկային ու վավերագրական ֆիլմերի միջեւ սահմանները։ Արվեստագետը համագործակցել է նաեւ անվանի կինոռեժիսորների հետ, օրինակ՝ Միխալկով-Կոչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը, հանդես է եկել նաեւ սեփական սցենարներով, որոնցից մեկի հիման վրա Միքայել Վարդանովը բեմադրել է «Աշնանային հովվերգություն» ֆիլմը, հանրահայտ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում էլ նկարահանվել է Ռեւազի կերպարում։ Հասկանալի պատճառով հնարավոր չէ ներկայացնել մեր լեգենդար հայրենակցի ողջ գործունեությունը։ Մի բան էլ. երբ տարիներ առաջ կեսկատակ-կեսլուրջ հարց ուղղեցինք արվեստագետին՝ փաստորեն ձեր ֆիլմերը դեռեւս ուսանողական տարիներից են անթերի, վարպետը ժպտալով պատասխանել էր. «Իմ ֆիլմերի «թերությունն» այն է, որ դրանց մեջ բառեր չկան։ Իմ ֆիլմերի առավելությունն այն է, որ դրանց մեջ բառեր չկան»։

Արվեստաբան Սերգեյ Առաքելյանից, որը քաջատեղյակ է իր ժամանակակից անվանի, մեծանուն, լեգենդար արվեստագետների կյանքին ու գործունեությանը եւ մեր խնդրանքով հաճախ է տրամադրում հետաքրքիր նյութեր նրանց մասին, խնդրեցինք վարպետի հետ կապված եւս որեւէ հիշողություն պատմել։ Պարոն Առաքելյանը նախ նշեց, որ վարպետի ֆիլմերից շատերը ուսանողական տարիներին են նկարվել ու շարունակեց. «Մի անգամ Փելեշյանը հենց այդ առիթով կատակեց, որ եթե չարգելեին, գուցե գոհանար ու էլ չնկարեր… Իսկ ո՞վ կամ ովքե՞ր էին արգելում։ Դրա պատասխանն էլ ունի Փելեշյանը. արգելում էր նա, ով դրա համար աշխատավարձ էր ստանում, ընտանիք, ծնողներ պահում, գուցեեւ սիրուհիներ…, ախր այդ մարդկանց էլ կարելի է հասկանալ։

Սրիկաները տասնամյակներ շարունակ փակի տակ են պահել փելեշյանական ֆիլմերը։ Կարճ ասեմ. որպեսզի պատկերացնենք Փելեշյանի մեծությունը, ընդամենը մի փաստ բարձրաձայնեմ. 1980-ականների վերջերին Գորբաչովի հայտարարած «գլասնոստի» ու դեմոկրատիայի շնորհիվ մի կողմ նետված, արգելված ֆիլմերը թույլատրվեցին ցուցադրության, բոլորը անխտիր՝ բացի Փելեշյանի ֆիլմերից։ Ինքներդ հետեւություն արեք»։

Մենք էլ մեջբերենք մեր հայրենակցի մասին մեծանուն արվեստագետներից մեկի՝ ամերիկացի կինովավերագրող Գոդֆրի Ռեջիոյի խոսքից հատված. «Արտավազդ Փելեշյանն իմ կուռքն է։ Տեսել եմ նրա գրեթե բոլոր ֆիլմերը։ Հնարավոր չէ մեկ-երկուսն առանձնացնել։ Թույլ տվեք ասել, որ եթե ես կայծեր եմ արձակում կինոյում, նա՝ գնդակերպ շանթեր…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28