Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Իրական հերոսները հենց այդ տղաներն են, այն կանայք են, որոնք կորցրել են իրենց ամուսիններին, մենք ընդամենն աջակցում ենք»

Մարտ 15,2022 23:47

Այսօր Վանաձորի բժշկական կենտրոնում տեղի ունեցավ վերականգնողական բաժանմունքի պաշտոնական բացումը: Կենտրոնն արդեն որոշակի ժամանակ է, ինչ իր հարկի տակ է ընդունում շահառուներին:

Ակսել Շամիրյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Արդեն հասցրել է որոշակի չափով բուժում ստանալ վերականգնողական կենտրոնում. «Խնդիրը կանտուզիա է, անցել եմ մոտավոր 4-5 կուրս, տարբերությունը նկատելու համար դեռ վաղ է, բայց վերջում նկատելի կլինի: Ամեն ինչ շատ լավ է, բարձր մակարդակով է կազմակերպվում, պրոֆեսիոնալ թիմ է»:

Ի տարբերություն Ակսելի, Արթուրն իր բուժման մեջ դրական տեղաշարժ նկատում է: Նախկինում բուժում է ստացել Զինվորի տանը, այժմ արդեն մեկ ամիս է այն շարունակում է Վանաձորի վերականգնողական կենտրոնում. «Ջաբրայիլում եմ ծառայել, բեկորային վիրավորում եմ ստացել ձեռքի շրջանում: Բուժման արդյունքում արդեն տարբերություն զգում եմ: Ուրախ եմ, որ Վանաձորում նույնպես բացվեց կենտրոն, ավելի հարմար է, քանի որ գնում էի Երեւան, հիմա արդեն տեղում եմ բուժվում»:

Վերականգնողական կենտրոն ունենալու միտքն առաջացել է 2020 թվականին Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո: Երբ շատ տղաներ ստացան ծանր վիրավորումներ եւ մինչ այսօր ունեն բուժման անհրաժեշտություն: Պատերազմի ընթացքում կիրառված զինատեսակները՝ ուղեղի ողնաշարի եւ այլ լրջագույն վնասվածքներ են հասցրել շատ տղաների, որոնք ունեն ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման կարիք:

Հաշվի առնելով այս ամենը՝ «Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնեց  «Համակցված վերականգնողական բուժման ապահովում հետպատերազմյան Հայաստանում» ծրագիրը, որն իրագործեց՝ Ֆրանսիայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։ Ծրագրի իրականացման համար համագործակցել են նաեւ ՀՀ առողջապահության նախարարության, Լոռու մարզպետարանի եւ Վանաձորի բժշկական կենտրոնի հետ։

«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրն ասում է, որ տղաներից ուժ է ստանում, հպարտանում նրանց կատարած հերոսություններով. «Իրական հերոսները հենց այդ տղաներն են, այն կանայք են, որոնք կորցրել են իրենց ամուսիններին, մենք ընդամենն աջակցում ենք, փորձում ենք մի բան անել, բայց իրական հերոսները հենց նրանք են»:

Ծառայությունների լավագույն որակի ապահովման նպատակով բաժանմունքին տրամադրվել է միջազգային ստանդարտներին համապատասխանող 12 միավոր վերականգնողական սարքավորում։ Վերապատրաստվել են մեկ տասնյակից ավելի մասնագետները։  Ֆրանսիացի վերապատրաստող բժիշկների եւս 2 խումբ էլ նախատեսում է մայիսին այցելել Վանաձոր. «Մոտ 100 շահառու կա Լոռու մարզում, ովքեր կարող են օգտվել այս կենտրոնից: Զինծառայողներ, որոնք ունեն տարբեր տիպի վերականգնողական բժշկական օգնության կարիք եւ նրանցից արդեն մեծ մասն ընդգրկվել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Կենտրոնը կծառայի նաեւ Տավուշի բնակչությանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031