Լրահոս
Օրվա լրահոսը

«Երաժշտություն, որ ասես սիրտը ճաք է տվել»

Մարտ 31,2022 12:30

Կայացավ Ալեքսանդր Յակովլեւ, Քրիստինե Չթչյան, Արսեն Զաքարյան եռյակի համերգը

Կան հեղինակներ, որոնց ստեղծագործությունների հոբելյաններն անգամ արժանի են հիշատակման։ Սրանից ուղիղ իննսուն տարի առաջ ծնվել է Արամ Խաչատրյանի տրիոն՝ գրված դաշնամուրի, ջութակի եւ կլարնետի համար։ Այս հոբելյանը օրերս նշվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Երաժշտական հինգշաբթի» համերգաշարի հերթական համերգին՝ դաշնակահար Ալեքսանդր Յակովլեւի, ջութակահար Քրիստինե Չթչյանի եւ կլարնետահար Արսեն Զաքարյանի կատարմամբ։ «Ստեղծագործությունը գրվել է դեռ Ա. Խաչատրյանի ուսանողական տարիներին, երբ սովորում էր Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Նիկոլայ Մյասկովսկու դասարանում,- պատմում է տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։ – Այս գործը հանրահայտ է նաեւ այն փաստով, որ Խաչատրյանի առաջին ստեղծագործությունն է, որ հնչել է արտերկրում։ Մյասկովսկու դասարանն այցելել է այն ժամանակ աշխարհահռչակ Սերգեյ Պրոկոֆեւը եւ լսել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, այդ թվում՝ երիտասարդ ուսանողի կողմից ներկայացված տրիոն՝ դաշնամուրի, ջութակի եւ կլարնետի համար։ Բարձր գնահատանքի արժանացնելով այն՝ Պրոկոֆեւն ասել է, որ տրիոն պետք է հնչի երկրից դուրս եւ նոտաները տարել է Փարիզ։ Հենց Ֆրանսիայում էլ այն հնչել է 1933 թվականին։

Նման կազմի համար գրված սակավաթիվ ստեղծագործությունների շարքում է, եւ աշխարհի գրեթե բոլոր կլարնետահարներն այն ընդգրկում են իրենց նվագացանկում։ Բայց, ցավոք, Հայաստանում այս գործն այնքան էլ հաճախ չի հնչում։ Ուրախ եմ, որ այս հոբելյանական տարում ստեղծագործությունը հնչում է նման միջազգային կազմով։ Դաշնակահար Ալեքսանդր Յակովլեւը, որ այս համերգին առաջին անգամ է այն կատարում, ասում է, որ հիացած է Խաչատրյանի տրիոյով եւ կպահի իր նվագացանկում՝ հնարավորինս օգտագործելով իր համերգային ծրագրերում։ Այս համերգին մասնակցող բոլոր երաժիշտներն էլ նվիրյալներ են, անցել են բավական մեծ ճանապարհ, փորձառու են։ Սա դեռ սկիզբն է մեր համագործակցության… Ալեքսանդրն ունի ծրագրեր՝ Արամ Խաչատրյանի այլ ստեղծագործությունները հնչեցնելու»։


Խաչատրյանի՝ վաղ շրջանի արարումներից լինելով՝ այն արդեն իսկ հյուսված է հայկական ազգային մեղեդային հենքերի վրա եւ, թերեւս, կարելի է բնութագրել՝ որպես հայոց ասք, երաժշտական լեգենդապատում։ «Խաչատրյանի ստեղծագործական աշխատանքն իր մեջ է ներառել հայկական ժողովրդական երաժշտության մի հսկայական շերտ։ Դրա ելեւէջներից շատերը կոմպոզիտորն այնքան խորն է ընկալել եւ վերամարմնավորել, որ դրանք ընկալվում են որպես խաչատրյանական»,- կոմպոզիտոր Էդ. Միրզոյանի խոսքերը դիպուկ բնութագիրն են նաեւ այս ստեղծագործության։ Եռյակն այն կատարեց ստեղծագործության ոգեղեն նախասկզբի նուրբ զգացողությամբ եւ հեղինակի հայկական մեղեդային գծերի խորքային «ընթերցմամբ»։

«Կոմպոզիտորական ձեռագրի առումով, դա բարձրագույն «պիլոտաժ» է,- ասում է ռուս հանրաճանաչ դաշնակահար Ալեքսանդր Յակովլեւը։ – Երբ կոմպոզիտորը գրում է ժողովրդական թեմաներով, դու հասկանում ես, որ դա Խաչատրյանն է, միաժամանակ՝ ազգի երգերն են։ Այդպիսի օրինակները շատ են։ Դա Բեթհովենի Յոթերորդ սիմֆոնիան է, որում ժողովրդական երաժշտությունը շատ է, այդ թվում՝ նաեւ սլավոնականը, դա Բարտոկն է, Չայկովսկին… Արամ Խաչատրյանի հաջողությունը հենց նրանում է, որ օգտագործել է մաքսիմալ քանակով ժողովրդական թեմաներ։ Նա հատուկ հավաքել, արձանագրել է այն, եւ այն տպավորությունն ունես, ասես մոտենում, հպվում ես ժողովրդին։ Կոմպոզիտորի բարձրագույն նվաճումն է, երբ իր երաժշտությունը թույլ է տալիս հասկանալու, դիպչելու, մերձենալու տվյալ ժողովրդի հոգեաշխարհին»։

Արթուր Շնաբելի անվան, Հռոմում անցկացված «Շոպեն-Հռոմ», իտալական «Մենդելսոն-Գավաթ», Ճապոնիայում կազմակերպված «Տակամացու», «Էտորե Պոցցոլի», «Cincinnati World Piano Competition» դաշնակահարների միջազգային մրցույթների առաջին մրցանակակիր Ալ. Յակովլեւը 2021-ի ուշ աշնանը Երեւանում նվագել էր Առնո Բաբաջանյան՝ ջութակահար Քրիստինե Չթչյանի եւ թավջութակահար Հովիկ Օգանեզովի հետ։ Հիմա Քրիստինե Չթչյանի եւ կլարնետահար Արսեն Զաքարյանի հետ հանդես եկավ բոլորովին այլ ծրագրով՝ Յ. Բրամս, Դ. Շոստակովիչ, Կ. Սեն-Սանս, Ի. Ստրավինսկի, Կոմիտաս, Ա. Խաչատրյան։ Երաժիշտների՝ նորերս կազմավորված եռյակը խաչատրյանական երկի փայլուն կատարումից բացի, ներկայացրեց Դ. Շոստակովիչի «5 պիեսը»։ Ռուսական ոգու եւ ազգային բնույթի հզոր բացահայտում էր Ալ. Յակովլեւի մենանվագմամբ՝ Ի. Ստրավինսկու «Պետրուշկան»՝ դաշնամուրի համար փոխադրությամբ։ Բրամսի՝ դեպի չնաշխարհիկ վայրեր եւ իդեալական աշխարհ տանող «Թիվ 3, ռե մինոր» սոնատը, Սեն-Սանսի խորհրդավոր-ջղաձիգ-սարսռեցնող «Մահվան պարը» Ալ. Յակովլեւ – Ք. Չթչյան զույգը կատարեց երաժշտական ներդաշնությամբ, կոմպոզիտորական մտահղացումների ճշգրիտ «ընթերցումներով», պրոֆեսիոնալ, ոգեշունչ, վերացած…

Մեր հոգեբանության եւ ազգային մտածողության մեջ արմատավորվել է ցավի, կարոտի, կորուստների, տառապանքի զգացողության ներքո ճկվելու զգացումը, նաեւ անթեղված հույս-հավատի հավատամքը, որոնց ցայտուն արտահայտություններն են մեր երգերը, բանաստեղծությունը՝ հնուց եկած եւ նոր ժամանակների մտքի եւ երաժշտության մշակների ձեռքով արվեստային նոր որակներ ստացած։ Օտարազգի արվեստագետները դրանց մի «հպումից» անգամ զգում են սիրտը ճեղքող ցավը, եւ դրա վկայություններից էին Ալ. Յակովլեւի եւ Ք. Չթչյանի կատարմամբ՝ կոմիտասյան «Ծիրանի ծառն» ու «Կռունկը»։ «Շատ խորը երգահան է՝ ո՞վ է Կոմիտասը Ձեզ համար հարցին պատասխանում է ռուս դաշնակահարը։ – Նրա երաժշտությունում շատ է տառապանքը։ Այն տպավորությունն ունեմ, ասես, հեղինակի սիրտը ճաք է տվել»։

Իր հայաստանյան ծրագրերի մասին Յակովլեւն ասում է. «Մտադիր ենք Հայաստանում հենց այս տարի անցկացնել փառատոն-մրցույթ երեխաների համար։ Արդեն հինգ տարի է՝ Սանկտ Պետերբուրգում անցկացնում ենք «Grand Piano in Palace» փառատոնը։ Ինձ թվում է՝ ողջ աշխարհից շատ երեխաներ կժամանեն Երեւան, եւ մտադիր եմ՝ մրցութային ծրագրում պարտադիր հանձնարարել կատարելու Խաչատրյանի, Բաբաջանյանի երկերը։ Հայաստանում այսպիսի հայ-ռուսական-միջազգային մշակութային իրադարձություն իրականացնելու գաղափարն ունեմ, եւ այս հարցում աջակիցները շատ են»։ Դաշնակահարին հարցնում ենք Երեւան իր վերջին այցելություններից տպավորությունների մասին։ «Ինձ զգում եմ՝ ինչպես իմ տանը։ Շատ երկրներում եմ եղել, յոթ տարի ապրել եւ ուսանել եմ Գերմանիայում, եւ երբեք չեմ կարող ասել, որ այնտեղ զգացել եմ, ոնց տանը։ Բազմիցս եղել եմ Ճապոնիայում, եւ միշտ ինձ զգացել եմ՝ որպես հյուր։ Այստեղ ուսումնասիրելով ազգային սովորույթները եւ փորձելով համապատասխանել դրանց՝ միաժամանակ ինձ շատ ազատ եմ զգում։ Նայում եմ՝ ոնց են մարդիկ շփվում, ո՛նց են ժպտում, մեր հանդիպմանը՝ նրանց առաջին արձագանքին, եւ այս ամենն ինձ թույլ են տալիս ասելու, որ ես տանն եմ»,-ասում է նա։

Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031