Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերը միայն խոսքով չէ». Փարավոն Միրզոյան (Ֆոտոշարք)

Ապրիլ 27,2022 22:11

Թեքեյան կենտրոնում կայացավ ՀՀ  ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի «Նկարիչը եւ էրոսը» խորագրով գեղանկարների ցուցադրությունը եւ պատկերագրքի շնորհանդեսը: Սրահում տառացիորեն ասեղ գցելու տեղ չկար՝ ներկա էին արվեստագետներ արվեստասերներ, տարբեր ոլորտների ակնառու ներկայացուցիչներ

Ցուցադրված էր վարպետի 50 աշխատանք, որոնցում անվանի նկարիչը մարմնավորել էր ֆիզիկական սիրո տիեզերական ներդաշնակությունը: Ինչ վերաբերվում է էրոսի թեմայով աշխատանքներն ամփոփող նրա՝ «Նկարիչը եւ Էրոսը» պատկերագրքին, այն Մոսկվայում կայացած միջազգային մրցույթում Գրան պրիի է արժանացել:

Արվեստագիտության թեկնածու Եկատերինա Իզոֆատովան անդրադառնալով  թեմային եւ Փարավոն Միրզոյանի արվեստին՝ գրել է. «Սերը, կինը եւ նրա գեղեցկությունը վաղուց կարեւոր տեղ են զբաղեցնում նկարչի արվեստում: Սակայն սերն անհնարին է՝ առանց կնոջը տիրանալու ցանկության, որը գլխավոր շարժիչ ուժն է ֆրոյդական տեսանկյունից մեկնաբանված աշխարհում: Փարավոն Միրզոյանի  գրաֆիկական աշխատանքները հենց դրա՝ բառիս բուն իմաստով մարմնային, ցանկական սիրո մասին են: Զուգադրվելով արվեստագետի ծրագրային երփնագիր աշխատանքներին՝ դրանք ցուցադրում են սիրո տիրույթի մեկ այլ՝ էպատաժային սադրիչ պատկերը…

Մենք դրանցում տեսնում ենք ոչ թե երկիմաստ ակնարկներ ու թախծագորով հայացքներ, ոչ թե սրտագին գրկախառնության ու քնքուշ համբույրի պահեր, այլ ֆիզիկական մերձեցման, զգացական սիրո վայելքին տրված տղամարդու եւ կնոջ լիարյուն ու կրքոտ կերպարներ…»:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով. «Պարոն Միրզոյանը, ով իմ վարպետն է, ինչպես իր խոսքում է ազատ, այդպես էլ իր արվեստում: Այսօրվա ցուցահանդեսը եւ գրքի շնորհանդեսը հենց դրա վառ ապացույցն են»: Նրա ձեւակերպմամբ, այս թեմային շատ նկարիչներ են անդրադառնում, բայց քչերն են համարձակություն են ունենում ցուցադրելու, քանի որ, եթե մի փոքր անգամ եզրագիծը հատեն, արդեն գռեհիկ նայվի, իսկ Փարավոն Միրզոյանի ստեղծագործություններում ընդգծված են մարդկային ջերմ հարաբերություններն ու պլաստիկան: ՀՀ ժողովրդական նկարիչը շուրջ 40 տարի ստեղծագործում է այս թեմայով:

Փարավոն Միրզոյանն ասաց, որ  առաջին անգամ է տպագրվում էրոսի թեմայով պատկերագիրք, իսկ այնտեղ զետեղված գծանկարները ստեղծվել են 1970 թվականից մինչեւ այսօր. «Իմ  ապրած  տարիներին արտահայտել եմ մարդկային մի վերաբերմունք, որը կոչվում է սեր: Սերը միայն բառերով չէ, սերը նաեւ այն է, թե ինչպես է մարդ կարողանում ներկայացնել իր աշխարհը, ապրած օրերը»:

Փարավոն Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Թեքեյան մշակութային միությանը ցուցահանդեսը կազմակերպելու եւ իր աշխատանքները ներկայացնելու համար: Նա նաեւ պատկերագիրք նվիրեց միության նախագահ Ռուբեն Միրզախանյանին:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    …կնոջ կերպարներ :(((

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930