Կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը «Հայելի» ակումբում խոսելով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանքի տակ պահելու պատճառի մասին, ըստ որի, պրոդյուսերը առերեւույթ վիրավորել է շիրակցիների ազգային արժանապատվությունը,, ասաց, որ այդպիսի մեղադրանք չի կարող լինել, որովհետեւ շիրակցին էլ, երեւանցին էլ, սյունեցին էլ արցախցին էլ հայ են․ «Այսինքն, ազգամիջյան վիրավորանք չկա: Հայաստանի քրեական օրենսգրքում էլ ներազգային արժանապատվությունը վիրավորելու համար հոդված չկա:
Այսօրվա իշխանությունը եկել է, իրենց բերել են այդ սկզբունքով: Իրենց հրահանգիչներն ասել են. քանի որ հայ ազգը ահավոր միատարր է, իրենց մեջ հնարավոր չէ գցել ազգամիջյան բախում, ուրեմն դուք պետք է սեգմենտներ ստեղծեք՝ ղարաբաղցի, սեւ, սպիտակ, նախկին ու էլի չգիտեմ ինչ, եւ այդպես բաժանեք, հետո՝ տիրեք: Ես ուզում եմ հասկանալ, թե ովքե՞ր են տուժողները: Եթե շիրակցիների մասին բան է ասել, ո՞վ է զանգել ու ասել՝ բռնեք, որովհետեւ ինձ վիրավորել է: Այդ ո՞վ է, որ իր վրա է վերցրել:
Արմենը ինտելեկտի մարմնացում է: Երջանկություն եւ ազատություն ստանում են միայն այն մարդիկ, ովքեր ամեն օր դրանց համար պայքարում են: Արմենի նման մարդիկ գիտեն, որ պայքարում են աչ միայն իրենց, այլեւ բոլորի, մարդու ազատության ու երջանկության, համար:
Իրական ժողովրդավարության երկիր Նորվեգիայում կա մի այսպիսի կանոն: Փողոցային երթեւեկության ամենակարեւոր սուբյեկտը մարդն է, բոլոր փողոցները առաջին հերթին մարդունն են: Հետո գալիս են կենդանու սայլը, հեծանիվը եւ վերջում՝ ավտոմեքենան: Ու սրա տրամաբանությունը շատ պարզ է. առաջինը եղել է մարդը, այդ փողոցներով առաջինը նա է քայլել: Հետո եղել է սայլը, այնուհետեւ՝ հեծանիվը եւ վերջում ավտոմեքենան: Ասելիքս վերաբերում է ամեն ինչը զրոյական կետից սկսողներին:
Կարդացեք նաև
Մեր ազգը շուրջ 600 տարի պետականություն չունենալով՝ իր գոյաբանական հիմնասյուները ընտրել է ընտանեկան արժեքները, կրթությունը եւ եկեղեցին: Հետո, մոտ 100 տարի առաջ եկել, հայտնվել է ավտոն՝ պետության տեսքով: Հիմա, եղբայր, դու որպես պետություն չպետք է արմունկներով աջ ու ձախ հրես, թե եկեղեցի, դու մի կողմ քաշվիր, ընտանեկան արժեք, կրթություն՝ դուք էլ: Հիշում եք, չէ՞, որ առաջինը հենց դրանց վրա էլ գրոհեցին:
Պետություն, դու եկել ես եւ ազգի գոյատեւման, բարգավաճման հիմնական պատասխանատուն ես: Տղա ջան, երիտասարդ ջան, որ եկել ես, պարտավոր ես իմանալ ու պայքարել այդ արժեքների համար, որովհետեւ դրանք են ազգը՝ ազգ պահել: Պետություն՝ ավտոյի տեսքով, դու իրավունք չունես այդ արժեքները մի կողմ հրես ու ասես՝ ես զրոյական կետից եմ սկսում: Դու պարտավոր ես հարգել այն արժեքները, որոնք ձեւավորել, պահել են այս ազգը: Դու պետք է խոնարհվես ընտանեկան արժեքների, ազգային կրթության ու եկեղեցու առջեւ, այլ ոչ թե ասես, թե եկել ենք, մենք ենք պետությունը ու ամեն ինչ մեզնով է սկսվում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































