«Մտահոգությանը, որ մի կուսակցություն այդքան մեծ տոկոսներ հավաքում է, միանշանակ համաձայն եմ, որովհետև դա ժողովրդավարական վիճակի մասին լավագույն ցուցանիշը չէ։ Բայց խնդիրը ոչ թե կամ ոչ այնքան ընդդիմության փոփոխության մասին է, որովհետև որևէ մեկը վարչական լծակներով չի կարող ընդդիմափոխություն կատարել, այլ հենց ՏԻՄ համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին է խոսքը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության համակարգողներից Արթուր Սաքունցը։
Առաքելությունը դիտարկումներ է իրականացրել երեկ հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում։ Առաքելության ամբողջական տեղեկանքը կհրապարակվի այսօր։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, ֆեյսբուքյան ուղիղ եթերով ՏԻՄ ընտրություններին անդրադարձել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով․ «Ես ամենևին էլ երջանիկ չեմ, որ ՔՊ-ն մի շարք համայնքներում ստացել է 90+, 80+ ձայներ, որովհետև ինչքան առաջին հայացքից հաճելի է թվում, այս տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում։ Դրանք նաև առաջ են բերում ընդդիմության հարցը ՀՀ-ում։ ՀՀ-ն պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն»։
Արթուր Սաքունցի դիտարկմամբ, երեկ Հայաստանի 19 համայնքներում կայացած ընտրություններում, միայն իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրն» է, որ ծրագիր է ներկայացրել․ «Անգամ Ստեփանավան համայնքում, որ գործող համայնքապետը ստացավ ամենաշատ ձայնը, «Գործարար» կուսակցությունը, նույնիսկ նա նախընտրական ծրագիր չի ներկայացրել։ Այսինքն, ի՞նչ է նշանակում մրցակցություն․ մրցակցությունը ոչ միայն մեկից ավելի կուսակցությունների մասնակցության մասին է խոսքը, այլ մրցակցություն ծրագրային, թե ո՞վ ի՞նչ է առաջարկում ընտրողներին, համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ։ Այսինքն՝ այստեղ քաղաքական կուսակցությունների առաջնահերթ խնդիրը ոչ թե մեր մոտ շատ չկայացած, ես այդպես եմ գնահատում, տեղական ինքնակառավարման համակարգում դիրք գրավելն է, այլ այդ համակարգի փոփոխությունը, որպեսզի իրական ռեսուրսներ ունենա տեղական ինքնակառավարումը, համայնքային կառավարումը, և այդ համայնքային ռեսուրսների, բավարար ռեսուրսների տիրապետման, որպեսզի ընտրողի մոտ էլ լինի վստահություն, որ ՏԻՄ նոր իշխանությունը ունի բավարար ռեսուրսներ՝ համայնքային նշանակության խնդիրները լուծելու։ Երբ որ ռեսուրսները չկան, մրցակցությունը դառնում է ձևական»։
Կարդացեք նաև
Այս ընտրություններում, ըստ մեր զրուցակցի, իրապես «տասովչիկության» առանձին դրսևորումներ տեսանք, բայց դրանք որևէ էական ազդեցություն չունեցան ընտրողների քվեարկության արդյունքների վրա․ «Բայց ինքնին տեղական ինքնակառավարումը պետք է։ Մեզ մոտ տեղական ինքնակառավարումը, որպես ժողովրդավարական ինստիտուտ կայացած չէ։ Սա պետք է շատ լուրջ հասկանալ։ Տեղական ինքնակառավարման մակարդակի ցուցիչը, ժողովրդավարական ինստիտուտ չի տեղական մակարդակում։ Այն երաշխավորված չէ ոչ միայն օրենսդրության, այլ նաև հնարավորությունների մակարդակում։ Այսինքն՝ ռեսուրսների առումով։ Համայնքների խոշորացումը, ցավոք, չհանգեցրեց այդ ռեսուրսների խնդրի լուծմանը։ Սրա մեջ է խնդիրը։ Այսինքն, «տասովչիկ» եւ այլն․․․ ընտրողը մեզ մոտ այլեւս ճնշման ներքո չի կարող գնալ ընտրության, ինքը կարող է լռել, բայց ճնշմամբ չի գնա քվեարկելու»։
Դիտարկմանը, որ հենց Ստեփանավանում եւ դիտորդական առաքելությունները, եւ լրագրողներն արձանագրել են ուղղորդումներով քվեարկություններ, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Ճնշումներ կային, բայց դրանց ծավալը, ուղղորդումների ծավալը զանգվածային բնույթ չեն կրել, որ էական նշանակություն ունենային արդյունքների վրա։ Կոնկրե՛տ, նորից եմ կրկնում, Ստեփանավան համայնքում, որտեղ շատ ուժեղ մրցակցային էր, և թվում էր, թե իշխանության ռեսուրսները, այդ ուղղորդումները և այլն պետք է էական նշանակություն ունենան, չունեցան։ Փաստ է դա։ Իսկ այնտեղ, որտեղ միայն ՔՊ-ն էր, ի՞նչ «տասովչիկության» մասին է խոսքը»։
Դիտարկմանն էլ, որ Ստեփանավանում, փաստորեն, իշխանական երկու ուժերն իրար հետ էին մրցակցում, քանի որ հիմնական ընդդիմադիր թեկնածուն «խաղից դուրս» վիճակում հայտնվեց ի սկզբանե՝ «ընտրակաշառքի» գործով կալանավորվելով, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Քրեական գործը, որը հարուցում է ընտրակաշառքի հիմքով, քննությունը, ցավոք սրտի, շուտ չի ավարտվում, որ իմանանք։ Բայց, իհարկե, դա ազդեցություն ունենում է։ Բայց մյուս կողմից էլ, ես որ ստացած ձայներին, ընդհանուր մթնոլորտը, նաեւ նախընտրական փուլում, նայում եմ՝ արդյոք դա ունեցե՞լ է ազդեցություն, թե՞ ոչ։ Դժվար է պատկերացնել։ Ընտրակաշառքից պետք է զերծ մնալ, վերջ, ընդհանրապես պետք է բարեվարք լինել, վարչական ռեսուրսներից պետք է զերծ մնալ։ Այսինքն՝ պետք է հարգանք ունենալ ընտրողի նկատմամբ։ Ուզում եմ նաեւ ասել, հիմա որ թե՛ ընտրակաշառքը, թե՛ վարչական ռեսուրսը էական նշանակություն չի ունեցել ընտրողի վրա։ Ընտրողը կարող է զգուշանա, որպեսզի բարձրաձայնի, բայց ինքը չի գնալու ճնշման այլևս։ Բայց մյուս կողմից էլ հետաքրքիր է Ստեփանավանի օրինակը, որ, այնուամենայնիվ, երբ որ ընտրողը տեսնում է այլընտրանք, իրական այլընտրանք, անկախ նրանից բովանդակային առումով ճանաչում է, թե չի ճանաչում, բոլոր դեպքերում այլընտրանքը կա, ընտրողը, ընտրությունը կատարում է։ Հարցն այդ է՝ տրվո՞ւմ է արդյոք ընտրողին այլընտրանք, թե՞ ոչ»։
Ստեփանավանում, հիշեցնենք, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 35.32%՝ զբաղեցնելով 2-րդ տեղը: Առաջին տեղում Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի գլխավորած ցուցակն է՝ «Գործարար» իշխանական «պրոյեկտն» է, որը ստացել է քվեների 41,38%-ը: Ի դեպ, Արմեն Գրիգորյանն ընտրություններից հետո արդեն հասցրել է շնորհակալություն և հավատարմություն հայտնել Նիկոլ Փաշինյանին: «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունը, որի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանն ընտրություններից մի քանի օր առաջ կալանավորվեց, ստացել է քվեների 19,62%-ը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































