Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՊՀ-ն հրապարակել է տարեկան հաշվետվությունը․ միջազգային բեռնափոխադրողները հակամրցակցային համաձայնության են եկել

Հունիս 06,2022 19:33

Հանձնաժողովն այսօր հրապարակել է 2021 թվականի գործունեության հաշվետվությունը։

Ըստ զեկույցի, հանձնաժողովն անցյալ հարուցել է վարույթ «Գլոբալ Շիփփինգ», «Օնէքս» ՍՊ եւ «Շիփէքս» ՓԲԸ -ի միջեւ հակամրցակցային համաձայնության կայացման զանցակազմի հնարավոր առկայության փաստերի վերաբերյալ։

Ուսումնասիրվել է 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2021 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունների կողմից մատուցված ծառայությունների գները: Հանձնաժողովը պարզել է,  «Առցանց եղանակով հասցեի տրամադրման միջոցով ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Չինաստանից, Դուբայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից եւ Իտալիայից դեպի Հայաստան ապրանքների օդային, ծովային եւ վերգետնյա եղանակներով առաքման ծառայություն» հատկորոշված ապրանքային շուկաներում սահմանված են ծառայությունների մատուցման նույն գները։ Ըստ հանձնաժողովի, «Գլոբալ Շիփփինգ»-ն ու «Օնէքս»-ը 3 տարբեր ապրանքային շուկաներում, իսկ «Շիփէքս»-ը մեկ ապրանքային շուկայում իրականացրել են ծառայության մատուցման գների միաժամանակյա բարձրացում՝ նույն օրը կամ մեկ օր տարբերությամբ։

Ընդ որում, այս  ընկերություններն իրենց որոշ ծառայության  գների բարձրացման մասին  ծանուցումներն հաճախորդներին ուղարկել են նույն օրը կամ մեկ օր տարբերությամբ։ Ըստ ՄՊՀ-ի, ընկերությունների՝ հաճախորդների հաշվի համալրման արդյունքում բոնուսային միավորների տրամադրման դադարեցման եւ այդ մասին հաճախորդներին ծանուցման ժամանակահատվածը նույնպես համընկել է։

Նշենք, որ ընկերությունների ներկայացուցիչները հանձնաժողովին ներկայացնելով  իրենց դիրքորոշումը, խնդել են, որ որեւէ կերպ շուկայում գործող փաստացի  կամ հնարավոր մրցակիցների հետ որեւէ համաձայնության չեն եկել, նաեւ պնդել են, որ  առկա չէ այդ մասին վկայող որեւէ փաստական տվյալ կամ այլ ապացույց։

Հանձնաժողովի դիտարկման տակ գտնվող այս ընկերությունները գնային փոփոխությունները պատճառաբանել են 2020 թվականից սկսված համաճարակային իրավիճակով, որն առաջացրել է լոգիստիկ բարդություններ, օրինակ՝  ձեռք բերվող մի շարք ծառայությունների սակագները, ինչպիսիք են ավիաընկերությունների եւ արտասահմանյան պահեստների մատուցած ծառայությունների արժեքները, որոնք էականորեն բարձրացել են։

Սակայն հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է, որ ընկերությունների միջեւ եղել է հորիզոնական հակամրցակցային համաձայնություն` արտահայտված անուղղակի համաձայնեցված գործողությունների եւ վարքագծի միջոցով։

Այսինքն, հանձնաժողովը հաստատել է, որ ընկերությունները թույլ են տվել հակամրցակցային համաձայնություն, այն է՝  իրականացրել են ծառայության որոշ տեսակների մատուցման միեւնույն գների սահմանում, գների միաժամանակյա փոփոխում, ինչպես նաեւ հաճախորդների հաշվի համալրման արդյունքում բոնուսային միավորների տրամադրման միաժամանակյա դադարեցում։   «Ընկերությունների կողմից միեւնույն ժամանակահատվածում համաձայնեցված գնային քաղաքականության վարումը ինքնին վկայում է օրենքի հնարավոր խախտման, մասնավորապես՝ հակամրցակցային համաձայնության դրսեւորման մասին»,-նշված է հանձնաժողովի զեկույցում։

ՄՊՀ-ն 2021 թվականին այս ընկերություններին նկատմամբ կիրառել է հանրագումարային 11, 8 մլն դրամ տուգանք՝ հակամրցակցային համաձայնության համար։

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930