Լրահոս
Օրվա լրահոսը

Երշիկեղենի վրա մակնշել են դրանում չօգտագործված բաղադրիչներ՝ տավարի, հավի միս

Հունիս 06,2022 18:09

Որոշ արտադրողներ երշիկեղենի փաթեթավորման վրա մակնշել են բաղադրիչներ, որոնք չեն օգտագործել ապրանքի բաղադրության մեջ։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երշիկեղենի շրջանառության ոլորտում անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է արձանագրել։ Հանձնաժողովն այսօր հրապարակել է 2021 թվականի գործունեության ծավալուն հաշվետվությունը։

Հանձնաժողովն իրականացրել է երշիկեղենի շրջանառության ոլորտում լայնածավալ ուսումնասիրություն, որն, ըստ ՄՊՀ-ի, միտված է բացահայտել պիտակների կամ փաթեթավորման թաղանթների մակնշումների համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, ինչպես նաեւ երշիկեղենի բաղադրությունների մեջ օգտագործված բաղադրիչների համապատասխանությունը պիտակների կամ փաթեթավորման թաղանթների վրա մակնշված բաղադրիչներին։

Հանձնաժողովի ուսումնասիրությամբ բացահայտվել են մի շարք խնդիրներ։ Օրինակ՝ երշիկեղենի մսի շրջանառության եւ արտադրված երշիկեղենի հումքի մեջ ներառված բաղադրիչների վերաբերյալ տեղեկություններում մսի ծավալների անհամապատասխանություն, մասնավորապես՝ երշիկեղենի արտադրության մեջ օգտագործված մսի ծավալները չեն համապատասխանում ըստ բաղադրիչների հաշվարկված մսի ծավալներին։

Նաեւ բացահայտվել է, որ երշիկեղենի բաղադրության մեջ օգտագործվել են փաթեթավորման վրա չմակնշված բաղադրիչներ՝ կարտոֆիլի օսլա, սոյա, կենդանական ու բուսական սպիտակուց եւ այլն։ Երշիկեղենի փաթեթավորման վրա մակնշվել են դրանց բաղադրության մեջ չօգտագործված բաղադրիչներ՝ տավարի միս, հավի միս, հայկական կոնյակ եւ այլն։ Բացի այս, հանձնաժողովը բացահայտել է, որ երշիկեղենի բաղադրության մեջ օգտագործված մսային բաղադրամասերի զանգվածային բաժինը կազմել է 5-60%, մինչդեռ նշված երշիկեղենի փաթեթավորման վրա որպես մսամթերքի խումբ մակնշվել է «մսային»։

Այս խնդիրներն, ըստ հանձնաժողովի, հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է: Արտադրողներն, ինչպես նշված է հանձնաժողովի զեկույցում, երշիկեղենի փաթեթավորումների վրա մակնշել են թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկություններ, ինչի արդյունքում սպառողների մոտ կարող է ստեղծվել թյուր տպավորություն (ապակողմնորոշում), կամ մակնշման մեջ բացակայել են տեղեկություններ, ինչը սպառողներին հնարավորություն չի տվել ամբողջական պատկերացում կազմել։

Այս ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրների բազմակողմանի վերլուծության համար հանձնաժողովը հարուցել է 12 վարույթ, որից 2-ն ընթացքի մեջ է, 10 տնտեսավարող սուբյեկտ ընդունել է իր իրավախախտումը։

Թե՝ ո՞ր ընկերություններ են անբարեխիղճ գործունեություն ծավալել, երշիկեղենում մսի քանակությունն ու այլ բաղադրիչները ճիշտ չեն մակնշել, հանձնաժողովն իր զեկույցում չի նշում, ինչպես նաեւ նշված է, թե իրավախախտում թույլ տված սուբյեկտների նկատմամբ ինչ պատասխանատվություն է կիրառվել։

Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930